close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հույսի բարակող թելեր. անհայտ կորածներ

Անտեսված ձայներ

10 Փետրվարի 2015, 14:17
 Հույսի բարակող թելեր. անհայտ կորածներ

Շուշան Խաչիկյանը ամուսնուն՝ Խաչիկին,  վերջին անգամ տեսել է 1990  թվականի հունիսի 25-ին, երբ նա 40  տարեկան էր: «Տարան,  չտվին»,- ասում է արդեն առանց արցունքների:

 

Ոսկեվանցի Խաչիկ Խաչիկյանը Ջողազի ջրամբարի ինժեներն էր,  ադրբեջանցիները նրան գերեվարեցին  գիշերը, երբ վերադառնում էր աշխատանքից  դեպի Ոսկեվան բերող միակ ճանապարհով ՝ ադրբեջանական Բաղանիս-Այրում գյուղով: Որդին` Սասունը,  ոչ մի կասկած չունի՝  հատուկ ընտրեցին հենց իր հորը,  քանի որ  «ակտիվ, երևացող մարդ էր»:

 

25  տարվա ընթացքում   ընտանիքը բազմաթիվ ուղիներ է փնտրել` որևէ լուր, տեղեկություն ստանալու հույսով: Նույնիսկ ադրբեջանցի  2 պատանդի  են իրենց տանը պահել-փայփայել` փոխանակման հույսով: Տիկին Շուշանը պատմում է, որ  սկեսուրն էր  նրանց խնամում՝ որդու հետ փոխանակելու հույսով. «Կեսուրս խղճում էր, շատ շնորհակալ էլ գնացին, երևի սաղ կըլեն»:  

 

Իսկ Խաչիկ Խաչիկյանին չվերադարձրեցին: Կինը՝ Շուշանը, չարչարվում է, բայց չի կարողանում հավատալ, որ ամուսինը ողջ մնացածկլինի, տեսնում է, թե  գերությունից  վերադարձածներն ինչ վիճակում են. «Նա էլ կըլի՞, չէ»: Բացի դրանից` ամուսինն այն տղամարդը չէր, որ 25 տարում մի լուր չուղարկեր. «Եթե կենդանի լիներ՝ ղշի թևով էլ մի խաբար կաներ»:

 

 Հրադադարի հաստատումից մինչ այժմ Հայաստանից ու Արցախից մոտ հազար քաղաքացի է որոնվում,  հաշվառված  են որպես անհայտ կորած: Նրանցից 94-ի վերաբերյալ  կա  հստակ, հավաստի ու օպերատիվ աղբյուրներով ճշտված ինֆորմացիա՝ գտնվում են Ադրբեջանում: Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար  Արմեն Կապրիելյանի տեղեկացմամբ`  2008 թվականից սկսած` ադրբեջանական կողմի հետ աշխատել չի ստացվում:  «Մեր բոլոր  հարցումները մնում են անպատասխան, համագործակցության հնարավորությունը սպառվել է»,- ասում է նա:  Այդ 94  անձանց վերաբերյալ տվյալները  փոխանցվել են  Ադրբեջանի գործընկերներին,  սակայն ոչ մի պիտանի տեղեկություն չի ստացվել : Նրանք մերժում են նաև  որևէ երրորդ երկրում հանդիպելու և անհայտ կորածների ճակատագրերը քննարկելու` հայաստանյան կողմի առաջարկը: Արմեն Կապրիելյանն ասում է, որ շարունակելու են ուղիներ փնտրել , որպեսզի որևէ կերպ ճշտվի, ստուգվի այդ մարդկանց վերաբերյալ տեղեկությունը:  

 

Կարմիր խաչի, ԵԱՀԿ-ի  և մարդասիրական իրավունքի հարցերով զբաղվող միջազգային այլ կառույցների  միջնորդությամբ էլ հնարավոր չի լինում ճշգրտել գերեվարված, պատանդության մեջ գտնվող կամ անհայտ կորած համարվող մարդկանց ճակատագրերը:  Այնինչ` նրանց վերաբերող բոլոր հարցերը կարգավորված են Ժնևյան կոնվենցիաներով ու լրացուցիչ արձանագրություններով: Դրանց, բնականաբար, Ադրբեջանն էլ է միացել: « Չկա մի դրույթ, որ Ադրբեջանը խախտած չլինի» ,- արձանագրում է Արմեն Կապրիելյանը

 

Իսկ ընտանիքները սպասում են: Խաչիկ Խաչիկյանի որդին ասում է` ուրիշ ելք չունի, ուզում է մտածել, որ հայրը մի օր կվերադառնա : Նրանց տունը  ուղիղ ադրբեջանական դիրքերին է նայում: Պատերազմի շունչն այս օջախից չի հեռանում 25 տարի շարունակ: Տիկին Շուշանի ամուսինը չկա,  որդիներից Վաչիկը փամփուշտի պայթյունից ձեռքն է կորցրել, Սասունը ոտքն է վնասել  ականի պայթյունի հետևանքով:  Նա  Մուրմանսկում շինարարությամբ զբաղվող եղբոր մասին է պատմում, գյուղի  տան պատերն էլ եղբայրը երեսպատեց՝  մեկ ձեռքով: Սասունն ինքն էլ սահմանի բերանի իրենց տունը շեն է պահում,  մշտական սպասողականության մեջ էլ այս ընտանիքը  այգի է մշակում, մեղուներ պահում, ապրում: Պատերազմի ամենօրյա հարվածները տան բոլոր անդամների հոգում և մարմնի վրա են, նաև` տան տանիքին, բայց  գյուղից դուրս եկողը չեն: «Քառասուն տարի սև օր եմ քաշել, տուն դրել, ո՞ւր թողեմ, գնամ»,- ասում է Շուշան Խաչիկյանը:

 

Տան կորած տղամարդը գուցե մի օր բացի դուռը: Հավատը տարիների հետ խամրում է, բայց չի կորչում, քանի դեռ հակառակն ապացուցող լուր չի ստացվել: Տիկին Շուշանի սրտում հույսի ամենաբարակ թելը դեռ կա...

 

Թագուհի Մելքոնյան, Ագնեսա Խամոյան

 

 

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica