close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+3°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը կրակում է ինքն իր վրա

Հարթակ

5 Փետրվարի 2015, 15:14
 Ադրբեջանը կրակում է ինքն իր վրա

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը ՀՀ Տավուշի մարզի Շավարշավան եւ Բաղանիս գյուղերի դիմաց տեղակայված իր մարտական հենակետերից ինտենսիվ կրակ է բացել սեփական Փարախլի գյուղի ուղղությամբ: Նա ադրբեջանական կողմի այս գործողությունները որակել է որպես սադրանք:

 

Բայց ինչո՞ւ է ադրբեջանական բանակը սկսել կրակել իր իսկ գյուղի ուղղությամբ: Այս հարցի պատասխանը մի շարք կետեր է պարունակում: Առաջին` ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի վերջին նիստում նախագահ Սարգսյանը, ինչպես հիշում ենք, հանդես եկավ հայկական կողմի` հակառակորդին զսպելու նպատակով հնարավոր նախահարձակ գործողությունների մասին հայտարարությամբ:

 

Պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը, որը մինչ այդ ինտենսիվ կրակի տակ էր պահում հայկական հենակետերը, որոշակի դադար վերցրեց` խաղի նոր կանոնին հարմարվելու նպատակով: Եվ ահա ադրբեջանցի զինվորներին հրաման տրվեց կրակել, բայց այս անգամ ոչ թե հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ, այլ` սեփական գյուղի: Չի բացառվում, որ ամենամոտ ապագայում նման պրակտիկայի շարունակման պարագայում ադրբեջանական կողմն ի լուր աշխարհի հայտնի իր քաղաքացիական զոհերի մասին, որոնց թվում, ամենայն հավանականությամբ, կլինեն ծերեր, կանայք եւ երեխաներ:

 

Եվ հասկանալի է, որ այդ գործողությունների համար Ադրբեջանը չի մեղադրելու հարեւան, ենթադրենք վրացական բանակին կամ էլ Լենկթեմուրի զորքին… Աշխարհն էլ, ի լուր իրեն արված` ՀՀ նախագահի վերոհիշյալ հայտարարության համապատկերում, բնականորեն, համաձայնելու է ադրբեջանական կողմի պնդմանը, թե ադրբեջանական` կոնկրետ Փարախլի գյուղի ուղղությամբ կրակ է բացել հենց հայկական` տվյալ պարագայում նախահարձակ կողմը:

 

Երկրորդ պատճառը, թերեւս, հիմնական, առանցքայինն է: Ադրբեջանն իր այս եւ նախկին այլ բազմաթիվ գործողություններով, գաղտնիք չէ, հետապնդում է ԼՂ հակամարտությունը, որն իրենք ներկայացնում են որպես հայ-ադրբեջանական, մշտապես տաք վիճակում պահելու նպատակ: Այսինքն` չդադարեցնելով կրակը շփման գծում, Ադրբեջանն այդպիսով ուղղակիորեն բացատրում է աշխարհին, որ հակամարտությունն ամենեւին էլ չի ավարտվել, որ այն բոլորովին էլ սառած վիճակում չէ, եւ որ ինքը երբեք չի հաշտվելու «ադրբեջանական հողերի օկուպացիայի» հետ:

 

Երրորդ` 1941-ին մի խումբ խորհրդային զինվորներ, անձամբ Ստալինի հրամանով, հագան ֆաշիստական բանակի զինվորների համազգեստ եւ զինված մտան բելառուսական գյուղերից մեկը: Նրանք կոտորեցին ծերերի, կանանց եւ երեխաների, կրկնում ենք` ֆաշիստական բանակի համազգեստով: Ինչո՞ւ, որովհետեւ այսկերպ Ստալինը ցանկանում էր խորհրդային ժողովրդի մեջ ատելություն սերմանել ֆաշիստների նկատմամբ եւ նրանց վերջիններիս դեմ պատերազմի կոչել:

 

Իլհամ Ալիեւը, ենթադրում ենք, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում` առավելաբար հոր շնորհիվ ուսանելու տարիներին մի բան հաստատ կարդացել է` Ստալինի կյանքը եւ գործը:

 

Իսկ ի՞նչ պետք է անենք մենք: Անշուշտ, ինչպես ՊՆ-ն է հուշում, չտրվենք ադրբեջանական հերթական սադրանքին, եւ ոչ միայն ի լուր աշխարհի` երեք լեզուներով, այս սադրանքի մասին տեղեկատվություն տրամադրենք, այլեւ հավաքենք ու անհրաժեշտության դեպքում ներկայացնենք փաստեր, որ հենց ադրբեջանական կողմն է կրակել սեփական գյուղի ուղղությամբ: Կարծում ենք` այս պատմության բացահայտումից կշահի ոչ միայն հայ, այլեւ ադրբեջանցի հասարակության խաղաղ հատվածը:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica