close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Պուտինը եւ Օլանդը համաձայնության գան Երեւանում…

Հարթակ

20 Ապրիլի 2015, 15:36
 Եթե Պուտինը եւ Օլանդը համաձայնության գան Երեւանում…

Ավելի վաղ` Ֆրանսիայի, այսօր էլ Ռուսաստանի նախագահների մամուլի ծառայությունները պաշտոնապես հաստատեցին, որ նախագահներ Օլանդն ու Պուտինը ապրիլի 24-ին կլինեն Երեւանում` «ընդունելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերները` միասին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին»:

 

Անշուշտ, սա չի նշանակում, որ նախագահներ Օլանդն ու Պուտինը Երեւան են ժամանելու ապրիլի 24-ին մեկ ժամով, որպեսզի հասցնեն միայն Ծիծեռնակաբերդ գնալ: Հասկանալի է, որ նախագահների օրակարգը խիստ հագեցած է լինելու, եւ միանգամայն նորմալ է, որ` ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցերով:

 

Օրինակ` Ֆրանսիայի նախագահը «Canal+»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Փարիզն ու Մոսկվան բանակցություններ են վարում, «որպեսզի լուծեն Ռուսաստանին «Միստրալ» ավիակիր ռազմանավեր մատակարարալու հարցը»: Օլանդն ասել է, որ այդ հարցը կքննարկի ՌԴ նախագահի հետ, եւ ճգնաժամից դուրս գալու փորձեր կարվեն Երեւանում` ապրիլի 24-ի այցի ժամանակ:

 

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիան եւ Ռուսաստանը պայմանագիր էին կնքել`ավիակիր ռազմանավերի փոխանցումը Ռուսաստանին ապահովելու համար: Սակայն ուկրաինական ճգնաժամը, սրանից էլ հետեւող արեւմտյան պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ ձգձգում են գործընթացը, եւ ռազմանավերը այս պահին դեռ Ռուսաստանին չեն փոխանցվել: Հասկանալի է, որ այս հարցը, այն էլ` ապրիլի 24-ին մեզ, մեղմ ասած, չի հետաքրքրում: Ռազմավարական դաշնակից եւ բարեկամ այս երկու երկրներից մենք այդ օրը պահանջում ենք զբաղվել բացառապես հայկական հարցերով, ընդ որում` ըստ էության, մեկ հարցով:

 

Շատերի համար ընդունելի չէ, որ Օլանդն ու Պուտինը այդ օրը Երեւանում, բացի Ծիծեռնակաբերդ այցելելուց, Հայոց ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում գրառումներ կատարելուց, մի քանի պարբերությամբ հայ ժողովրդին ուղղված սգակից ուղերձներ տարածելուց եւ Մասիսների ֆոնին ֆոտո անելուց բացի, որեւէ այլ բանով զբաղվեն: Այնինչ` Պուտին-Օլանդ հանդիպումը հիմա անչափ կարեւոր է` հաշվի առնելով նույն ուկրաինական ճգնաժամի հետեւանքով առաջացած` Արեւմուտք-Ռուսաստան ճգնաժամը:

 

Ուստի, հակառակը, մենք պետք է ուրախ լինենք, որ Օլանդ-Պուտին հանդիպումը կայանում է հենց մեր քաղաքում: Եվ, եթե նախագահները պայմանավորվեն այդ ռազմանավերը վերջապես Ռուսաստանին փոխանցելու մասին, ապա Երեւանն իր առաջին հայտը կներկայացնի` ԵՄ-ԵՏՄ կամուրջ լինելու առումով:

 

Համենայն դեպս, մեր մայրաքաղաքը կդառնա վերջին ժամանակների միակ քաղաքը, որտեղ Արեւմուտքի առաջնորդներից մեկն ու ՌԴ նախագահը հասել են արդյունավետ փոխհամաձայնության: Բացի սրանից` արտասահմանյան մամուլը, որը վստահաբար կխոսի Օլանդ-Պուտին հանդիպման մասին, նշելու է, չէ՞, թե այն որտեղ անցավ եւ նշելու է, չէ՞, թե ինչո՞ւ էին այս երկու նախագահները աշխարհի այս խառը օրերին ժամանել Երեւան: Իսկ մեզ էլ ի՞նչ է պետք:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica