close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2017
+30°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2017
USD1478.23
GBP1647.91
EUR1574.40
RUB18.26
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոնդոնի բազմազանությունը` Մարկ Գրիգորյանի լուսանկարներում

Մշակույթ

30 Մայիսի 2015, 14:57
 Լոնդոնի բազմազանությունը` Մարկ Գրիգորյանի լուսանկարներում

Երբ նոր երկիր ենք գնում` սկսում ենք լուսանկարել կամ լուսանկարվել քաղաքի տեսարժան վայրերում` հուշարձանների, թանգարանների ու, առհասարակ, այն ամենի մոտ, ինչը հետաքրքիր է թվում:


Լրագրող Մարկ Գրիգորյանն էլ, 11 տարի ապրելով Լոնդոնում, նկարել է Լոնդոնի բազմազանությունը: Հարյուրավոր նկարներից միայն 4 տասնյակը դժվարությամբ ընտրելով' Գրիգորյանը որոշել էր ցուցադրել դրանք: Երեկ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում «Լոնդոնի բազմազանությունը Մարկ Գրիգորյանի աչքերով» խորագրով ցուցահանդեսի բացումն էր:


Մարկ Գրիգորյանը նշում է, որ յուրաքանչյուր քաղաք բազմաշերտ է. քաղաքը ճանաչելու համար պետք է գնալ թանգարաններ, պատկերասրահներ, պատմական վայրեր, բայց բազմաշերտությունը հասկանալու համար պետք է գնալ վայրեր, որտեղ տուրիստները չեն գնում: Այդ վայրը Գրիգորյանի համար քաղաքի շուկան է: «Շուկան ինձ համար քաղաքը բացահայտելու հիանալի միջոց է, ոչ միայն այն պատճառով, որ շուկան քեզ տալիս է քաղաքի գունագեղությունն ու մարդկանց բազմազանությունը, այլ որովհետև մարդիկ այնտեղ շփման ծարավ են: Շուկայում ամբողջ օրը միայն ապրանքից են խոսում, իսկ երբ գնում ու սկսում ես տնավարի խոսել վաճառողների հետ' իրենք բացվում են, ազատվում կաշկանդվածությունից, ու դու սկսում ես զգալ և՛ մարդկանց, և՛ քաղաքի շունչը»,- ասում է նա:


Գրիգորյանի հավաստմամբ' լուսանկարները չէին լինի, եթե չլիներ իր շատ մտերիմ ընկեր, լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը: «Ես ու Ռուբենը միասին էինք աշխատում. Ռուբենը սկսեց գրել, ես' լուսանկարել: Ուզում եմ' ցուցահանդեսն ընկալվի նաև որպես իմ խոնարհ շնորհակալությունը Ռուբեն Մանգասարյանին»,- ասաց նա:

Բազմաժանր նկարները Գրիգորյանն արել է իր տնից, փողոցում, տարբեր հանդիպումների ժամանակ, դաջվածքների ցուցահանդեսում…
Յուրաքանչյուր լուսանկար ունի պատմություն, նկարներից յուրաքանչյուրի հետևում մի ամբողջ սյուժե կա: Գրիգորյանը հիշում է, թե ինչպես է մեկ կադր նկարելու համար հորդառատ անձրևի տակ 20 րոպե սպասել, որ ինչ-որ մեկն անցնի շինհրապարակներից մեկով, որի վրա նկարված էր Էյնշտեյնը /ձեռքին Love is the answer գրությամբ վահանակ/:

Գրիգորյանն ասում է, որ երջանիկ է Հայաստան վերադառնալու համար, բայց կուզենար նաև ինչ-որ բաներ Լոնդոնից իր հետ Երևան բերել. «Լոնդոնը մարդկային մասշտաբ ունի, դու զգում ես, որ այս քաղաքում ամեն ինչ մարդու համար է արվում: Կուզեի, որ մեզ մոտ էլ այդպես լիներ: Բացի այդ` այնտեղ մարդիկ շատ բարի են, և երբ քո հանդեպ նման վերաբերմունք ես զգում, դու ինքդ էլ ես բարիանում»:


«Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանն էլ նշեց, որ Լոնդոնում չի եղել, բայց, նայելով նկարները, ցանկություն է առաջանում գնալ Լոնդոն: Ավելին` տիկին Զարուհին ասում է' նկարների շնորհիվ հարազատության զգացողություն է առաջացել քաղաքի հանդեպ: «Շատ տարբեր Լոնդոն տեսա, այն, ինչ չէի տեսել մինչև այդ այլ նկարներում: Ճիշտ են ասում' դրսի աչքը միշտ ավելի սուր է լինում, և օտար տեղում մենք միշտ նկատում ենք այն, ինչ այդտեղ ապրողը չի նկատում»,- ասում է նա:

Տիկին Զարուհուն ամենից շատ դուր են եկել բնանկարները, քանի որ ինքն էլ գեղանկարիչ է և լուսանկարներին նայում է այլ հայացքով: «Նկարները շատ խոսուն են, պետք էլ չի' Մարկը պատմի, թե յուրաքանչյուր նկարի հետևում ինչ պատմություն կա»:

Ի դեպ, տիկին Զարուհին եթե Մարկին ներկայացնելու լիներ լուսանկարների միջոցով, ասում է, որ պատկերասրահի տարածքը չէր բավականացնի. այստեղ մեկ գաղտնիք կա' տիկին Զարուհին Մարկ Գրիգորյանի զարմուհին է, և նրան մանկությունից է ճանաչում:


Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 8-ը:

Կենտրոնում ջուր չի լինի
20 Սեպտեմբերի 2017, 17:48 Կենտրոնում ջուր չի լինի
Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
20 Սեպտեմբերի 2017, 17:08 Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
Արտահոսք գազի բալոնից
20 Սեպտեմբերի 2017, 14:16 Արտահոսք գազի բալոնից

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica