close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարբեր բանտեր

Հարթակ

7 Մայիսի 2015, 12:26
 Տարբեր բանտեր

Հակոբ Հակոբյանը բանտից դուրս է եկել: Արդարության համար ասենք, որ նա այնքան էլ բանտում չէր, այլ` կալանքի տակ. իրավաբանական առումով սրանք տարբեր բաներ եւ տեղեր են, բայց, ըստ էության, նույնն են: Հիմա իրեն ավելի լավ է զգում, այնքան լավ, որ հարցազրույցներ է տալիս:

 

Պետք է նշել, որ կալանավորման 90 օրերի ընթացքում Հակոբ Հակոբյանը, ով արվեստի, հատկապես` կինոարվեստի աշխարհում առավել հայտնի է` Ճոյտ կեղծանունով, ունեցել է ազատ ժամանակ: Այդ ընթացքում նա խմորից թազբեհներ չի պատրաստել կամ չի կատարելագործել, ենթադրենք, անգլերենի` իր իմացությունը: Նա մանրամասնորեն ուսումնասիրել է Աստվածաշունչը: Շեշտում ենք` ոչ թե կարդացել է, աչքի տակով անցկացրել, այլ ուսումնասիրել է:

 

Թերեւս հենց այդ ուսումնասիրությունից էլ ոգեշնչված` նորահայտ կինոսցենարիստ Ճոյտը նույն ընթացքում աշխատել է իր նոր ֆիլմի սցենարի վրա, որը պատմելու է կրոնի մասին, Հայաստանում քրիստոնեության մուտքի եւ պատմության մասին: Չի բացառվում, որ Ճոյտի այս երկրորդ ֆիլմն ավելի շուտ ցուցադրվի, քան առաջինը, որը, հիշեցնենք, Ցեղասպանության մասին էր…

 

Շարունակում է, սակայն, բանտում մնալ արվեստի աշխարհում Ճոյտից «մի քիչ ավելի» հայտնի, դերասան, բեմադրիչ Վարդան Պետրոսյանը: Օրերս ՀՀ Վերաքննիչ դատարանում քննվում էր նրա գործը, քանի որ տուժողի իրավահաջորդները պահանջում են Պետրոսյանի համար ավելի խիստ պատիժ, քան տրված 5 տարին է: Դատավարության ընթացքում Վարդան Պետրոսյանը մի նախադասություն ասաց. «Մեր բանտերում մարդիկ չեն ուղղվում, հանցագործ են դառնում»:

 

Ես չգիտեմ/եւ հուսամ` չեմ էլ իմանալու/, թե ով է ավելի ճիշտ` Պետրոսյա՞նը, ով սարսափում է հանցագործ դառնալուց, թե՞ Ճոյտը, ով ոչ միայն հանցագործ չի դարձել, այլեւ Աստվածաշունչ է ուսումնասիրել: Բայց ես հասկանում եմ` մեր բանտերը խիստ տարբերվում են մեր բանտերից: Իհարկե, խոսքը խցերի մասին չէ, այլ այնտեղ գտնվող մարդկանց տեսակների: Ճոյտն ու Վարդան Պետրոսյանը տարբեր մարդիկ են: Նրանց համար բանտը եւ կալանքի տակ գտնվելը տարբեր ընկալում ունի, նրանց բանտերը տարբեր են: Մեկի համար` հանցագործ դառնալու վտանգով լեցուն, մյուսի համար` Աստվածաշունչ ուսումնասիրելու հնարավորությամբ: Եվ գուցե հենց այս տարբերությունից է, որ Վարդան Պետրոսյանի բեմադրությունները մենք տեսել ենք, Ճոյտի, սակայն, դեռ ոչ մի ֆիլմը չենք տեսել:

 

Իրական արվեստը մի տեսակ կոտրվում է անազատության մեջ, ճոյտերի մեջ:

 

Հովիկ Աֆյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica