close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+15°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճոլիվուդ

Հարթակ

3 Փետրվարի 2015, 15:44
 Ճոլիվուդ

Իմ ծանոթներից մեկը, ով արդեն հինգ տարի աշխատում է մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկում, մի քանի օր առաջ ինձ հայտնեց, որ ցանկանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ  մանկապարտեզում ամեն ամիս մի փոքրիկ բեմադրություն իրականացնել, եւ որ այդ շարքն անպայման ներառվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների ցուցակում: Ընդ որում` ծանոթս ինձ հաղորդեց, որ ֆինանսական հարցերն ամբողջովին լուծված են /ինքն է լուծել/, բայց չի ցանկանում, որ փոքրիկները խաղան, քանի որ «թեման շատ լուրջ է, մեծական, եւ ասելիքը պետք է տեղ հասցնեն միայն վարպետները»:

 

Ես անմիջապես մտածեցի, որ կարելի է այս ազգանվեր, խիստ հայրենասեր գործում ներգրավել մեր հանրահայտ դերասաններին, նաեւ վաստակավոր արտիստներից շատերին, օրինակ` Արա Դեղտրիկյանին, Արտաշես Ալեքսանյանին, Լուիզա Ղամբարյանին, Հովակ Գալոյանին, այլոց… Ինչո՞ւ` ոչ, նախ` փողը կա, երկրորդ` թեման Ցեղասպանությունն է, երրորդ` նրանց ներկայությունն արդեն իսկ ֆիլմը կմտցնի պետական միջոցառումների շարքը, բացի այդ եւ ամենակարեւորը` նրանց համար ի՞նչ տարբերություն` որտեղ են խաղում` սերիալո՞ւմ, Ցեղասպանության մասին պատմող ֆիլմո՞ւմ, թե՞ մանկապարտեզի միջոցառումում, հիշեցնեմ` ֆինանսական հարցերը ամբողջովին լուծված են:

 

Այս նախաբանը հիշյալ դերասանները թող ընդունեն որպես պաշտոնական առաջարկություն, իսկ մենք մի փոքր խոսենք «ճ» տառի մասին: Պարզվում է` այս տառը Մեսրոպ Մաշտոցը հենց այնպես չի հնարել, սա միայն տառ չէ, այլ տեսակ, օրինակ` երբ ինչ-որ մեկի, ենթադրենք դերասանի կամ ֆիլմի մասին ասում են «ճ» կարգի, կնշանակի, որ այդ դերասանը եւ ֆիլմը չեն համապատասխանում բարձր կարգին:

 

Օրինակ` հայկական եթերում սփռված սերիալները բոլորն անխտիր «ճ» կարգի են, հետեւաբար, եթե այնտեղ խաղացող դերասանները «ճ» կարգի չեն, ապա գոնե խաղում են «ճ» կարգի ֆիլմում: Չմոռանանք, որ այնտեղ եւս լուծված են բոլոր ֆինանսական հարցերը: Եվ հիմա ստացվել է այնպես, որ բազմաթիվ հայ դերասաններ, չկարողանալով հաստատվել, օրինակ` Հոլիվուդում, հիմնադրել են, գուցե ակամայից, իրենց սեփական «Ճոլիվուդը»: Փողը կա, հասարակության ուշադրությունը` եւս, վաստակավորի կոչում տալիս են, իսկ էլ ի՞նչ է պետք դերասանին: Նրանք հո պարտավո՞ր չեն իրենց առաջարկված ֆիլմի սցենարը կարդալ, տվել են /փող/, խաղում են, էլի: Ի՞նչ կարեւոր է` ինչի մասին է պատմում այդ ֆիլմը, ինչ է քարոզում, իրենք հո պարտավո՞ր չեն այս ժողովրդին արթնացնել, սթափեցնել, դաստիարակել, ցույց տալ գեղեցիկը, լավը, ազգայինը… Իրենց գործը խաղալն է` փողի դիմաց, իրենք էլ հրաշալի կատարում են իրենց գործը, օրինակ` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հիշողություն» ֆիլմում:

 

Ինչպես գիտենք` այս ֆիլմի, սովետական ժամանակներում կասեին` դիրեկտորը Հակոբ Հակոբյանն է, ով արվեստի աշխարհում հատկապես հայտնի է` Ճոյտ անունով: Ենթադրում ենք, որ մի օր, երբ Ճոյտը նստած է լինում Հայաստանի հրաշք բնությամբ պարուրված իր առանձնատանը եւ մտածելիս է լինում բացառապես ազգային, հայրենասիրական թեմաների մասին, հանկարծ հասկանում է, որ ինքը պետք է ֆիլմ նկարի, ընդ որում` ոչ թե, ենթադրենք, օլիգարխների մասին կամ արտագաղթի, կամ` աղքատության, կամ` պատգամավոր դառնալու առանձնահատկությունների, այլ կա'մ Ղարաբաղյան պատերազմի, կա'մ Հայոց ցեղասպանության մասին:

 

Ինչո՞ւ` երկու պատճառով: Նախ` ինքը` Ճոյտը, կարծում է, որ այդ թեմաներից մեկը պետք է վերցնի, քանի որ ինքը հայրենասեր տղա է եւ ուզում է «էս ազգի համար մի բան անի», եւ երկրորդ, ավելի օբյեկտիվ պատճառն այն է, որ այս երկու թեմաները մեզանում դարձել են փողոցի պես մի բան` ով ասես, երբ ասես քայլում է վրայով:

 

Մի որոշ ժամանակ եւս մտածելուց հետո Ճոյտը հասկանում է, որ «վսյո տակի» կվերցնի Ցեղասպանության թեման, որովհետեւ «շուտով գալիս է Ցեղասպանության 100 ամյակը /ոչ թե տարելիցը/, եւ պետական միջոցառումներ են լինելու, իմ կինոն էլ կմտցնեմ էդ ցանկում, միանգամից անուն կհանեմ, հայտնի կդառնամ` որպես հայրենասեր տղա, ու չի բացառվում, որ վաստակավոր ռեժիսորի կոչում տան, չկա այդ կոչումը, բայց իմ համար կհորինեն եւ միայն ինձ կտան»:

 

Եվ քանի որ Ճոյտը փողի պակաս չի ունենում, իսկ թե որտեղից նրան փող, դեռ կխոսենք, անմիջապես զանգում է կինոյի գործում ծանոթ ունեցող իր ծանոթին եւ ասում` հենց վաղվանից սկսում ենք: Եվ սկսում են, զուգահեռ` Ճոյտը սցենար է գրում, ֆիլմի աշխատանքային անունն էլ դնում «Հիշողություն», թեեւ իրականում սցենար գրելիս ոչ թե հիշում է, այլ պատկերացնում: Բայց քանի որ ինքը` Ճոյտը, բազմազբաղ մարդ է, ցերեկները բիզնես է անում, իսկ գիշերները` մինչեւ լույս, սցենար գրում, ֆիլմը նկարահանելու համար զուտ ձեւականորեն հրավիրվում է ռեժիսոր Քաջայր Հակոբյանը: Հրավիրում են նաեւ դերասանների` Արա Դեղտրիկյանին, Արտաշես Ալեքսանյանին, Լուիզա Ղամբարյանին, Հովակ Գալոյանին, այլոց, եւ սկսվում է Ճոյտի պատմությունը Ցեղասպանության մասին:

 

Այս տարի ֆիլմի նկարահանումն ավարտվեց, բայց ֆիլմը ո'չ ընդգրկվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների ցանկում, ո'չ էլ գոնե մոտ ապագայում կցուցադրվի: Պարզվում է, համենայն դեպս, ըստ Ճոյտին ուղղված մեղադրանքի, նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում` խարդախության, պետական միջոցների յուրացման, նաեւ այլ ֆինանսական ապօրինի գործարքների եւ դրանք թաքցնելու մեջ: Ընդ որում, ըստ ժամանակագրության, այս ամենը Ճոյտը, ըստ մեղադրանքի, արել է, ճիշտ այն ժամանակ, երբ սկսել է իր ֆիլմի նկարահանումները, հետեւաբար, եթե մեղադրանքը հաստատվի, ապա կստացվի, որ Ճոյտը պետությունից փող է գողացել, որպեսզի ազգի համար կինո նկարի:

 

Ճոյտին բռնել են… Բայց այս պատմությունն իրականում նրա մասին չէր, ոչ էլ նրա եւ պետության հարաբերությունների, այլ պարզապես ծանոթներիցս մեկը, ով արդեն հինգ տարի աշխատում է մանկապարտեզում, խնդրել էր, որ ես հիշյալ դերասաններին իր անունից պաշտոնապես առաջարկեմ խաղալ իր սցենարով բեմադրված` մանկապարտեզի միջոցառումների շարքում, ես էլ առաջարկեցի: Հիշեցնեմ` փողը կա… Չի բացառվում, որ վաստակավորի կոչում էլ տան:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica