Թռուցիկ
Հարթակ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր հայտարարել է, որ ինքը թռուցիկ է հետեւել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին, որը նա ներկայացրել է «տեղական արտադրության»` «Մուլտի Գրանտ Հոթել»-ում կայացած` ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովում:
Միեւնույն ժամանակ, Զուրաբյանը նշել է, որ «Գագիկ Ծառուկյանի ելույթն իսկապես առաջընթաց էր, քանի որ առաջին անգամ ԲՀԿ-ն հարց դրեց արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ…»: Այսինքն` Զուրաբյանը թեեւ թռուցիկ է հետեւել Ծառուկյանի ելույթին, բայց այսքան բան հասկացել է կամ սա է հասկացել, որովհետեւ թռուցիկ է հետեւել Գագիկ Ծառուկյանի ելույթին:
Պետք չէ, որ ԲՀԿ-ն նեղանա իր դաշնակցի այս խոսքերից, թե իրենք թռուցիկ են հետեւել Ծառուկյանի ելույթին, քանի որ ինքը` Ծառուկյանը, իր իսկ հրավիրած խորհրդաժողովին թռուցիկ է ներկա գտնվել` մասնավորաբար` այն կիսատ թողնելով եւ դահլիճը լքելով, նաեւ լրագրողներին՝ հարցազրույց տալու խոստումը չկատարելով:
Խնդիրն այստեղ բոլորովին այլ է, նաեւ երկրին եւ ժողովրդին թռուցիկ նայելու խնդիր կա: Ի պաշտպանություն Զուրաբյանի, ասենք, որ նա այս առումով միակը չէ: Օրինակ` լուրջ նախարարությունների լուրջ դեպքերով նախարարներ ԱԺ-ում նստած թռուցիկ լսում են պատգամավորներին, թռուցիկ մոդայիկ եւ ազգային-ռազմավարական նշանակություն ունեցող շախմատ են խաղում, թռուցիկ նայում են` «հո սայտերն իրենց մասին վատ բան չե՞ն գրել» եւ թռուցիկ մտածում են ազգի եւ պետության մասին/այս վերջինը նրանք անում են, անգամ քնած/:
Դե, իսկ Գագիկ Ծառուկյանի մասին բոլորս գիտենք` մարդը ե'ւ խոշոր բիզնեսմեն է, ե'ւ ԱԺ պատգամավոր, ե'ւ ոչ իշխանական ամենաբարգավաճ կուսակցության ղեկավարը, ե'ւ բարեգործ, ե'ւ խոշոր հարկատու, ե'ւ նախագահի թեկնածու, ե'ւ տեղական արտադրող: Եվ այս ամենով հանդերձ` ազգի եւ ժողովրդի մասին աննահանջ մտածող ու միմիայն հանուն այս երկու արժեքների գործող, գործող, գործող… Բայց իմաստունն ասում է` երբ դու մի քանի բան անում ես միաժամանակ, ապա ամեն ինչ անում ես թռուցիկ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ