close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+4°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լևոն «Հրաշալին»

Հարթակ

21 Փետրվարի 2015, 14:04
 Լևոն «Հրաշալին»

Անշուշտ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին օրերի հիմնական նպատակը Ցեղասպանության հռչակագրի ընդունումը չէր: Ցեղասպանության թեման առաջին նախագահի համար երբեք չի եղել է ազգային ռազմավարական-քաղաքական գերակայություն, մոտ ապագայում էլ հազիվ թե լինի: Հետեւաբար, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ուղղված իր հայտնի բաց նամակում առաջարկում էր գործող նախագահին` առանձին հանդիպել եւ ապահովել, իր իսկ բնորոշմամբ, «խայտառակ եւ վտանգավոր» Հռչակագրի համազգայնությունը, բոլորովին այլ նպատակներ ուներ:

 

Որպեսզի ավելի պարզ դառնա, որ Տեր-Պետրոսյանին առանձնապես հետաքրքրական չի եղել Հայոց ցեղասպանության թեման, ընդամենը մեկ փաստ` նրա՝ 1991-98թթ. նախագահության շրջանում Ցեղասպանության միջազգային ճանաչումը ամենեւին էլ առաջանահերթություն չէր ՀՀ ԱԳՆ օրակարգում: Մինչդեռ 1998-ից մինչ օրս Ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից է:

 

Այնուամենայնիվ, եթե մի պահ հավատանք, որ Տեր-Պետրոսյանն այս հարցում նոր որակներ է ձեռք բերել եւ իրապես ցանկանում է նպաստել Ցեղասպանության ճանաչման գործում մեր պայքարի արդյունավետությանը, այդ նպատակով էլ ցանկանում էր հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, ապա ինչպե՞ս էր պատկերացնում, որ գործող նախագահը նրա հետ պետք է վիճարկի նաեւ իր կողմից ընդունված փաստաթղթի հրաշալիությունը: Համաձայնեք` աբսուրդ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեին՝ քննարկելու ոչ թե բուն անելիքը, այլ այն, թե հրաշալի՞ է արդեն իսկ ընդունված Հռչակագիրը, թե՞ ոչ, ընդ որում` սա այն պարագայում, երբ առաջին նախագահը վստահ է, որ հրաշալի չէ, իսկ գործողը վստահ է, որ առաջին նախագահը սխալվում է, ինչպես գրեթե միշտ: Այսինքն` փաստաթղթի հրաշալիությունը քննարկելու` Տեր-Պետրոսյանի առաջարկությունն արդյո՞ք նպատակ չուներ գոնե որոշ ժամանակով կանգնեցնել Հռչակագրով նախատեսված գործողությունները, հետեւաբար՝ որոշ ժամանակ ուժը կորցրած ճանաչել տալ այն, հետեւաբար` գոնե որոշ ժամանակով չեզոքացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը  նպաստող, ըստ էության, առաջին ազգային փաստաթուղթը:

 

Արդյունքը, սակայն, մեկն է՝ Տեր-Պետրոսյանին խանգարեց Գագիկ Ծառուկյանի խաղաղասիրությունը: Չմոռանանք, որ ԲՀԿ առաջնորդի վերջին հայտարարությունից հետո Տեր-Պետրոսյանն իր «Սրտի խոսքում» ներկայացրեց Ծառուկյանի սխալները, հետեւաբար, համազգային շարժման տապալման մեղքը գցեց հենց ԲՀԿ առաջնորդի վրա՝ «Դու ինձ չօգնեցիր, դե կորի, գնա» սկզբունքով: Սրանից անմիջապես հետո եռյակի մեկ այլ անդամ` Րաֆֆի Հովհաննիսյանը, Ազատության հրապարակում ներկա ստանալով, հայտարարեց, որ եռյակ այլեւս չկա, արդեն հասկացանք, թե ում մեղքով:

 

Դե, քանի որ նպատակին հասնելը գոնե մոտ ապագայում հնարավոր չէ, իսկ Սերժ Սարգսյանն էլ իր պատասխան հայտարարությամբ, ըստ էության, չէր վիճարկել տարելիցի Հռչակագրի հրաշալիությունը /բա հո չէ՞ր ասելու` չէ, գիտե՞ս, Լեւո'ն, երեւի ճիշտ ես, ընդունված փաստաթուղթը, որի տակ նաեւ ես եմ ստորագրել, հրաշալի չէ, արի, օգնի, հրաշալի դարձնենք այն/, ապա պետք է գոնե ժամանակավորապես «զադնի» տալ, ինչով էլ պայմանավորված է Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույց ունենալու ցանկության կորուստը:

 

Ուրեմն արձանագրենք` առաջին նախագահի ձեռնարկած բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունն ավարտվեց համազգային շարժման տապալմամբ, եւ նրա՝ Հռչակագիրը չեզոքացնելու բոլոր փորձերը գոնե հետաձգվում են, մինչեւ առաջին նախագահը նոր բան մտածի: Խոստովանենք` նա բավական արագ է նոր բաներ մտածում: Բայց նա մի խնդիր ունի` շատերը նրան հիշում ենք, ավելին՝ ճանաչում:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica