close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաջ ու աննման Եպրաքսյա Միխայլովնա

Անտեսված ձայներ

27 Հունիսի 2015, 01:15
 Քաջ ու աննման Եպրաքսյա Միխայլովնա

92-ամյա Եպրաքսյա Միքայելյանը բողոքող ու տրտնջացող  ծերացող կանանցից չէ: Խնամված, աշխույժ այս  կինը ակտիվ կյանքով է ապրում, պահանջված է հատկապես դպրոցներում. նրան շատ են հրավիրում` պատերազմական հուշեր պատմելու: Ինքն իրեն պատերազմի փորձագետ է համարում. Երկրորդ աշխարհամարտում կռվել է երկու ճակատում՝ 6 տարի շարունակ: Հետո էլ  խաղաղություն չի տեսել. Բաքվի ջարդերից փրկվել, Հայաստան է հասել առանց հարազատների... Հենց սիրելի, մոտիկ մարդկանց  կարիքն է զգում տիկին Եպրաքսյան, երբ հերթական ցերեկույթից վերադառնում է տուն. «Ոչ ոք  չունեմ, անտեր եմ... Սիրտս էնպես ա ուզում, որ քուրս մտնի մղակովս, եղբայրս մտնի, նրանց երեխաները մտնեն, որ գրկեմ, համբուրեմ, խոսեմ... Չկա, ոչ ոք չունեմ» :

Եպրաքսյա Միքայելյանը  Արցախի Սզնեք գյուղում է ծնվել: Դժվարությունները մանկուց են սկսվել: « Պապաս սվյաշչեննիկ էր (հոգևորական), Սիրիա ա վերջացրել: 32 թվին իրեն կուլակ են հաշվել ու պիտի ուղարկեին Սիբիր»,- պատմում է նա: Տիկին Եպրաքսյան չի մոռանում իր ու եղբոր լացը, երբ դպրոց հաճախելն էլ էր իրենց համար երազի պես մի բան, մինչև որ հայրն ասել է՝ լաց չլինեք, գնալու ենք Բաքու: Ո՞վ էր ենթադրում, որ Բաքուն էլ է լաց բերելու այս ընտանիքին:

Նրանք Ադրբեջան են մեկնել  Բաքվի քաղկոմի առաջին քարտուղար Ջաֆար Բաղիրովի հովանավորությամբ... Ապրել են Արմենիքենդ թաղամասում:  Տիկին Եպրաքսյայի հայրը՝ տեր Միքայելը, հարգված հոգևորական էր Բաքվի հայոց թեմում:  Փորձեց միջնորդել, որ աղջկան՝ Եպրաքսյային, պատերազմ չտանեն. 3 որդիներն արդեն ռազմի դաշտ էին մեկնել: Խնդրանքը մերժվեց,  ու  երիտասարդ Եպրաքսյան բժշկականի առաջին կուրսից «ֆրոնտ» գնաց:  74 տարի անց էլ տիկին Եպրաքսյան պատերազմի դժվարությունները ներկայացնում է շատ վառ, յուրահատուկ արտիստականությամբ. «Մենք ամիսներով լողացալ չենք, ջաններնիս քոր ա կյամ, պիլոտկան վերցնում էինք,  ջուր լցնում` կեղտոտ, սաղ չերվ ա»:    

Ողջ-առողջ վերադարձել է, բայց պատերազմի սև շունչը նրա կյանքից այդպես էլ չի հեռացել: Ամուսինն էլ էր կռվել, գերեվարվել, ապա Բաքու վերադառնալուց հետո հռչակվել «դավաճան» ու դատապարտվել: Տիկին Եպրաքսյան պատմում է, որ այդ շրջանում տագնապները, վախերը անընդհատ ուղեկցում էին իրեն. «Ինձ սլեդիտ են ըրալ, բայց մալադեց մեր մինիստրը, ասաց՝ մի’ վախեցի»: «Մեր մինիստրը» Ադրբեջանի ներքին գործերի այդ ժամանակվա նախարարն էր, որի ազգանունը տիկին Եպրաքսյան այդպես էլ չհիշեց:  Շատ մտերիմ է եղել նրա հայուհի կնոջ հետ: Եպրաքսյա Միխայլովնան նույն նախարարությունում էր աշխատում  և ապրում «ԷՄ ՎԵ Դե-ի տներում»: «Էնպիսի տեղ էր, կակ բուդտո էսա  ծովից ջուր պիտի վերցնես»,- իր անցյալի  շքեղությունն է ներկայացնում ՝ հատուկ կանգ առնելով ոսկյա դրվագների վրա. «Ես սաղ բռլյանտի մեջ էի, է՜ , մի ցեպը` կես կիլո»:

Մինչև հայ-ադրբեջանական լարվածությունը՝ տիկին Եպրաքսյան բանտից դիմավորել էր ամուսնուն, մեկ աղջիկ ունեցել,  ճոխ տուն-տեղ դրել,  ի դեպ` ադրբեջանցիների հաշվին: «Գնահատել գիտեն»,- ասում է տիկին Եպրաքսյան` հիշելով ադրբեջանցիներից ստացած «բռլյանտի կոմպլեկտները»:  Միան թե հիմա ամեն ինչ մոռացվել  է. «Հիմիկ մեր թշնամին ո՞վ ա` ադրբեջանցին»,- հարցնում և անցյալից դանդաղ վերադառնում է մեր օրերը:

Տիկին Եպրաքսյայի ամուսինը Բաքվի ջարդերի զոհ դարձավ, քույրը՝ Էմման, նույն հունվարյան օրերին անհետացավ... Ադրբեջանցիների սիրելի Եպրաքսյա Միխայլովնան իր տուն ներխուժած ջարդարարներին հրաշալի ադրբեջաներենով էլ չկարողացել համոզել, թե հայ չէ. « Մի օղռաշ բացեց դակումենտներս, տեսավ` Եպրաքսյա Միքայելյան, հայ»:  Մնացածը նույն արտիստականությամբ է պատմում ՝ իրեն տնից դուրս շպրտեցին մի խալաթով, այդպես տկլոր էլ Հայաստան է հասել, աղջկան գտել օրեր անց ...

Տիկին Եպրաքսյայի աղջիկը, թոռը, ծոռները հիմա Ռուսաստանում են, երբ նրանց այցելում է, ադրբեջանցիների է հանդիպում, զրուցում են իրար գտած  բարեկամների պես. «Ոնց քույր ու եղբայր եղել ենք, տենց էլ կանք, բայց վերխուշկան... »:  Նրա թշնամին հենց այդ «վերխուշկան» է, ոչ թե ծոռան հետ խաղացող ադրբեջանցի փոքրիկը: Տիկին Եպրաքսյան  վերևներին է մեղադրում չավարտվող պատերազմի համար. «Մեր ջահելությանը կտորըմ ա գրանիցըմը, ինչի՞, մեղք են մեր երեխեքը»: 

Պատերազմի ու ջարդերի միջով անցած տիկին Եպրաքսյան հուսահատվողներից չէ. 92 տարին էլ չի խանգարի, որ սահման գնա` առաջին գիծ, եթե պետք լինի: «Կգնամ, բայց, փառք Աստծո, իմ կարիքը դեռ չկա»,- ասում է տիկին Եպրաքսյան ու անցնում ամենօրյա հոգսերին` պատուհանագոգի ծաղիկներից մեկն իրեն լավ չի զգում, շտապ օգնություն է պետք: «Աչք ա, աչք, սաղ ճլորել ա»,- արձանագրում է Եպրաքսյա Միքայելյանն ու անցնում իր մենության միակ ընկերների՝ ծաղիկների փրկության գործին:

 

Կ.Հարությունյան 

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica