close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեւանը կունենա «Սպիտակ տուն»

Հասարակություն

22 Հունիսի 2015, 11:28
 Երեւանը կունենա «Սպիտակ տուն»
Մայրաքաղաքի Վ.Սարգսյան 3 հասցեում ավարտին է մոտենում կառավարական վարչական շենքերի համալիրի շինարարությունը, որի մեկնարկը տրվել է դեռևս 2013-ին: Ընդամենը մի քանի ամիս հետո՝ այս տարվա աշնանը, այն լիովին պատրաստ կլինի շահագործման հանձնելու համար: 
   
Համալիրի կառուցումը երկրի նախագահի նախաձեռնությունն է, որն էլ նախագծային տեսքով կյանքի է կոչել ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Ուստի պատահական չէ, որ կառույցի շինարարությունն ընթանում է նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողությամբ: Նա ժամանակ առ ժամանակ այցելում է շինհրապարակ եւ հետաքրքրվում շինարարության ընթացքով:
  
Կառավարական վարչական շենքերի համալիրում ընդգրկված մասնաշենքերը նախատեսված են արտաքին գործերի եւ մի շարք այլ նախարարությունների համար: Շենքերի ընդհանուր շինարարական մակերեսը մոտ 30 հազար քառ. մ է, համալիրի առաջին գծի վրա կառուցված շենքերի հարկայնությունը մինչեւ 6 հարկ է, հետեւի գծում՝ մինչեւ 9 հարկ:
  
Համալիրն ունի աշտարակաձեւ ծավալ ու մեկ ստորգետնյա ավտոկայանատեղի՝ մոտ 100 մեքենայի համար: Շինությունների կառուցման համար կիրառվել է բազալտ եւ տրավերտին, որոնք էլ ապահովել են կառույցի շքեղ ճերմակ գույնը: Ի դեպ, համալիրի ճակատային մասի համար հանքաքարը բերվել է Ստեփանակերտից:
  
Արտաքին տեսքից ամբողջական շինությունը գերող է, իսկ ծավալային լուծումները դրան ազդեցիկ տեսք են տալիս: Բայց շենքի առավելությունը միայն դա չէ. կառուցված լինելով ճարտարապետական ժամանակակից չափորոշիչներով՝ դրանում մեկտեղվել են հարմարավետությունն ու ֆունկցիոնալությունը, նախարարություններին տրամադրված տարածքները ընդարձակ են եւ լուսավոր, ինչը պակասում է ներկայիս որոշ նախարարությունների, մասնավորապես ԱԳՆ-ի շենքում: 
 
Համալիրի այդ առավելությունների եւ արժեքի մասին դրական են արտահայտվում նաեւ մեր ճարտարապետներն ու ոլորտին առնչվող մասնագետները:    Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ կարծում է, որ կառավարական շենքերի նոր համալիրը անհրաժեշտություն էր քաղաքի համար եւ լավ է, որ կառուցվեց: Ըստ ճարտարապետի՝ այն հարմարավետ ճարտարապետական նախագիծ է նախարարությունների գործունեությունն ըստ պատշաճի եւ արդիական պայմաններում իրականացնելու համար:
 
«Որպես նոր շինություն՝ հաշվի են առնված բոլոր այն պայմանները, որոնք ժամանակի պահանջն են եւ, օրինակ, նախատեսված չէին հին շենքերում: Կարծում եմ՝ այդ նոր համալիրում նախարարությունների աշխատակիցների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծված կլինեն՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով»,- ասաց նա: 
  
Խոսելով նոր շինության պատմաճարտարապետական արժեքի մասին՝ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ նոր կառուցված շենքերը դեռ պետք է ապրոբացիայի որոշ շրջան անցնեն, եւ միայն երկար ժամանակահատված հետո կգնահատվի տվյալ շենքի արժեքն ու դերը: «Անգամ լավագույն ռեյտինգ ունեցող շենքը ժամանակահատված է պահանջում, որ ճիշտ գնահատական ստանա հասարակության ու մասնագետների կողմից եւ ընդգրկվի կամ չընդգրկվի պատմաճարտարապետական արժեք ունեցող շինությունների շարքում: Նոր համալիրը ճարտարապետական նոր մոտեցումներով ու չափորոշիչներով է կառուցված, եւ որպեսզի այն կարողանանք ընկալել հին Երեւանի ֆոնին, այդ ժամանակն առավել եւս հարկավոր է մեզ»,- նշեց ճարտարապետը: 
  
Այդուհանդերձ, նա համարում է, որ նախարարությունների նոր համալիրը յուրօրինակ գույն է ավելացնում քաղաքին՝ ներդաշնակվելով Երեւանի ընդհանուր դիմագծի հետ, նաեւ ընդգծելով Շահումյանի հրապարակի կարեւորությունը, դրան հանդիսավորություն հաղորդելով:
  
«Միայն թե շինությունն ավելի ամբողջական ու գեղեցիկ տեսք կունենար, եթե Շահումյանի հրապարակի հարակից կիսակառույց ու կիսաքանդ շինությունները վերակառուցվեին ու շահագործման հանձնվեին: Մասնավորապես` Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով արված «Սեւան» հյուրանոցի յուրատեսակ շենքը, որ անմիջապես գտնվում է նախարարությունների նոր շենքի հարեւանությամբ եւ մոտ 15 տարի կիսաքանդ վիճակում է, շտապ վերականգնման կարիք է զգում: 
  
Այլապես կիսավեր շինությունների ու կիսատ-պռատ շինհրապարակի տարածքում նոր շենքը կորցնում է իր հմայքը, դառնում լոկալ ու աննկատ կառույց: Բայց չէ՞ որ քաղաքաշինությունը լոկալ շինությունների ամբողջություն չէ, այն համապատասխան միջավայր ու կառույցների ներդաշնակ համադրություն է նախատեսում, ինչը տվյալ պարագայում դեռ չկա: Հույս ունենանք, որ կառավարությունը կկարեւորի այս խնդիրը եւ շուտափույթ հյուրանոցի շենքը կկառուցվի՝ յուրօրինակ կոլորիտ ապահովելով այդ տարածքի համար»,- ասաց Մկրտիչ Մինասյանը:

Դիզայներ ԺԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ համարում է, որ նախարարությունների նորակառույց շինությունը նոր երանգ է տվել Երեւանի Շահումյանի հրապարակի հատվածին, թարմություն հաղորդել: «Ժամանակակից լուծումների եւ ավանդական ճարտարապետական արժեքների ներդաշնակ համադրումով նախագծող ճարտարապետը կարողացել է նոր խոսք ասել Երեւանի համար, գունագեղություն ավելացնել Երեւանի դիմագծին: Կարծեմ, սա մեր օրերում կառուցված առաջին մեծածավալ վարչական շինությունն է: Նման նախաձեռնություն դեռ չի եղել, եւ այդ առումով նույնպես այս շինությունը ակնառու է: Կարծում եմ, որ կառավարական շենքերի նոր համալիրը ժամանակի ընթացքում այն արժեքը ձեռք կբերի, ինչն այսօր ունեն ներկայիս նախարարությունների շենքերը»,- ասաց նա:
 
Ճարտարապետ ԱԼԲԵՐ ԱՃԵՄՅԱՆԻ կարծիքով՝ Նարեկ Սարգսյանի նախագծած շինությունն իր յուրահատուկ կշիռն ունի երեւանյան շինությունների մեջ եւ իր արտահայտչական միջոցներով համահունչ է գործառական նպատակին, ներդաշնակ ընտրված վայրին. «Դատելով շենքի արտաքին տեսքից՝ կարող եմ ասել, որ նախագիծն արտահայտչաձեւերով լիովին բավարարում է պետական շինություններին ներկայացվող պահանջներին եւ ճարտարապետական չափորոշիչներին»: 

Ալբեր Աճեմյանը եւս հաստատում է այն միտքը, որ շինության շրջակա միջավայրը պետք է համահունչ դարձվի արդեն կառուցված համալիրին՝ վերակառուցվելով, վերափոխվելով ու ամբողջացնելով Շահումյանի հրապարակը. «Կարծում եմ, որ ճարտարապետական հմուտ աչքը կկարողանա ներդաշնակեցնել առկա եւ նոր կառուցվող ու կառուցված շենքերի ու կառույցների տեսքը, այնպես որ երեւանյան դիմագիծը չաղավաղվի ու քաղաքի այդ հատվածը միայն առանձին շինությունների հավաքածուի չվերածվի»: 
 
Ճարտարապետ ՀՐԱՉ ՊՈՂՈՍՅԱՆԸ գոհ է համալիրի կառույցից, ասում է, որ դրանում ընդգրկված շինությունները ճարտարապետական առումով բավական հաջողված են, ակնառու եւ յուրօրինակ. «Դրանք վարչական շենքի ճարտարապետությանը ներկայացվող ժամանակակից պահանջներով եւ մեր ավանդական ճարտարապետությանը հարազատ լուծումներով են նախագծած ու համալիրին քաղաքային ծավալ են հաղորդում՝ հրաշալիորեն ներգծվելով փողոցի համակարգի մեջ: Ես շատ եմ հավանում ինչպես առանձին շինությունները, այնպես էլ համալիրի ամբողջական տեսքը»: 
 
Հրաչ Պողոսյանը եւս կարեւորում է համալիրի ընդհանուր ճարտարապետական միջավայրը, որը դեռեւս անորոշ վիճակում է, քանի որ դիմացի փողոցում «Ամերիաբանկի» նոր շենքն է կառուցվում, իսկ կառավարական շենքերի համալիրի հարեւանությամբ գտնվող նախկին «Սեւան» հյուրանոցի շենքի նախագիծն անգամ գոյություն չունի, ու հայտնի չէ, թե այն կառուցվելու դեպքում ինչպիսին կլինի: «Շատ կարեւոր է, որ այդ շինությունների նախագծերը թե՛ հարկայնությամբ ու ծավալներով, թե՛ ճարտարապետական ոճերով համահունչ լինեն այդ նոր շենքին: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերջնական գնահատական տալ քաղաքաշինական այս նախաձեռնությանը»,- ասաց ճարտարապետը:

 

 

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Կառավարության նիստը` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 12:08 HES_VIDEOԿառավարության նիստը` ուղիղ
Բյուջեի նախագիծն ընդունվեց
22 Նոյեմբերի 2018, 11:43 Բյուջեի նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովի նիստն` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 11:01 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica