close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Որտե՞ղ են հույս տվողները. (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ.& ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անտեսված ձայներ

12 Ապրիլի 2015, 09:10
 Որտե՞ղ  են հույս տվողները. (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ.& ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին 26 տարում միակ իրը, որ գնել է Սվետլանա Կասպարյանցը, փոքրիկ հեռուստացույցն է: Դրանով է հետևում աշխարհի իրադարձություններին: Նրա փոքրիկ սենյակում մոլորակի տարբեր կետերում պայթող հակամարտություններն ավելի հնչեղ են թվում. «Պռաստոյ ժողովուրդը մեղավոր չի, մեծերը մի բան են մտածում, մի կռիվ գցում: Ուկրաինան հեսա տեսնենք` կվերջանա՞...»:  

 

75-ամյա կնոջը զարմացնում է հատկապես «կռիվ գցողների» անխոհեմությունը.  «Սաղ քանդում են, հետո մինչև սարքեն, տարիներ ա անցնում»: 

 

Թե ինչքան դժվար է ամեն ինչ նորից սարքելը, Սվետլանան շատ լավ գիտի՝ Բաքվի Նասիմիսնկիյ շրջանի նախկին տնտեսագետը հենց նման հաշվարկներ էր անում իր ջահելության  խաղաղ տարիներին:  89-ին տարեց մոր հետ «փախեփախով» Հայաստան հասան,  հաստատվեցին Քանաքեռ ՀԷԿ-ի հանրակացարաններից մեկում: Մոր մահից հետո Սվետլանան միայնակ է 12 քառակուսի մետրանոց սենյակում, որտեղ 60-ականների  հանրակացարանային գույք է:

 

 

«Բաքվի մեր տունը, լսել ենք, քանդել են, նոր շենքեր են սարքել, իսկ մենք մտանք հանրակացարան ու մնացինք»,- ասում է  Բաքվի նախկին պետական ծառայողն ու ծիծաղում. «Ոչ մի բան չունեմ, ոնց որ պերվաբիտնի մարդ, էլի»: 

 

Սենյակում ջուր, սանհանգույց չկա,  զուգարան-բաղնիք-խոհանոց կոչվող ավերակներն ընդհանուր  են այստեղ ապրող բոլոր փախստականնների համար. «Նախկինում բաղնիք էինք գնում, հիմի սպասում ենք,  թե մեկն ասի արի, լողացի ...»: 

 

Սվետլանան  իր պայմանների մասին պատմում է առանց զայրույթի` անընդհատ մտնելով կառավարության դրության մեջ. «Երևի պլանում գրում են, բայց փող չկա, էլի, մեզ համար»: 

 

Փախստական կնոջը միայն մի բան է զարմացնում ՝ նախկինում   պարբերաբար պաշտոնյաներ էին այցելում  իրենց ՝բնակարան հատկացնելու խոստում-ծրագրերով,  իսկ վերջին 5-6 տարում երևացող չկա, հույս տվող չկա: Սվետլանան  էլի է ծիծաղում. «Երևի արդեն չտան»: Ասում է ՝ փախստականներն արդեն ծեր են ու սպասելու ժամանակ  չունեն:

 

Քանաքեռ ՀԷԿ-ի հանրակացարանում ապրող բազմաթիվ փախստականների պես Սվետլանան էլ  Հայաստանի անձնագիր չունի, փախստականի անձնագիր է, որ իրավական լեզվով «ճամփորդական փաստաթուղթ» է կոչվում: 

 

«Ինչո՞ւ անձնագիր  չի ուզում» հարցին կինը պատասխանում է փակուղի տանող հարցով. «Որ փոխեմ, ի՞նչ ա փոխվում, օրինակ» : 

 

Թոշակը 35 հազար դրամ է: Սվետլանան չի մանրամասնում, թե ինչպես է հաջողեցնում  այդ գումարով սնվել ու հոսանքի գումարը վճարել. «Ինչքան ստանում եմ, էդքանով էլ ապրում եմ»:

 

Փախստականներով բնակեցված 86 հանրակացարաններից արդեն 6-րդ տարին է` ոչ ոք չի «հեռանում» իր նոր բնակարան:  Կառավարությունից` Միգրացիոն պետական ծառայությունից, ոչ մի հստակ պատասխան չի հնչում ՝ ե՞րբ, ի վերջո, կվերսկսվի փախստականներին բնակարանով ապահովելու ծրագիրը: 

 

Փլվող կացարաններում  ապրողները  տան հույս արդեն չունեն այլեւս:


 

Հ.գ. Երևանում ապրող 670 փախստականներն ապրում են 86 հանրակացարաններում: Այդ շենքերից 13-ը գտնվում են ծայրահեղ վատ, վթարային վիճակում. 110 ընտանիքներ այդ պայմաններում են ապրում:  Վատթար վիճակում է 27 շենք՝ 192 բնակիչներով: Փախստականներով բնակեցված բարեկարգ հանրակացարան չկա:  

 

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica