close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանապահ գյուղի անշունչ գործարանը

Անտեսված ձայներ

2 Փետրվարի 2015, 17:45
 Սահմանապահ գյուղի անշունչ գործարանը

65-ամյա Օնիկ Զաքարյանն աշխատասենյակի չհրկիզվող պահարանը բացում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ժամանակին այդտեղ մեծ գումարներ էին պահվում, հիմա` միայն կարևոր փաստաթղթեր: Սահմանապահ Խաչիկ գյուղի դպրոցի հաշվապահը թվաբանական հաշվարկները սկսել է համրիչով, հիմա արդեն հարմարվել  է համակարգչին: Ինքնուրույն մի քանի ծրագրեր է սովորել, ասում է դժվար չէր: 

5 տարի առաջ Խաչիկում համացանց չկար, փոխարենը խոշոր արդյունաբերական ցանց կար, որի արտադրանքը հետո՝ 90-ականներին, գործի դրվեց սահմանից այն կողմ ապրող հարևանների հետ չլուծված հարցերը պարզելու համար: 1970-ին հիմնադրված ռելեի գործարանը հանրապետության զինտեխնիկայի մատակարարներից էր: Օնիկ Զաքարյանն այն ժամանակ գործարանի տնօրենն էր: Երկու հերթափոխով էին աշխատում, առնվազն 120 աշխատակից կար:

 

«Դետալները պատրաստում էին Եղեգնաձորում և Երևանում, հետո բերում էինք էստեղ, հավաքում, պատրաստի արտադրանք ստանում»,- պատմում է նախկին տնօրենը:

 

Ռելեի գործարանի նախկին շենքը ցույց տալիս Օնիկը հիշում է շենքի մի մասում գործող բուժկետը: Վաղուց արդեն բնակելի շենքի վերածված բուժկետում ժամանակին փորձառու և ճանաչված մաշկաբան էր աշխատում` Գրիշա Կարապետյանը: Օնիկի խոսքով` անգամ հարևան Վրաստանից էին գալիս նրա մոտ` մաշկային հիվանդություններ բուժելու: Հեղինակավոր բժիշկը սիրված էր նաև հարևան Ադրբեջանում:

Օնիկ Զաքարյանի կինը` տիկին Դուխիկը, պատմում է. «Բժիշկը որտեղ հայտնվում էր, իրենք, դռները բացած, խանութներում ինչ կար չկար, բերում, ասում էին` առեք: Խաչիկցիները հաճախ էին Նախիջևանից ապրանքներ գնում: Նախիջևանցիներն էլ օգտվում էին Խաչիկ գյուղի հնարավորություններից»:

 

«Մենք Երևան Նախիջևանով էինք գնում, էնտեղից ավելի հարմար էր, վտանգավոր չէր, շաբաթական ավտոբուսը տանում, հետ էր բերում»,- ասում է Օնիկն ու համեմատում ներկայի հետ. «Մեքենայով կամ տաքսիով ենք գնում, մի 15 հազար դրամ նստում է: Սեփական մեքենայով ամնաէժանը 10 հազար է նստում»:

 

Տիկին Դուխիկն ամուսնու հետ վերջին անգամ Նախիջևանով Երևան է գնացել 1988-ին: Հայ-ադրբեջանական լարվածության առաջին նշաններն էլ նկատել է հենց ավտոբուսից: «Իրենց գյուղերով, որ մեկ-մեկ անցնում էինք, իրանց երեխեքը կարող ա քար վերցնեին, ավտոբուսի հետևից խփեին: Էդ բաները կար, բայց այդքան լարված, սրված չէր… Լավ էր, էլի, ապրում էինք իրար մեջ»,- հիշում է նա:

 

Պատերազմի տարիներին Օնիկ Զաքարյանը եղել է Խաչիկի պաշտպանության շտաբի ղեկավարը: Իսկ այսօր գյուղը պաշտպանում են նրա որդիները: Երկուսը պայմանագրային զինծառայողներ են: Տիկին Դուխիկն իրեն երջանիկ է համարում՝ երեք որդիներին ամուսնացրել է: Հարսներից մեկն էլ գործարանի նախկին աշխատակիցների դուստրն է:

 

Ճակատագրի բերումով գործարանի տնօրենի հետ խնամիացած Հրաչ Սարգսյանը ռելեի գործարանում նախ որպես բանվոր է աշխատել, հետո՝ վարպետ, կնոջ` Սուսաննայի հետ ծանոթացել է հենց գործարանում:

 

«Սիրտս կպավ իրա գեղեցկությանը, որակյալ բանվորուհի էր, հետո՝ իմ բանվորուհին էր: 81-ի հոկտեմբերին ամուսնացել ենք, մեծ հարսանիք արեցինք, զուռնայով իրենց տանից գնացինք մեր տուն»,- պատմում է Հրաչը:

 

Սարգսյանների ամուսնության տարին հաջող էր. գործարանում այդ տարի 4 զույգի ճակատագիր խաչվեց: Երեք օր տևած ճոխ հարսանիքը մտաբերելուց հետո, սակայն, նախկին վարպետը խոնարհում է գլուխը: Պայմանագրային զինծառայող որդուն վերջերս է ամուսնացրել, հարսին առանց զուռնայի, սուսուփուս են բերել. «Իրենց հարսանիք չարեցինք, չստացվեց…»:

 

Գործարանի կոլեկտիվի խունացած ու պայծառ նկարները տնտղելիս ամուսինները թվարկում են բանվորական աշխատավարձով այցելած երկրներն ու հանգստավայրերը: Տիկին Սուսաննան ափսոսում է, որ նորապսակ հարսին ու որդուն չկարողացան մի տեղ ուղարկել: «Հիմա դժվարանում ենք ուղարկել, չկան էդ պայմանները, հնարավորություն չկա»,-խոստովանում է կինը:

Նախկին վարպետը հիշում է՝ գործարանում ընտանիքի պես էին, հաճախ էին կոլեկտիվով էքսկուրսիաներ կազմակերպում, օրերով դաշտում մնում, երգում, քեֆ անում: Ամուսինները խոստովանում են՝  իրար գլխի հավաքվել ու բարի ավանդույթները վերականգնել չեն կարող՝ նախկին աշխատակիցներից շատերը գյուղից հեռացել են: «Շատ մարդ դուրս ա եկել գյուղից, գնացել են ուրիշ տեղ են ապրում: Շատ կուզենք հավաքվենք, բայց չի ստացվում»,- ասում է Հրաչը:

 

Գործարանի, գյուղական առօրյայի մասին խոսելիս ամուսինները մտաբերեցին նաև սահմանից այն կողմ ապրող հարևաններին: Խաչիկի ջոկատում կռված Հրաչ Սարգսյանն այսօրվա պես հիշում է Նախիջևանում իր հետ պատահած մի պատմություն:

 

«88-ն էր, երբ նոր-նոր խառնվել էր, մեզ մոտ բենզին չկար, գնացի էնտեղից բենզին գնեցի, պեսոկ գնեցի, բայց` նիսյայով, որ ռելեի աշխատավարձը ստանամ, տամ: Խանութն ու չայխանեն իրար կպած էին, 60-70 տարեկան մի բիձա վեր կացավ, ինձ մի հատ ապտակ տվեց, ասեց, թե` ինչի՞ ես մեր հասանելիքը տանում: Խանութի աշխատողը ծանոթ էր, դուրս եկավ բաժանեց, եկավ ինձ խփողին ապտակ տվեց, ասեց` ինչ անում ա, կառավաությունն ա անում, էս երեխեն ի՞նչ մեղավոր ա,  ու աչքով արեց՝ հասկացրեց, որ փախի ...

Դողալով հետ եմ եկել, բայց գումարն ամսի վերջում խանութի աշխատողի ծանոթի հետ ուղարկեցի, դա վերջին անգամն էր, որ գնացի»,- պատմում է Հրաչը:

 

Երկու ընտանիքներն էլ Նախիջևան գնալու կամ պարզապես այնտեղով անցնելու մասին առայժմ պատկերացնել չեն կարող: Նման հեռանկար կլինի, երբ սահմանին վերջապես լռեն կրակոցները, եւ խաչիկցիներն իրենց որդիներին դիրքեր ճանապարհելու կարիք չունենան: 

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica