close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քիմ Քարդաշյանն ու Սուրբ Պետրոս տաճարի պատարագը

Հարթակ

13 Ապրիլի 2015, 13:37
 Քիմ Քարդաշյանն ու Սուրբ Պետրոս տաճարի պատարագը

Քարդաշյանի այցից հետո ոմանք համոզվեցին, ոմանք իմացան, ոմանք այդպես էլ չիմացան, որ այս կինն ամբողջ աշխարհում ունի երկրպագուների մեծ` տասնակմիլիոնանոց բանակ: Այսինքն` Քիմ Քարդաշյանին ավելի շատ մարդ է ամբողջ աշխարհում ճանաչում, քան ՀՀ բնակչությունն է, իսկ եթե ավելի անկեղծ լինենք` քան ամբողջ աշխարհում հայության թիվն է:

 

Արդեն բազմիցս նշվել է, որ Քիմի յուրաքանչյուր գրառում, խոսք անմիջապես արժանանում է նրա միլիոնավոր երկրպագուների եւ համաշխարհային մամուլի ուշադրությանը: Այսինքն` եթե ենթադրենք` ՀՀ ԱԺ-ն հայտարարություն ընդունի, որում ամբողջ աշխարհին կոչ կանի ընդունել Հայոց ցեղասպանությունը, եւ եթե նույն կոչն անի Քարդաշյանը, ապա, վստահաբար, ենթադրենք, բրիտանական The Guardian-ը կամ ամերիկյան The New York Times-ը իրենք միլիոնավոր ընթերցողներին կտեղեկացնեն ոչ թե առաջինի, այլ երկրորդի մասին:

 

Գուցե, որովհետեւ Քիմն աշխարհի համար ավելի ընդունելի է, գուցե, որովհետեւ ՀՀ ԱԺ-ին ոչ ոք չի ճանաչում, գուցե… Բայց սա փաստ է: Հետեւաբար, աշխարհին կոչ անելով ընդունել Ցեղասպանությունը եւ պարբերաբար խոսելով Հայոց ցեղասպանության մասին` որպես տեղի ունեցած եւ ապացուցման կարիք չունեցող փաստի, Քարդաշյանը, չասենք` մի ողջ պետության դիվանագետների, պետության գործ է անում, բայց առնվազն ամուր հիմք է տալիս, որպեսզի պետությունը գործ անի:

 

Նույնը Սուրբ Պետրոս տաճարում պատարագն է: Հռոմի պապը, որքան էլ մեզանից ոմանք նրան շատ սիրեն, որքան էլ տնօրինի Վատիկանի բանկի ֆինանսական ելքերն եւ մուտքերը, որքան էլ մեկնի այս կամ այն երկիր եւ արժանանա պետության ղեկավարների մակարդակի ընդունելության, որքան էլ համարվի Վատիկան քաղաք-պետության բացարձակ միապետ, միեւնույն է, քաղաքական դեմք չէ: Նրա ասած յուրաքանչյուր հայտարարություն քաղաքական համարվել չի կարող, հետեւաբար, Հռոմի պապի ասածներից ոչ մեկը քաղաքական հետեւանքներ ունենալ չի կարող: Այդ թվում եւ այն, որ նա կիրակի օրն արտասանեց «Հայոց ցեղասպանություն» բառերը, թեկուզ այն պարագայում, որ դրանից հետո Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին, իսկ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, պետք է նկատել, շփոթմունքից հապճեպ մի հայտարարություն տարածեց, թե իբր Հռոմի պապը մոռացել է ցավ ապրած մահմեդականներին, մինչդեռ` ով-ով, բայց այս Հռոմի պապը մահմեդականների ցավը եւ նրանց դեմ հալածանքները չի մոռանում:

 

Այսինքն` Սուրբ Պետրոսում մատուցված պատարագը միայն բավարար չէ, որպեսզի, ենթադրենք, Բարաք Օբաման գալիք ապրիլ 24-ին վերջապես ասի «ցեղասպանություն» բառը, կամ կաթոլիկ Իսպանիան ընդունի Հայոց ցեղասպանությունը. Հռոմի պապի ձեռամբ տրված պատարագը միայն հիմք է դրա համար:

 

Ուրեմն` որքան էլ Քարդաշյանը եւ Սուրբ Պետրոսի տաճարը միմյանցից ե'ւ գտնվելու վայրով, ե'ւ բարոյապես, ե'ւ գեղեցկությամբ բավական հեռու են, միեւնույն է` նրանց միավորում է մեկ բան. երկուսն էլ, ունենալով միլիոնավոր հետեւորդներ, հիմք են տվել ՀՀ արտաքին գործերի գերատեսչությանը, ՀՀ-ին` առհասարակ, գործելու:

 

Համաձայնեք` այլ բան է, երբ Հայոց ցեղասպանության հաստ թղթապանակը ձեռքիդ գնում ես, ենթադրենք, կաթոլիկ պորտուգալական խորհրդարան եւ կոչ անում, որ պորտուգալացի եղբայրներն ընդունեն Ցեղասպանությունը, եւ դա անում ես առանց Սուրբ Պետրոսում տրված պատարագի, եւ միանգամայն այլ բան է, երբ թղթապանակով պորտուգալական խորհրդարան ես մտնում Սուրբ Պետրոսում տրված պատարագից հետո:

 

Նույնը` Քիմի եւ նրա` Հայաստան կատարած այցի համապատկերում: Դրանից հետո անգամ Նյու Յորքի սեւերի թաղամասում գիտեն, որ հայերը ցեղասպանվել են: Հետեւաբար, եթե, ենթադրենք, ԱՄՆ Հայ դատի գրասենյակը կամ այդ երկրում ՀՀ դեսպանատունը որոշի ապրիլի 24-ին Սպիտակ տան առջեւ ցույց կազմակերպել` պահանջելով, որ Բարաք Օբաման ասի «այդ բառը», ապա այդ ցույցին, եթե ճիշտ օգտագործենք Քիմին եւ նրա այցը, կարող են միանալ ոչ միայն հայեր եւ ոչ միայն սպիտակամորթներ:

 

Կկարողանա՞ Հայաստան պետությունն օգտագործել այս երկու հրաշալի հիմքերը, դժվար է ասել, բայց միանշանակ է, որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ կարելի է եւ պետք է օգտագործել, եթե դու ինչ-որ բան ես ակնկալում ստանալ ժամանակակից աշխարհից: Այդ ամեն ինչի մեջ մտնում է ինչպես Քիմ Քարդաշյանը, այնպես էլ Սուրբ Պետրոս տաճարում պատարագը: Ի գործ, պարոնա'յք, Քիմը եւ Հռոմի պապն իրենց գործն արդեն կատարել են, եւ դա բավարար չէ:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica