close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+12°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անոնք ալ ավելի էշ են

Հարթակ

12 Փետրվարի 2015, 16:14
 Անոնք ալ ավելի էշ են

Ղարաբաղյան պատերազմի տարիներին` մարտերից մեկից հետո, հրամանատար Մոնթե Մելքոնյանը, ըստ հավաստի աղբյուրների, զանգահարում է այն ժամանակ Արցախում ռազմական կազմակերպական հարցերով զբաղվող Սերժ Սարգսյանին եւ հայտնում նրան, որ զինվորները ցանկանում են ժամանակավորապես լքել մարտական դիրքերը եւ կարճատեւ ժամանակով տուն վերադառնալ: Լեգենդար Մոնթեն Սերժ Սարգսյանին իր ոճով ասում է, թե` «ասոնք էշ են»` նկատի ունենալով այն, որ պատերազմը դեռ չի ավարտվել, եւ ոչ ոք իրավունք չունի լքելու խրամատը: Սերժ Սարգսյանը տարակուսանք է հայտնում, թե` «եթե այդպես է, Ավո', ապա ինչո՞ւ ադրբեջանցիները չեն հարձակվում մեր դատարկվող խրամատների վրա եւ գրավում մեր դիրքերը, ինչ է, չե՞ն տեսնում»: Մոնթեն պատասխանում է. «Անոնք ալ ավելի էշ են…»:

 

Ղարաբաղյան պատերազմն ավարտվել է, հուսանք` չի կրկնվի: Արցախն այսօր անկախ պետություն է, ԼՂՀ կառավարությունն անգամ «Ֆեյսբուք»-ում էջ ունի, որին բոլորովին վերջերս կապույտ նշան, այսինքն` պաշտոնական գրանցում շնորհեց ինքը` մեր ժամանակների հերոս Մարկ Ցուկերբերգը: Հայության շրջանում այս փաստը որակվեց որպես հաղթանակ, այն էլ` նշանակալից: Կատակ բան չէ, «Արաբստան քանդող» «Ֆեյսբուք»-ը Ցուկերբերգի ստորագրությամբ պաշտոնապես ճանաչել է Արցախի կառավարությունը, այսինքն` Արցախը: Ու թեեւ Իլհամ Ալիեւը «Ֆեյսբուք»-ում չկա, բայց նրա խորհրդականները հաստատ կտեղեկացնեն Ադրբեջանի նախագահին այս փաստի մասին, Իլհամ Ալիեւն էլ հաստատ կատաղությունից եղունգները կկրծնի` ավելի ուշ էլ «Ֆեյսբուք»-ին հայտարարելով Ադրբեջանի թշնամի:

 

Իսկ հիմա` լուրջ: Այն, որ Արցախի կառավարության էջը կապույտ նշան է ստացել, դեռ ոչինչ չի նշանակում, կնշանակեր, եթե Արցախի պետական դրոշը կանգնեցվեր ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի առջեւ: Ես փնտրեցի եւ հայտնաբերեցի, որ, օրինակ, Հարավային Օսիան եւ Աբխազիան կառավարությունների մակարդակով պաշտոնապես գրանցված չեն «Ֆեյսբուք»-ում /կան ուղղակի այս ինքնահռչակ պետությունների անուններով հասարակական խմբեր/, բայց դա ոչ թե, որովհետեւ Ցուկենբերգը «ուր էլ լինի ղարաբաղցու հետ է ընկերանալու», կամ որովհետեւ հուզված լսել է «Հայի աչեր, սիրուն աչեր» երգը, այլ, որովհետեւ այդ ինքնահռչակ պետությունների կառավարությունները ուղղակի չեն «ֆայմել» նման քայլի դիմել:

 

Փոխարենը «ֆայմել» է Կոսովոյի կառավարությունը, ավելին` «Ֆեյսբուք»-ը կապույտ նշան է տվել «Կոսովոյի կառավարություն» անունով պաշտոնական էջին, սա այն պարագայում, երբ Կոսովոն ամբողջ աշխարհի կողմից ճանաչված պետություն չէ: Ես չգիտեմ ինչպես են ներկայացրել կոսովականներն իրենց հայրենի կառավարության պաշտոնական գրանցումը «Ֆեյսբուք»-ում, բայց եթե պետականորեն տոնած լինեին, հաստատ այդ մասին ինչ-որ միջազգային տեղեկատվական աղբյուրից կիմանայինք: Չգիտենք:

 

Փոխարենը գիտենք, որ «Ֆեյսբուք»-ում պաշտոնապես գրանցված են, օրինակ` «Նապոլեոն Բոնապարտը», «Եղիշե Չարենցը», ինքս էլ ուզում եմ «Ասորեստանի կառավարություն» անունով էջ բացել… Ծիծաղն, ինչպես ասում են լավ է, եթե միայն քեզ վրա չեն ծիծաղում:

 

Իսկ Ադրբեջանում խառնվել են իրար, ընդ որում` ամենատարբեր մակարդակներով: Ճիշտ է, Ցուկերբերգը դեռ չի հայտնվել հարեւան երկրի «սեւ ցուցակում»` Մոնսերատ Կաբալիեի կողքին, բայց ադրբեջանական որոշ հասարակական խմբեր պատրաստվում են պաշտոնական նամակ գրել Ցուկերբերգին` պահանջելով վերանայել «ճանաչված Լեռնային Ղարաբաղի` այսպես կոչված` Հանրապեության կառավարության պաշտոնական գրանցման վերաբերյալ» իր որոշումը: Ինչո՞ւ, որովհետեւ «անոնք ալ ավելի էշ են»:

 

Հ.Գ. Ի դեպ, Մոնթե Մելքոնյանը «էշ» ասում էր` առանց վիրավորել ցանկանալու, հաճախ` շատերին:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica