close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ոչ մի հատ հույս...»

Անտեսված ձայներ

16 Մարտի 2015, 14:12
 «Ոչ մի հատ հույս...»

Այս շենքից է բացվում հայրենիքի ամենաշքեղ տեսարանը՝ Արարատը. օրվա տարբեր ժամերին տարբեր գույներ է ընդունում՝ արևի դիրքին համահունչ: Իսկ ներսում արդեն 27 տարի է` գույները միայն մթնում են: Չարբախի փախստականների հանրակացարանում ծերացող մարդիկ վաղուց են կորցրել բարեկարգ կացարան ունենալու հույսը, օրվա խնդիրների մասին արդեն խոսում են անկիրք, անհավես…

 

Իրերով ծանրաբեռնված երկար ու մութ միջանցքի ծայրին ընդհանուր զուգարանն ու բաղնիքն են: Բաղնիք կոչվածը ջրահեռացման մի անցք է ու խոնավությունից ավերված աթոռ՝ ծերերի հարմարության համար: Ջուր ոչ մի տեղ չկա: «Նոյեմբերից մինչև հիմա չեմ լողացել»,- Ժենյա տատիկն ամաչելով է ասում:

 

Շենքը քամիների մեջ կորած է՝ անվնաս ապակիներ այստեղ չկան: Այդպիսի մի քամոտ անկյունում էլ ընդհանուր զուգարանն է, որ մաքրում են հարկի բնակիչները՝ հերթով: Տարեցներն այս հարցում ավելի պարտաճանաչ են:

 

 87- ամյա Ժենյա Ստեփանյանը որդու ու թոռան հետ է ապրում: Դեռ Բաքվում էր, երբ ամուսինը մահացավ: Ժենյա տատիկը հայացքընրա նկարին է գցում. «Էրեխա ա չէ՞». մահացել է 42-ում: «Տղես 5 տարեկան էր, որ հերը մեռա»,- ասում է նա: Որդուն մեծացրել է միայնակ, հետո էլ` արդեն Հայաստանում, թոռանն է խնամել. հարսը ծննդաբերելուց հետո չի երևացել:  Այսօր 87-ամյա տատիկը ամիսներով չլողանալուց, հոգատարություն չզգալուց չի դժգոհում: Դժգոհ է,  որ հոգնում է, շատ բան չի հասցնում անել իր մեծացրած, արդեն հասուն երկու տղամարդկանց համար ու... թոշակի 40 հազարը երեքին չի բավականացնում. «Տան վարձերը տալիս եմ, մնում ա ցամաք հացի փող»:

 

Հանրակացարանում կանայք շատ են: «Երբ եկանք, ջահել էինք, էստեղ ծերացանք»,-ասում է Նելլին: Նա աշխուժության հետքեր դեռ պահպանել է, նկարահանվել չի ուզում: «Ի՞նչ օգուտ»,-նշում է նա և չի սխալվում:

 

Բաքվի Մոնտինա շրջանից Չարբախ հասած Սիմա Առուստամովան կարծես վերջակետ է դնում. «Ոչ մի հատ հույս»: Բնակարան ստանալու հերթում են, բայց դա արդեն «սև ցուցակ» է: «Ա’յ մարդ , մենք ո՞ւմ ենք պետք, մեզ շուտից են մոռացել, փախստական քանի՞ տարի կըլնեն…»,- ասում է տիկին Սիման: Բաքվում ոչ թե մեկ, այլ երկու տուն է թողել, շեշտում է` «լիքը տներ» : Որդու 5 հոգանոց ընտանիքի հետ հանրակացարանային երկու սենյակ են զբաղեցնում: Լավ լուրերի չեն սպասում, վատը վրա է հասնում առանց սպասելու էլ. վերջերս զրկվեցին 17 հազար դրամ նպաստից , որովհետև տիկին Սիմայի թոշակը մի քանի հազարով բարձրացել ու 37 հազար է դարձել: «Գնացել եմ, ասում են` թոշակդ շատ ա, դրա համար ենք «Փարոսը» կտրել»,- պատմում է նա:

 

Մեկ այլ սենյակում Մարինա Գրիգորյանն է: Բաքվից մեն-մենակ եկավ, այստեղ մեն-մենակ ապրեց, հիմա էլ ինքն իր մտքերի մեջ խառնվել է:

 

Շենքը պարզապես փակ հաստատություն է հիշեցնում, որտեղ փոփոխություններ չեն լինում: Այստեղ կարելի է տեսնել  «Բելկա», «Ռիգա» մակնիշի լվացքի մեքենաներ, որ, այնուամենայնիվ, աշխատում են:

 

Չարբախի փախստականների հանրակացարանում միայն մի քանի հատվածներ կան, որտեղ լուսավոր է, ու կան կյանքի նշաններ:Յուրաքանչյուր հարկում սենյակային տարբեր բույսերով փարթամ «պարտեզ» կա. այստեղի կանայք, տատիկները  իրենց սիրո, ջերմության ողջ պաշարը ուղղում են հենց այդ «պարտեզին»: Միջանցքի բույսերը կանաչ ու ձիգ են, սենյակների մարդիկ՝ պատերազմի ժառանգները, թորշոմում են՝ շրջապատված անտարբերությամբ:

 

Գ.Խաչատրյան

 

 

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica