close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանն է խոսում. Ս.Ղարաբաղցյան

Թուղթուգիր

24 Հունիսի 2015, 18:47
 Երևանն է խոսում. Ս.Ղարաբաղցյան

 

….Աշնանամուտի տաք, արեւոտ օր էր: Շաբաթ կար, երեւի, որ Վազգենին չէի տեսել, ու որոշեցի այցելել նրան, հաստատ իմանալով, որ պիտի հանդիմանի, անկեղծ-նեղսրտած ասի.

«Է՞... ո՞ւր ես…շաբաթն անցավ, երեսդ չտեսանք…»

…Իմ հետեւից փեսան` Հարութը ներս մտավ: Վազգենը նախ Հարութին դիմեց.

- Վերարկուն բերի՞ր:

-Այո, հայրի՛կ, օթոյի մեջ է…

-Բե՛ր,-կտրուկ ասաց Վազգենն ու ինձ ձեռն առավ.

-Է՞... ո՞ւր ես... քանի օր է՝ երեսդ չտեսանք…

Ժպիտս զինաթափ արեց նրան: Հարութը վերարկուն բերեց, գցեց աթոռի թիկնոցին.

-Տիրանի համար է,- ասաց Վազգենը,- գիշերը հետս օդակայան պիտի տանեմ:

-Վերարկո՞ւ պիտի հագնի,- զարմացած հարցրի:

-Լիբանանցու համար մեր օդը պաղ է. չմրսի ասելով` վերարկուն առի…

….Վազգենն արդեն յոթանասունհինգի դուռն էր բախում, Տիրանը՝ ութսունի: Այդ տարիքում ընկեր ձեռք բերելը դժվար է, նույնիսկ՝ անհնար… Այդ տարիքում կորցնելու պաղ զգացումն է սողոսկում ներս, ու որքան էլ ուզես, չես կարող վանել… Գուցե դրանի՞ց էր Վազգենի չափից դուրս նրբանկատությունը, մտահոգությունը, գուրգուրանքը ընկերոջ` Տիրանի նկատմամբ…

-Առողջարան` Ջերմուկ պիտի ղրկեմ, թող երթա, հանգստանա, կազդուրվի,- հետո ափսոսալով շարունակեց,- է~հ, Տիրա~ն, Տիրա~ն…

Վազգենի ափսոսանքի մեջ տարիների, չօգտագործված հնարավորությունների կորուստը կար: Նրա հախուռն ու պահի տակ որոշումներ ընդունելու կարողությունն իմանալով՝ հասկացա, որ Տիրանը ճիշտ եւ ճիշտ Վազգենի հակառակն է` մե~ղմ, հանդարա~րտ…Այդպես էլ կար…

-Է~հ, Տիրա~ն, Տիրան, քանի անգամ ըսի, Բեյրութի խանութները ծախենք, դրամագլուխը գործի դնենք… «Քիչ մը համբերե»,- ըսավ: Խոսքեն չելա, համբերեցի: Հետո էլ լուր ղրկեց, թե գնորդ է եկել, բայց գինը հարմար չէ մեզի…Հոգ չէ, տուր, վաճառե` մաքրվենք ըսի… Կրկին` համբերե ըսավ: ճարս ի՞նչ, ընկերս է, համբերեցի…
Հետո Լիբանանի պատերազմը պայթավ…Կես գնով էլ խանութը առնող չեղավ: Ես Հայաստան եկա: Տիրանին էլ ըսի` եկ գործ մը բանանք…Կրկին` համբերե ըսավ…

Նույն Տիրանն է, բան մը չէ փոխված…Որոշումներու մեջ քիչ մը ծանր է,- անդժգոհ ասաց Վազգենն ու տեսնելով, որ հայացքս գրասեղանին բացված գրքին եմ հառել, զրույցը փոխեց.

-«Անլռելի Զանգագատունն» է, հեղինակի ընծայագրով:

-Պարույր Սեւակի՞,-զարմացա:

-Չե՞ս հավատար, նայե՛…

Տիտղոսաթերթին, իրոք, Սեւակի ձեռագիրն էր…

-Տիրանի շնորհիվ այս գանձը ունեցա,- երեխայի ջինջ հպարտությամբ ասաց Վազգենն ու հիշողությամբ կես դար հետ գնաց` պատմելու այս պատմությունը.

- Ղամիշլի կապրեինք…Ամեն գիշեր, ռադիոյի քով խմբված՝ անհամբեր կսպասեինք Հայաստանեն եկող հաղորդավարի անուշ ձայնին` «Երեւանն է խոսում»… ..Խունկի հոտ կուգար ձայնեն, կփշաքաղվեինք, կարծես՝ մեկը, քեզ իր ծնկանն առած, հեքիաթ կպատմեր… Ու երբ կավարտվեր հեքիաթը, անհամբեր հաջորդ գիշերվան կսպասեինք…

…Այդ օրը «Երեւանն է խոսումը» ավետեց, որ Պարույր Սեւակի «Անլռելի Զանգագատունն» է հրատարակվել:

Հետո քանի մը հատված կին մը ասմունքեց…Ափսո~ս, անունը չեմ հիշեր…Հուզումե՞ն էր, կարոտե՞ն, ոգեկոչումե՞ն, չեմ գիտեր, քունս փախավ… Անհամբեր կսպասեի օրը լուսանալուն, որ խանութ երթայի…

….Առավոտ կանուխ, Ղամիշլին դեռ քնած էր, մարդ-մարդասանք չկար: Խանութ եկա, սուրճս իմ ձեռքով պատրաստեցի…Հանկարծ քայլերի ձայն առա, զարմացա` ինձմե շուտ արթնցո՞ղ էլ կա… Դուրս նայեցի` Պողոսն էր…Նկատելով` խանութս բաց է, շիտակ քովս եկավ.

-Խե՞ր է,- հարցուց:

-Խեր է, խե՜ր…Դուն ինչո՞ւ կանուխ արթնցել ես, Պողոս, Հալե՞պ պիտի երթաս..

-Չէ~,  ախպարս,  Բեյրութ պիտի իջնեմ, չլմնցած գործեր ունեմ…

Պողոսի գործը մանր-մունր առեւտուր էր: Հայաստանեն ալ գրքեր, հուշանվերներ կբերեր, խանութներուն կբաժներ…. Մտածեցի` Աստված Պողոսին ճիշտ ժամանակին ղրկած է.

-Լսեցի՞ր, իմացա՞ր, Պողոս, Պարույր Սեւակի «Անլռելի Զանգակատունն» է հրատարակվել, կրնա՞ս ինձի մեկ օրինակ ապահովել:

-Հայաստանեն բերել կուտամ,- ինքնավստահ ասաց Պողոսն ու ավելացրեց,- բայց սուղի կնայե…

- Որքա՞ն,-հարցրի

- Հիսուն սուրիական,- նշեց Պողոսը…

- Այն օրերին մեկ գրամ ոսկին հինգ սուրիական արժեր…

- Բե՛ր, ես հարյուր կվճարեմ:

Պողոսի աչքերը փայլեցին.

- Կիսով չափ կանխավճար կտա՞ս…

- Իհարկե,- հաշվեցի ու քսանհինգ սուրիական տվի:

Պողոսը համրեց դրամն ու դժգոհ նայեց աչքերուս մեջ:

- Հարյուրի կեսը հիսուն կընե, ախպարս:

- Հիսուն չըսի՞ր:

- Ես հիսուն ըսի, դուն ալ` հարյուր…

Ի՞նչ արած, բերնիցս ելած խոսքի գերին դարձա… Տվի Պողոսի ուզածը ու մնացածն էլ բերելեն ետքը պիտի վճարեի… Է~ն բերելն է,- ներողամիտ ժպիտով ասաց Վազգենն ու կես դար անց ներեց Պողոսին:

- Ասոր պատմությունն ուրիշ է, նկատի ուներ Սեւակյան մակագրությամբ «Անլռելի Զանգակատունը»: 1963 թվականի գարունն էր: Տիրանը եկավ խանութ ու հայտնեց, որ մի քանի օրից Հայաստան է մեկնում` ճամփորդության:

- Ինչ ապսպրանք, ցանկություն ունես,- հարցրեց:

- Փափագ ունիմ, Տիրան, հանդիպել Պարույր Սեւակին, թոթվել ձեռքն ու համբուրել  ճակատը , Կըրնա՞ս իմ փոխարեն կատարել իղձս…

-Անպայման, իմ ալ փափագս է,- խոստովանեց Տիրանը:

… Բեյրութից ժամանակին «Պարկեր» ոսկեծայր գրիչ էի ապսպրել, պահում էի հենց այդ օրվա համար: Ղամիշլիում Վարդգես Տոնապետյանի «Սատար» գրատունը կար, փորագրիչ վարպետը` Սեպուհը հոն կնստեր: Տարինք գրիչը անվանագրելու` «Պարույր Սեւակին. Ղամիշլի 1963թ, մարտ»:

- Նվիրատուի անունը չփորե՞մ,-հարցուց Սեպուհը:

- Պետք չէ,- ըսի ու Տիրանին ապսպրեցի,- երբ հանձնես գրիչը` խնդրիր, թող իր ձեռքով «Անլռելի Զանգակատունը» մակագրե…

Փորագրիչ Սեպուհը ձեռավարձ չառավ` «ես ալ իմ բաժին հարգանքս ընեմ Սեւակին..»

-Տիրանի մեկնելուց հետո, -շարունակեց Վազգենը,- օրեր էի հաշվում, թե երբ է վերադառնալու: Մեկշաբաթյա այցի վերջին օրը Տիրանը շատ պատահական Էջմիածնի Մայր տաճարում հանդիպում է Սեւակին ու գրիչը փոխանցում նրան… Պարույրը երեխայի պես շփոթվել է ու հետո հարցրել. «Բա ես ի՞նչ նվիրեմ Վազգենին»:

-«Անլռելին»` Ձեր մակագրությամբ,- ասել է Տիրանը:

Սեւակը մի պահ լռել է, հետո ելքը գտածի պես՝ Տիրանին ասել. «Գնանք»:

Գնում են ուղիղ Էջմիածնի քաղաքայի գրադարան: Որպես ընթերցող` Սեւակը պատվիրում է ու վերցնում է «Անլռելի Զանգակատունը», դնում վերարկուի տակ ու դուրս գալիս…Առաջին տողը իր գրչով է մակագրում, հետո` ասում. «Մնացածը Վազգենի նվիրած գրչով շարունակեմ…»:

Անծանոթ, բայց սիրելի Վազգենին` իր իսկ նվիրած գրչով,

Շնորհակալությամբ

 եւ

Խոստումով նաեւ, որ այդ գրիչը պիտի ծառայեցնեմ

Մեր բոլորիս համար միակ ու սրբազան գործի:

Իրեն երբեւէ տեսնելու անկեղծ ցանկությամբ`

Պ. Սեւակ

18.III. 1963թ. Երեան

 

Սպարտակ Ղարաբաղցյան

Հունիս 2015, Երեւան

 

 

 

 

 
Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica