close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր երկիրը տղամարդու երկիր է. Լիլիթ Պիպոյան

Հարցազրույց

24 Մարտի 2015, 17:26
 Մեր երկիրը տղամարդու երկիր է. Լիլիթ Պիպոյան

Yerkir.am-ին իր խոհերն է ներկայացրել երգիչ-երգահան Լիլիթ Պիպոյանը:

 

Ռաբիսության մասին

Ռաբիսությունը ոչ միայն երգարվեստում է: Վերջերս մեկամսյակի կապակցությամբ շնորհավորագրեր էի ստացել, որի տեքստն այնքան ռաբիս էր, ճռճռան բառերով, որ մի տեսակ մտածեցի' ո՞ւմ տոնն են այսպես շնորհավորում.. Ռաբիսությունը վաղուց դուրս է եկել երգարվեստի սահմաններից:

 

 

Կանանց խնդիրների մասին

Հնարավոր չէ առանձնացնել հայ կանանց խնդիրները ընդհանուր խնդիրներից, թեև նկատել եմ, որ երիտասարդները փորձում են հիմա այլ կերպ ապրել: Եթե մտածելակերպի մասին ենք խոսում, մտայնության, տրամադրության, ավանդույթը հաղթահարելու, ապա երիտասարդներն, ինձ թվում է, հաղթահարում են տան կին լինելու երևույթը: Երիտասարդներն այսօր ավելի ազատ են: Երիտասարդ ժամանակ ես էլ չափազանց ազատ էի... Հետո կյանքը ստիպում է մտնել բեռի տակ, ես էլ մտա այդ բեռի տակ: Երբ նյութական պայմանները դժվար են, դու ստիպված քեզ վրա ես վերցնում ինչ-ինչ բաներ:

 

«Ոչ հայրիշխանությանը» կոչով ակցիաների մասին

Ես չեմ հավատում դրանց, չեմ սիրում նման ակցիաներ: Մյուս կողմից` թող անեն, եթե իրենց դուր է գալիս, միգուցե սա էլ ինչ-որ ազդակ է: Բայց մենք գիտենք, որ մեր երկիրը տղամարդու երկիր է և այդպիսին էլ կմնա: Մեր երկիրը կոպիտ երկիր է, մենք նուրբ չենք, բավական կոշտ ու կոպիտ ենք, կանայք էլ են կոպիտ:

 

Հայաստանյան իրականությունը` «այլ» աչքով

Վերջերս երեք ամսով ԱՄՆ էի գնացել, վերադարձա և հիմա ոչ մի կերպ չեմ կարողանում համակերպվել մեր իրականության հետ: Օրերս մտածում էի հետևյալը' մեզ մոտ չի ստացվում կարգին ու կանոնավոր երկիր ստեղծել, այնպիսի երկիր, որ մենք իրար հարգենք, ընդունենք, ղեկավար ընտրենք այնպիսի մարդկանց, ովքեր կբարելավեն մեր կյանքը, հոգ կտանեն ժողովրդի մասին, չենք կարողանում ճիշտ ընտրել: Եթե այս ամենը մեզ մոտ չի ստացվում' գոնե միջմարդկային հարաբերությունների մեջ պետք է կարողանանք հայ լինելու թանկ իմաստը պահել ու հիշել այդ մասին: Օրինակ` պետք է հատուկ վերաբերմունք լինի հայ կնոջ նկատմամբ, պետք է մտածենք' չէ՞ որ սա հայ կին է, հայ տատիկ, և նրան չպետք է կոպտենք, մյուս կողմից էլ` տղամարդու դերը պիտի արժեւորվի: Մենք պետք է ընդունենք, որ հայ տղամարդը, բոլոր բացասական գծերով հանդերձ, մերն է, ինքը տեր է կանգնում իր ընտանիքին, բեռ վերցնում իր վրա: Եթե չենք կարողանում վերևների հախից գալ' գոնե մենք մեր մեջ պետք է սիրենք իրար: Ինձ ավելի շատ տանջում է այն, որ մեզ մոտ շատ են տարածված կոպտությունն ու ատելությունը, չենք ընդունում իրար, ճլխելով իրար' փորձում ենք առաջ անցնել:

 

Արժեհամակարգի խնդիր կա

Բարոյականության խնդիր ունենք: Դրսում ես տեսա, թե մարդիկ ինչ քաղաքավարի են իրար հետ, մեղմ են: Իսկ Երևանում, եթե, օրինակ, մի վայրկյան դանդաղում ես, ասենք, ավտոմեքենա վարելիս, միանգամից ազդանշան են տալիս, ա'յ մարդ, սպասեք մի րոպե, էլի: Գիտեմ, որ 70-80-ականներին բավականին շտկված էր այս ամենը, հիմա կիսավեր վիճակ է: Պետք է աշխատանք տանել հենց այդ ուղղությամբ: Ժողովուրդը երեխայի նման է, պետք է դաստիարակես: Պետք է այդ այլանդակ ֆիլմերը չնկարահանվեն, մշակութային քաղաքականություն ունենանք, ծրագիր լինի: Բարձիթողի վիճակում է ամեն ինչ, ասում են' ինչ ուզում եք` արեք, իսկ քաոտիկ ձևով էլ վայրենանում ենք: Երբ ԱՄՆ-ից վերադարձա, առաջին օրերին նայում էի մարդկանց դեմքերին' շատ սիրելի ու հարազատ էին: Բայց հետո կամաց-կամաց տեսա, որ ամեն ինչ մուգ գույների մեջ է: Գիտե՞ք, մարդիկ չեն սիրում աշխատել, խույս են տալիս աշխատանքից' վազելով հեշտ ճանապարհի հետևից:

 

Արվեստում քննադատության բացականության մասին

Մշակույթի ոլորտում բացակայում է քննադատությունը: Վախենում են միջանձնային հարաբերություններից, բոլորն իրար գիտեն, չեն ուզում վատամարդ ու լավամարդ լինել: Մյուս կողմից` մտածում են' իմաստը ո՞րն է գրելու, ի՞նչ է փոխվելու... Թերզարգացած է մեր հասարակությունը, մենք հետամնաց ենք:

 

Քաղաքական, ավելի ճիշտ` թատերական զարգացումների մասին

Քաղաքական վերջին զարգացումները մարդկանց մեջքը մեկ անգամ էլ կոտրեցին: Այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, թողնում է իր ազդեցությունը նաև մշակութային ոլորտի վրա: Ես, օրինակ, շատ հուսահատված եմ, այնպիսի տպավորություն է, որ ես գտնվում եմ ինչ-որ մեկի «դուքյանում»: Ընդդիմություն-իշխանություն են խաղում, բայց ո՞ւմ համար են խաղում, պարզ չէ: Էլ չասեմ' գողական աշխարհի վայրիվերումները. գողական աշխարհը մտնում է մեր կյանք: Այդ ամենը գալիս է մեր թերզարգացածությունից, սա` տնտեսական ճնշվածությունից, տնտեսական ճնշվածությունն էլ' այլանդակ կոռումպացված իշխանությունից և մեր արտաքին պայմաններից: Մենք թակարդի մեջ ենք:

 

Ծրագրերի մասին

Ֆիլմերի համար էի երաժշտություն գրում, պատվերներ ունեի, բայց այդ ուղղությամբ շատ չեմ խորացել: Արդեն որերորդ անգամ է, երբ գնում եմ հյուրախաղերի, ինձ մոտենում են երիտասարդ մայրիկներ ու հարցնում, թե արդյոք օրորոցայինների հավաքածու չունե՞մ: Աjս անգամ որոշել եմ մի ձայնասկավառակ թողարկել, բայց ի վիճակի չեմ 12 օրորոցային գրել, այդ ժամանակս ես բաց եմ թողել, երեխաներս արդեն 20-ն անց են: Մի տեսակ որ այդ հոգեվիճակը չկա ինձ մոտ, չեմ կարողանում գրել, դրա համար էլ որոշեցի փնտրել ու տեսնել' ինչ ունենք: Հայ կոմպոզիտորների գործերից եմ ուզում և միայն 4 գործ եմ գտել, որոնցից մեկն եմ շատ հավանում' Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիա»-ի օրորոցայիններից մեկը, որը Արաքս Մանսուրյանն է կատարել: Կան օրորներ, որ ողբերգական տարրեր ունեն' հայրդ գնաց-կորավ, դու որբ մնացիր, որոնք հիմա չեն հնչում: Մտածեցի' կարելի է նաև մանկական երգեր գտնել ու նաև դրանք ներառել ձայնասկավառակում: Գիտե՞ք, ապշած եմ մանկական երգերի պրիմիտիվության վրա, չգիտես` ինչու մարդկանց թվում է, որ եթե երեխաների համար են գրում' պետք է մի նոտայի վրա գրվեն` հիմար տեքստերով:

 

Համերգ' ԱԺ այգո՞ւմ

Ես գտնում եմ, որ ԱԺ այգին պետք է բացվի, այն իմ քաղաքի այգին է, քաղաքի լավագույն այգիներից մեկը: Մենք այնքան էլ շատ լավ այգիներ չունենք: Ես հո ԱԺ-ի համա՞ր չէի համերգ տալու... Ուզում եմ ճաղերը քանդվեն, այգին ազատագրվի: Կլանային փակ տրամադրությունը ցրելու համար կուզեի ներխուժել այդ այգի, ու մարդիկ պառկեին խոտերի վրա, և ես էլ նրանց հետ խոսեի, երգեի նրանց համար:

 

Կարինե Հարությունյան

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
14 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica