close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+26°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էսթեր Դավիթյան. «Քառակուսուց դուրս»

Թուղթուգիր

7 Փետրվարի 2015, 15:31
 Էսթեր Դավիթյան. «Քառակուսուց դուրս»

Էսթեր Դավիթյան. «Քառակուսուց դուրս»

***

Արևի աղջիկ

 

Իմ ոսկեմազիկ, հեզիկ ու նազիկ,

արևանման ու արևաբույր,

թավիշապարույր, բազմահրապույր

արևածաղիկ՝ արևի՜ աղջիկ,

այսօր դու լուռ ես, այնպե՜ս տխուր ես:

 

Իմ բարակիրան արևի աղջիկ,

հպարտ, սլացիկ, սաթի պես դեղին,

մաքուր, թափանցիկ արևածաղիկ,

ես հասկանում եմ քո տխրությունը:

Երբ արև չկա, ես էլ տխուր եմ:

 

Երբ դու գլխահակ՝ նրբիկ ու բարակ,

դողում ես, մրսում, դողում է նաև

քո քնքուշ հոգին՝ արև է ուզում,

արևի՜ աղջիկ, քո չափ, քեզ նման

ես էլ եմ մրսում ու հիվանդանում:

 

Ու երբ շփացած քամին անամոթ

քեզ գիրկը առած պաղ-պաղ համբուրում,

լիզում շուրթերդ, հոգիդ է լլկում,

արևի աղջիկ՝ քո չափ, քեզ նման

մեռնել է ուզում նաև իմ հոգին...

 

Հայացքս հառած ամպին, երկնքին,

քո հոգու, նաև իմ հոգու համար

աղոթում եմ լուռ ու թախանձագին,

որ անձրև տեղա, որ արծաթ շաղը

շուրթերդ, հոգիդ մաքրի ու լվա:

 

Խնդրում եմ երկնին, որ արև երկնի,

որ շողը ոսկի, արևի՜ աղջիկ,

թավիշ մարմինդ գրկի, տաքացնի,

ջերմացնի հոգիդ, որ արևաբույր

ժպտաս աշխարհին... որ ես էլ ժպտամ:

 

***

Կապույտ արտասուք

 

 

Իմ կապույտ ծաղիկ փոքրիկ ու խոհուն,

սիրո պատգամ է փնջիկդ սիրուն,

դու հեռու մարդկանց ցավերից անհուն,

դաշտերի անծայր անդորրն ես սիրում:

 

Հանդ ու լեռների կապուտաչ դստրիկ,

երբ անուշ բույրով, նազանքով գողտրիկ

ավետում ես մեզ բերկրանք ու գարուն,

անտես թախիծ է հոգուցդ ծորում:

 

Եվ գիտե՞ն արդյոք, որ դու էլ ինձ պես

տեսնում ես, լսում, տխրում ես նույնպես:

Ավա՜ղ, չես կարող պատմել ու խոսել,

ըզգացումներդ ինձ նման կիսել:

 

Դրա համար էլ քո աչուկներում

ամեն առավոտ լույսի հետ բացվող

ադամանդի մի կաթիլ է դողում՝

կապույտ արցունքդ, որ կոչում են ...ցող:

 

***

Մի աղջնակի

 

Դու ծիծաղում ես: Չէ, ի՜նչ ծիծաղել,

դու քրքջում ես ճիշտ խենթի նման

ու ոչինչ ասել չես կարողանում:

Մի պահ շունչ առնում, ուզում ես խոսել,

բայց ծիծաղի նոր նոպա է բռնում:

Փոթորկի պահին ծովին հանձնված

նավակի նման հույզերիդ ձեռքին

դարձած խաղալիք՝ դու քրքջում ես...

 

Ես շվարում եմ:  Թեև առիթը

դեռ չեմ իմանում, այնպե՜ս վարակիչ,

այնքա՜ն անսանձ է քո այդ քրքիջը,

որ ես ակամա քեզ եմ միանում:

 

Հիմա միասին մենք ծիծաղում ենք,

դու՝ քեզ կորցրած, ես՝ քեզ կորցնելու

վախով համակված ու հասկանալով,

որ չես ծիծաղում, որ այս քրքիջը

ծիծաղի նոպա դարձած մի ճիչ է...

Ու ոչինչ ասել չեմ կարողանում:

 

Ես գիտեմ ինչով պիտի վերջանա

այս փոթորիկը: Հետդ ծիծաղում

ու սպասում եմ, որ որոտն անցնի,

անձրևը տեղա, ծիծաղիդ նման

արցունքդ էլ կիսեմ... Եվ երբ մաքրվի

հոգուդ երկինքը, քեզ կրծքիս սեղմեմ

ու միայն ասեմ՝ հասունանում ես...

 

 ***

Անզորություն

 

Փիրուզը ջրի ու երկնի մովը փաթաթված իրար,

անհունի գրկում չար աչքից հեռու սեր էին անում,

ամպը զայրացավ, վերևից նայեց ծովին սիրահար,

ասաց՝ իմացի՛ր, երկինքը միայն ինձ է պատկանում:

 

Գոռաց, որոտաց ու շանթահարեց խանդով դիվահար,

խառնեց, մթագնեց երկինք ու երկիր մեկ ակնթարթում,

կապուտաչ ծովի հանդարտ հայելին փշրեց խելագար,

փշուրները բյուր ալիքներ դարձան, լողացին տրտում:

 

Բայց հազիվ ափի քար ու ավազին մոտեցած-հասած,

հորիզոնը իր թևը երկարեց, ետ կանչեց նրանց:

Մրրիկը անցել, խաղաղվել էին երկինքն ու ջուրը,

կրկին միացան ծովի կապույտն ու երկնի լազուրը: 

 

***

Նոկտյուրն

 

Երազներ փունջ-փունջ, երազներ հատ-հատ,

երազներ թախծոտ, երազներ զվարթ,

պատուհաններից ու երդիկներից

փողոց են հորդել, շրջում են նորից:

 

Թափառում են մութ գիշերվա խորքում,

զեփյուռի թևով երկինքն են գրկում,

լուսնի շուրթերն են համբուրում գունատ,

աստղերին փարվում կարոտով հրատ:

 

Նոր գաղտնիքներ են փսփսում նրանց,

հին գաղտնիքներ են նրանցից պոկում,

իրար փաթաթված մինչև լուսաբաց՝

անքուն խայտում են գիշերվա գրկում:

 

Սիրում, իրար են տրվում խենթացած

երազները բյուր գիշերվա կեսին,

այնտեղ, ներքևում երկիրն է քնած՝

անլուր-անտեղյակ երկնի հանդեսին:

 

Գիշերը՝ անխոնջ մինչև առավոտ,

թավիշ է հինում թելերից մութի,

հսկում հանդեսը, որ ոչ մի կարոտ

չմնա կիսատ, մերկ ու անոթի...

 

Իսկ արշալույսին մարում է հոգնած

երկնի ջահերը, հանդեսը փակում,

արևածագ ու լույսը չբացված

երազներին վար՝ տուն է ուղարկում:

 

Երազներ փունջ-փունջ, երազներ հատ-հատ,

զարթնող աշխարհին փարվում են հանդարտ,

մարմին են առնում ծագող արևից,

երկրի հանդեսը բացում խնդալից:


***

Էսթեր Բաստրմաջյանը /գրչանվամբ Էսթեր Դավիթյան/  ծնվել է 1941 թ. Լիբանանի Բեյրութ քաղաքում: 1946 թ. ընտանիքը ներգաղթել է հայրենիք, հաստատվել Երևանում: 1965-ին Էսթերը ավարտել է Պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետը և անմիջապես գործի լծվել Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության Ինստիտուտում:  Տեքստաբանության և Գրականության Տեսության բաժիններում Էսթերը կատարել է գիտական մի շարք ուսումնասիրություններ, ի մասնավորի՝ կազմելով Մանուկ Աբեղյանի ակադեմիական հրատարակության 5-րդ՝ տաղաչափության խնդիրներին նվիրված հետազոտությունների ամբողջական-ակադեմիական հատորը, մասնակցելով «Թումանյանը Ժամանակակիցների Հուշերում» հոբելյանական հատորի տեքստերի պատրաստման աշխատանքներին, ուսումնասիրելով Ատոմ Յարճանյանի արխիվը, վերծանելով ու վերականգնելով Սիամանթոյի անտիպ ձեռագրերի գրեթե անընթերնելի հավաքածուն և նյութերը պատրաստելով ակադեմիական տպագրության: Էսթեր Դավիթյանը 1979 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում:  Գրականագիտությունը եղել ու մնում է նրա մասնագիտությունն ու սերը, որին զուգահեռվում է նրա մյուս՝ ստեղծագործական շնորհն ու սերը:  Էսթերը ունի բանաստեղծությունների 3 ժողովածու «Քառակուսուց դուրս», «Երջանկությունը իմ տանն է ապրում» և «Ապրել ինչպես ծառ» խորագրերով, որ հրատարակվել են Երևանում 2003, 2004 և 2007 թվականներին: Շուտով լույս կտեսնի նաև չորրորդ՝ «Սրտիս չորրորդ կտորը» խորագրով չափածո ժողովածուն, իսկ 2011 թվականին Էսթերը  ներկայացրել է իր «Լույս ստվերների համար» ինքնակենսագրական վեպը: 

 

Էսթերին գրավում է թարգմանչի խիստ պատասխանատու աշխատանքը ևս: Նա բնագրից թարգմանել, «Կռունկ» ամսագրում հրատարակել է 16-17-րդ դարի անգլիացի նշանավոր փիլիսոփա Ֆրանսիս Բեկոնի վերջին՝ «Նոր Ատլանտիդա» անավարտ վիպակը և ներկայումս թարգմանում է նույն հեղինակի «Էսսեներ և խրատներ»  ժողովածուն: Բնագրից թարգմանել է նաև համաշխարհային պոեզիայի ներկայացուցիչների՝ օրինակ Ռեդյարդ Կիպլինգի, Ժակ Պրիվերի և Պաստերնակի իրեն հարազատ որոշ ստեղծագործություններ:    

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica