close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք երբեւէ տեսե՞լ եք 8,5 մլն դոլար

Հարթակ

8 Մայիսի 2015, 16:12
 Դուք երբեւէ տեսե՞լ եք 8,5 մլն դոլար

Երեկ, դուրս գալով Երեւան քաղաքի վարչության` ձերբակալվածների պահման վայրից, 73-ամյա գործարար, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանն առաջինն ինչ ասել է հետեւյալը. «Շնորհակալություն, Աստված ջան»:

 

Աստծուն տիկին Ենոքյանը հիշել է նաեւ որոշ ժամանակ անց, երբ առողջություն է մաղթել իր երբեմնի կուսակից ընկեր Կարո Կարապետյանին /Յուվեցի Կարո/, որի հետ էլ պարտքուպահանջի մեջ: Նա հիշեցրել է, որ «վերեւում Աստված կա»:

 

Ուշագրավ է, որ երեկ Yerkir.am-ի թղթակցի հետո զրույցում պատգամավոր Կարապետյանը եւս հիշել է Աստծուն: «Աստված տա` մեկն էլ ինձ հանդիպի, 10 միլիոն տա, ես էլ հետո կհայտարարեմ, որ անմեղ եմ»,- ասել է նա:

 

Բայց քանի որ Աստված այնքան էլ չի սիրում, երբ իրեն հիշում են տեղի-անտեղի, բացի այդ` չի խրախուսում այն մարդկանց, ովքեր իրենց հույսը բացառապես կապում են Աստծու հետ, հանգիստ թողնենք Բարձրյալին, մանավանդ, որ նա ժամանակակից աշխարհում անելիք ու հոգս շատ ունի: Դառնանք մարդկանց եւ մարդկայինին:

 

Դուք երբեւէ տեսե՞լ եք 8,5 մլն դոլար: Ես, այն բոլոր մարդիկ, որոնց հետ շփվում-ճանաչում եմ, վստահաբար չենք տեսել, ու ես չգիտեմ, թե ի՞նչ կանեի, եթե ոչ միայն 8,5 մլն դոլար տեսնեի, այլեւ այդ գումարն ինձ տային, թեկուզ` հետո վերադարձնելու պայմանով: Շատ հնարավոր է, որ եթե մեկն ինձ 8,5 մլն դոլար տար, ես ամենեւին էլ չցանկանայի այն վերադարձնել, որովհետեւ այդքան գումար ունենալ ցանկացած մարդ էլ ցանկանում է, եւ ուրիշի այդքան գումարը սեփականացնելը խիստ մարդկային թուլություն է:

 

Հիշեցնենք, որ Կարո Կարապետյանը մեղադրում է Գոհար Ենոքյանին, որ նրան հենց 8,5 մլն դոլար գումար է պարտքով տվել, որը տիկին Ենոքյանը, ըստ մեղադրանքի, հափշտակել է: Անշուշտ, դատաքննությունը կպարզի, թե իրականում ինչն ինչպես է եղել, եւ շատ հնարավոր է, որ այս գործի վերջում տիկին Ենոքյանը շնորհակալություն «Աստված ջան»-ի փոխարեն «դատարան ջան»-ին հայտնի: Սա ժամանակի հարց է:

 

Հիմա այլ հարց է շատերին հուզում` որտեղի՞ց Կարո Կարապետյանին 8,5 մլն դոլար: Ընդ որում` պարզ է, որ եթե մարդը այսքան գումար պարտքով` վերադարձի ակնկալիքով, տալիս է մեկ այլ մարդու, ուրեմն ինքը դրանից անհամեմատ շատ փող ունի: Ուրեմն որտեղի՞ց Կարո Կարապետյանին ավելին քան 8,5 մլն դոլար, չէ՞ որ պարոն Կարապետյանը ԱԺ գործող պատգամավոր է, հետեւաբար` չի կարող զբաղվել գործարարությամբ: Ուրեմն որտեղի՞ց այդքան գումար:

 

Հիմա պատկան մարմիններն այս գործն ուսումնասիրելիս չե՞ն ցանկանում, արդյոք, պարզել, թե որտեղի՞ց պարոն Կարապետյանին այդքան գումար: Եթե նա դա վաստակել է գործարարությամբ, ուրեմն խախտել է ՀՀ Սահմանադրությունը, եթե վաստակել է գիտակրթական, մշակութային գործունեությամբ, ապա թող բարի լինի բացատրի այդ ոլորտների հազարավոր ներկայացուցիչներին, թե ինչպե՞ս նրանք էլ, մենք էլ այդքան գումար վաստակենք:

 

Ի դեպ, եթե ես ունենայի 8,5 մլն դոլար, ապա հաստատ այն ոչ մեկին չէի տա, որովհետեւ մարդիկ Աստծուն հիշում են ոչ թե փող ծախսելիս, այլ` երբ այն ավարտվում է:

 

Հովիկ Աֆյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica