close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանից Ադրբեջան ձգվող կարոտ

Անտեսված ձայներ

31 Մարտի 2015, 15:59
 Հայաստանից Ադրբեջան ձգվող կարոտ

-Հերթազրուց, այսինքն' ի՞նչ եք անելու ինձ հետ:

-Չէ՜, է՜, ձեզ հետ ոչինչ չենք անելու, եթե դեմ չեք' ուղղակի կզրուցենք:

-Հա, հարցազրից... Մտածո՞ւմ ես' կուլտուրական բառ է, չեմ հասկանա, հա՞...

 

***

Վալյա Հարությունյանն ազգությամբ ուդի է, ծնվել է Ադրբեջանում, բայց իրեն հայ է համարում: Տիկին Վալյան մեծացել է ադրբեջանական Միրզաբայլի գյուղում, ուր իրենց հարևաններն ադրբեջանցիներն ու հայերն են եղել: Ասում է' մանկուց սիրահարված է եղել հայերենին:

 

«Այնքան էի սիրում հայերին ու հայերենը, որ վերջում էլ հայն ինձ ղսմաթ եղավ, ամուսնացա... Հայերեն այստեղ' Հայաստանում եմ սովորել, հիմա էլ շատ լավ չեմ խոսում, բառեր կան'  չեմ հասկանում, բայց  յոլա եմ տանում ինձ ու երեխեքին»,- ասում է տիկին Վալյան:

 

Նա Ադրբեջանում դպրոց է գնացել, ուսում ստացել, հետո' օգնել ծնողներին' թութուն հավաքել ու հանձնել տեղի ծխախոտի գործարանին: Ասում է' առաջին հայացքից սիրահարվել է ամուսնուն ու երկար-բարակ չի մտածել' ամուսնացել է: Երջանիկ ամուսնությունից երկու երեխա է ունեցել, սակայն ընդամենը 2 տարի անց հանկարծ պարզվել է, որ հայերն ու ադրբեջանցիներն այլևս հարևաններ չեն, ավելին' թշնամիներ են:

 

«Ախր, մենք այնքան լավ ենք իրար հետ եղել, ես թուրք ընկերուհի եմ ունեցել, եկել, մեր տանն է մնացել, ես էլ իրենց տանն եմ մնացել: Կռվից հետո ամեն ինչ փոխվեց: Երբ եկան ու մեզ տեղահանության մասին ասացին, կես ժամ ժամանակ տվեցին, որ տնից դուրս գանք: Ի՞նչ պետք է հետներս վերցնեինք` երկու երեխաները մի ձեռքիս: Միրզաբայլիում հո տներ չունեի:  Մեր մորական տունն այնքան էլ լավը չէր, իսկ ամուսնուս տունը շատ լավն էր, բայց ի՞նչ օգուտ, մի տարի չվայելեցինք, մնաց թուրքերին»,- ասում է կինը:

 

Ադրբեջանում թողնելով ամեն ինչ' վերադառնում են Հայաստան` բնակություն հաստատելով Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում: Ծիծաղով է հիշում'  տեղահանությունից օրեր անց եղբայրը, չլսելով իրենց հորդորները, գնացել է Ադրբեջան' իրերի հետևից: Տանը մնացած է եղել մի պահարան ու մի սնդուկ, որն էլ, որպես հուշ, տեղափոխել է այստեղ: Տիկին Վալյան խոստովանում է' Հայաստան տեղափոխվելուց հետո ամենամեծ խնդիրը լեզուն սովորելն է եղել, իսկ մարդկային շփման մեջ ջերմության պակաս է զգացել:

 

«Սկզբում դժվար էր,  լեզուն չգիտեի, մեր հարևաններից մեկին'  Լյուդմիլային էի անընդհատ հարցնում, թե որ բառն ինչ է նշանակում: Բացի դրանից` մի տեսակ սառն են մարդիկ, իսկ մեր ժողովուրդը շատ քաղցր էր, քաղցր լեզու, մեկին նեղ ընկած ժամանակ օգնում էին: Այստեղ այդ ջերմությունը չեմ զգում»,- ասում է տիկին Վալյան:

 

Նա, սակայն, հիմա հարևաններ ունի, ասում է' առավոտյան կանանցով հավաքվում, սուրճ են խմում: Հարևանը հուշում է' տիկին Վալյան համեղ փլավ է պատրաստում' ուդիական բրնձով փլավ: Տիկին Վալյան էլ հիշում է' մայրը փլավ էր պատրաստում, ինքը' կողքից թաքուն նայում ու սովորում:

 

Ճաշի պատրաստման մասին հիշողությունը տիկին Վալյային մտքով տանում է դեպի ծննդավայր Ադրբեջան, ուր հիմա երկու քույրերն են ապրում: Նրանց հետ շփման միակ միջոցը Ռուսաստանում գտնվող եղբայրն է: Ցավով նշում է' հանդիպման միակ առիթը մահերն են լինում:

 

«Ադրբեջանում գտնվող քույրերիս հետ չեմ կարողանում կապվել: Խոսում եմ Ռուսաստանում գտնվող եղբորս հետ, նա էլ վերջին լուրերն է ասում: Արդեն 3 տարի է' չեմ տեսնում երկու քույրերիս: Նախորդ անգամ հանդիպել էինք, երբ Ռուսաստանում գտնվող քույրս մահացավ: Կարոտում եմ քույրերիս... Ուզում եմ զանգել ու խոսել հետները, բայց վախենում եմ' նրանց նեղացնեն հետո»,- ասում է տիկին Վալյան:

 

Նա անկեղծանում է' երազում է հետ վերադառնալու մասին: Ասում է' պետք է սահմանները բացվեն, և ոչ ոք ճարահատյալ ստիպված չլինի լքել իր հայրենիքը: Ուզում է մարդկանց սրտերում նույնպես սահմանները բացվեն, ու «ադրբեջանցի» կամ «հայ» բառերն արտասանելիս երկուստեք դեմքերը զզվանքից չծամածռեն: «Եթե մեր տները մեզ տային' կուզեի վերադառնալ, բայց գիտեմ, որ չեն տա: Կուզեմ սահմանը բացվի, քույրերիս տեսնեմ, իրենք գան այստեղ: Նրանց ասում եմ' էգուց որ մեռնեմ, այդ ժամանակ էլ չեք գալու այստեղ»,- ասում է կինը:

 

Տիկին Վալյայի տնամերձ այգում միայն մեկ ծառ կա' հաստ բնով մի կեռասենի: Ասում է' ժամանակին նույն տեղում թթի ծառ է եղել' «թուրքի տնկած», լավ տիրություն են արել, բերքը կերել, տնկողին օրհնել, բայց իրենց տեղահանության նման անսպասելի մի օր հսկայական ծառը քամուց շրջվել է... Տեղը հիմա կեռասենին խորը արմատներ է տվել:

 

Կարինե Հարությունյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica