close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ դոլարի քչությունն ուրախալի է

Հարթակ

16 Ապրիլի 2015, 15:50
 Երբ դոլարի քչությունն ուրախալի է

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի /ՄԶԳ-ի`ամերիկյան գրանտների աղբյուր կազմակերպության/ ղեկավար Քարեն Հիլիարդը:

 

Այն բանից հետո, երբ վարչապետը, «բարձր գնահատելով ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունը` ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, ինչպես նաեւ համատեղ տարբեր ծրագրեի իրականացմանը», շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը «տարբեր ոլորտներում մեր երկրին ցուցաբերած շարունակական աջակցության համար», դեսպան Միլզը զրույցի ընթացքում, ինչպես ասում են, «սառը ջուր է լցրել»:

 

Մասնավորաբար` ամերիկացի դեսպանը հայտնել է, որ իր երկրի կառավարությունը կրճատել է տարբեր երկրներում, այդ թվում` եվրոպական պետություններում եւ Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ֆինանսավորումը: Իր խոսքում, ապա եւ հանդիպումից հետո ամերիկյան դեսպանատան տարածած բացատրիչ հայտարարությունում ԱՄՆ դեսպանը /կառավարությունը/ պարզաբանում է, որ իրենց այս որոշումը պայմանավորված չէ «համատեղ ծրագրերի արդյունավետությամբ, առավել եւս` հայ-ամերիկյան ամուր հարաբերություններով», որոնք, ըստ ամերիկյան դեսպանատան, գտնվում են «բարձր մակարդակի վրա»: Իսկ պայմանավորված են «ԱՄՆ բյուջետային նոր իրողություններով եւ ի հայտ եկած գլոբալ առաջնահերթություններով»:

 

Միեւնույն ժամանակ, դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է Հայաստանին աջակցել «հարեւան երկրների հետ հաշտեցման գործում, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության զարգացման մեջ եւ շարունակելու է նպաստել ժողովրդավարական գործընթացներին ու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մեծացմանը Հայաստանում»: Բայց` ավելի քիչ փող այս ամենի համար տալով:

 

Նշենք նաեւ, որ 1992-ից մինչեւ հիմա ԱՄՆ կառավարությունը 2 մլրդ դոլարի օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին: Փաստորեն, կոնկրետ հարեւան երկրների հետ հաշտեցման գործում այդ գումարը կա'մ արդյունավետ չի եղել, կա'մ բավարար չի եղել: Բայց, փաստորեն, ԱՄՆ կառավարությունը Հայաստանին, ավելի ճիշտ` Հայաստանում ոմանց մինչեւ հիմա փող է տվել, ավելին` շարունակելու է, թեև` ավելի քիչ, բայց տալ, որպեսզի Հայաստանը հաշտվի իր հարեւանների հետ: Հասկանալի է, որ խոսքը միայն Թուրքիայի մասին չէ, այլ նաեւ Ադրբեջանի…

 

Հիմա, կա երկու ճանապարհ` կա'մ խառնվում ենք ամերիկյան դոլարների պակասից, կա'մ ուրախանում, որ դրանք ավելի քիչ են մտնելու Հայաստան: Հաշվի առնելով, որ մեր խառնվելուց ամերիկյան կառավարությունը չի մտքափոխվելու, առաջարկում ենք ուրախանալ, հատկապես, որ դրա պատճառներն ավելի շատ են: Նախ այն, որ որքան զարգացած է երկիր, այնքան քիչ է ԱՄՆ-ի օգնությունը տվյալ երկրին: Երկրորդ` որքան քիչ է ամերիկյան ուշադրությունը որեւէ երկրի հանդեպ, այնքան ավելի քիչ է տվյալ երկիրը հակված ցնցումների: Ի վերջո, գիտե՞ք, թե ինչու ԱՄՆ-ում հեղափոխություն կամ պատերազմ կամ քաղաքացիական պատերազմ չի լինում, որովհետեւ ԱՄՆ-ում ամերիկյան դեսպանատուն չկա, հետեւաբար, ամերիկյան գրանտներ էլ չկան:

 

Բայց շատ ուրախանալ պետք չէ, մեր երկրում ոչ թե կասեցվում է ամերիկյան օժանդակությունը, այլ այն ուղղակի կրճատվում է:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica