close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2017
+30°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2017
USD1478.23
GBP1647.91
EUR1574.40
RUB18.26
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սոցիալական պայթյունի սպասելիս. որտե՞ղ են քաղաքական ուժերը

Թեմա

29 Մայիսի 2015, 18:16
 Սոցիալական պայթյունի սպասելիս. որտե՞ղ են քաղաքական ուժերը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր հայտարարել է, թե էլեկտրաէներգիայի թանկացման հարցի քաղաքականացումը կտանի փակուղի, այդ պատճառով անհրաժեշտ է տալ մասնագիտական լուծումներ: Մելքումյանը չի պարզաբանել, թե ինչ է հասկանում «հարցի քաղաքականացում» ասելով, կամ ինչո՞ւ պետք է էլեկտրաէներգիայի թանկացման քաղաքականացումը խնդիրը տանի փակուղի:

 

Ցանկանում են պատգամավորները, թե` ոչ, հիմա արդեն հարցն ամբողջությամբ քաղաքական է: Նախ՝ ընդամենը երկու տարվա ընթացքում էլեկտրաէներգիան թանկանում է մոտ քառասուն տոկոսով: Երբ չի բերվում դրա համար որևէ լուրջ տնտեսագիտական հիմնավորում, ակնհայտ է դառնում, որ հարցը զուտ մասնագիտական չէ և կապված չէ ՀԷՑ-ի` միայն անարդյունավետ կառավարման հետ: Եթե խնդիրը դա լիներ, ապա ոչինչ ու որևէ մեկը չէր խանգարում ցանցերի սեփականատեր ռուսական ընկերությանը գնալ ծախսերի օպտիմալացման և նպատակային ներդրումներով կորուստների նվազեցման: Եթե դա չի անում, նշանակում է խնդիրը չցանկանալն է, հեշտ ճանապարհով շահույթ ապահովելը: Իսկ դա ակնհայտորեն քաղաքական խնդիր է, որովհետև հեշտ ճանապարհով գերշահույթներ ապահովելը և, դրանով հանդերձ, համակարգը կրախի մատնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ գործողությամբ, թե անգործությամբ պետական վերահսկող մարմինն է դա թույլ տալիս՝ ուղղակի, թե անուղղակի դառնալով ներքին թալանի, ճգնաժամի և անհիմն թանկացումների պատճառն ու հանցակիցը: Վերահսկողական գործառույթով օժտված այդ մարմիններին պատասխանատվության կանչելու կամք ցուցաբերելու խնդիրը մասնագիտական չէ, այլ հստակ քաղաքական:

 

Երկրորդ՝ ՀԷՑ-ը նման ճգնաժամում հայտնվել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ռուսական ընկերության իրականացրած կառավարման արդյունքում: Երբ պետական մարմինները, տվյալ դեպքում` ՀԾԿՀ-ն, առաջնորդվում են այդ ընկերության ներկայացրած սակագինը ցանկացած հիմնավորմամբ բարձրացնելու տրամաբանությամբ, նշանակում է` խնդրի հիմնական պատճառը ռուսական ընկերության շահերը ցանկացած գնով պահելու տրամադրվածությունն է: Այսինքն` պատճառն այն է, որ պետությունն իրեն անզոր է համարում ոչ միայն ստրատեգիական այդ ոլորտում իրականացրած յուրացումների, ստացված գերշահույթների համար ռուսական այդ ընկերության «ականջները քաշելու» հարցում, այլև ՀԷՑ-ն այդ ընկերությունից խլելու կամ գոնե, նվազագույն դեպքում, այնտեղ բաժնետեր դառնալու ու ներքին վերահսկողություն իրականացնելու իրավունք ձեռք բերելու: Եվ որքանով հարցը սկսում է առնչվել հայ-ռուսական «ստրատեգիական» (հասկանալ` վասալային) հարաբերություններին, այն ձեռք է բերում քաղաքական պաստառ:

 

Եվ վերջապես երրորդ՝ քանի տոկոսով էլ էլեկտրաէներգիան թանկանա, այն հարվածելու է սոցիալական բոլոր խմբերի, հատկապես` խոցելի խմբերի գնողունակությանը, որովհետև շղթայական ռեակցիայով հանգեցնելու է թե' տեղական արտադրության ապրանքների և թե' ծառայությունների գնաճի: Իսկ սոցիալական ապահովության խնդիրը ցանկացած երկրում քաղաքական է: Հետևաբար, քաղաքական են ոչ միայն խնդրի պատճառները, այլև հետևանքները: Առավել ևս, երբ խնդիրը փողոց է հանել բազմահազար քաղաքացիների, և այս ձնագունդը ոչ թե ամռան արևի տակ հալչելու, այլ ակնհայտորեն մեծանալու ու հեղեղի վերածվելու միտումներ ունի:

 

Այն հանգամանքը, որ ժողովրդական ընդվզումն իրականում քաղաքական ուժերի կողմից չի առաջնորդվում, դեռևս չի նշանակում, որ այն քաղաքական չէ: Հակառակը` ներկա պայմաններում այն շատ ավելի քաղաքական է, քան առաջին հայացքից զուտ այդպիսին համարվող կեղծ օրակարգային շատ այլ հարցեր: Սա այն դեպքն է, երբ, բնույթով չլինելով քաղաքական, հանրային ինքնաբուխ պրոցեսը վերածվում է հզոր քաղաքական գործոնի: Նման նախադեպ Հայաստանում վերջին երեք տարվա ընթացքում եղել է ընդամենը երկու անգամ: Մեկը՝ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձավճարի թանկացման դեմ ինքնաբուխ պայքարն էր, որի ճնշման ներքո իշխանությունները գնացին լուրջ զիջումների՝ վերադառնալով ելման դիրքերը, երկրորդը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ սկսված արշավն էր, որը թեև մասնակիորեն, բայց տվեց կոնկրետ արդյունքներ:

 

Հետևաբար, խնդիրը տվյալ դեպքում շատ պարզ է` քաղաքական ուժերը հասարակական այդ ընդվզման հե՞տ են, նրանց շարքերո՞ւմ, թե՞ դրանից դուրս` իբրև ինքնուրույն սուբյեկտներ: Այսինքն՝ քաղաքական ուժերը այս հիմնահարցի կոնտեքստում քաղաքակա՞ն գործոններ են, թե՞ ապաքաղաքական: Այս պահի դրությամբ գոնե նրանց մեծ մասն ակնհայտորեն օտարված են քաղաքացիական շարժումից և փորձում են օգտագործել խնդրի վրա ներգործության, այսպես կոչված, փողոցից չսնվող քաղաքական-ֆորումային ձևաչափերը:

 

Տվյալ դեպքում, սակայն, նույնիսկ դժվար է ասել՝ լա՞վ է դա, թե՞ ոչ: Մի կողմից, ինչպես փորձն է ցույց տալիս, քաղաքական ուժերը նման իրավիճակներն սկսում են ծառայեցնել իրենց մասնավոր շահերին՝ ձգտելով այն վերածել սեփական քաղաքական կապիտալի: Սա ոչ թե հարցի քաղաքականացում է, այլ կուսակցականացում կամ յուրացում: Ողջ հարցն այն է, որ այդ ուժերը կուսակցականացման ձգտումները փաթեթավորում են քաղաքականացման ձգտումների անվան տակ՝ ամբողջությամբ աղավաղելով թե' շարժումների տրամաբանությունն ու նպատակները, թե' արդյունքները: Հենց այս մոլորության մեջ է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով, խոսելով խնդրի քաղաքականացման վնասների մասին, թերևս նկատի ունի կուսակցականացումը:

 

Մյուս կողմից, սակայն, սկսված ինքնաբուխ ընդվզումը, գոնե դատելով մայիսի 27-ին անցկացված առաջին հավաք-երթից, ունի տարերային և անկազմակերպ բնույթ: Շարժման համակարգողները, հստակ պատկերացնելով իրենց նպատակը կամ թիրախները, կարծես այնքան էլ լավ չեն պատկերացնում դրանց հասնելու մեթոդները, խնդրի քաղաքականացման եղանակները: Այս իմաստով` սկսված շարժումն զգալիորեն զիջում է նմանատիպ նախորդ բոլոր պրոցեսներին: Դրա առանձնահատկությունն այն է, որ կազմակերպիչները բախվում են էլեկտրաէներգիայից օգտվելու անայլընտրանքայնությանը և, դրանով պայմանավորված, սովորական մարդկային վախի գործոնին, երբ «հոսանք» ունենալու կենցաղային անհրաժեշտությունը, դրանից զրկվելու հետ կապված վախերը սկսում են գերիշխել: Հենց այստեղ է, որ քաղաքական ուժերի անշահախնդիր և պրոդուկտիվ մասնակցությունը համընդհանուր ընդվզման արշավին կարող է այն տեղափոխել հասարակական-քաղաքական` որակապես նոր մակարդակ: Մանավանդ, որ դա նաև լավ հնարավորություն է քաղաքական ուժերի համար՝ փոքրացնելու իրենց և հասարակական ակնկալիքների և իրական օրակարգի միջև եղած անջրպետը:

 

Գևորգ Աղաբաբյան

Կենտրոնում ջուր չի լինի
20 Սեպտեմբերի 2017, 17:48 Կենտրոնում ջուր չի լինի
Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
20 Սեպտեմբերի 2017, 17:08 Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
Արտահոսք գազի բալոնից
20 Սեպտեմբերի 2017, 14:16 Արտահոսք գազի բալոնից

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica