close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այդ հպարտ հայը՝ Ֆելիքս Ալիևը

Անտեսված ձայներ

26 Հունվարի 2015, 18:58
 Այդ  հպարտ հայը՝  Ֆելիքս Ալիևը

Ամեն անգամ, երբ հայ-ադրբեջանական սահմանին հերթական միջադեպն է  գրանցվում, Ֆելիքս Ալիևը տեղը չի գտնում. «Էդ ազգանունն ինձ վրա ա, վատ եմ զգում»:  Էջմիածինցի  Ալիևը սպասված խաղաղության հույսը կապում է միայն Ադրբեջանի իշխանության, կոնկրետ` իր ազգանվանակցի  փոփոխության հետ: Վստահ է ՝  «եթե ղեկավարությունը չփոխվի՝ դժվար ա»:

 

Ֆելիքս Ալիևի երակներում  հայի և ադրբեջանցու արյունները միահյուսված են: Հայրը Էջմիածնում հայտնի կլարնետահար  Ասկար Ալիևն է՝ Ուստա Ալին, մայրը՝ Եպրաքսյա Դանիելյանը: Ապրել են հաշտ ու համերաշխ,  այժմ էլ կողք կողքի խաղաղ ննջում են Էջմիածնի գերեզմանատանը :  Ֆելիքս Ալիևը պատմում է, որ մի փոքրիկ միջադեպից հետո  իր հայրը ՝ Ասկար Մամեդի Ալիևը,  մկրտվել է հայ առաքելական եկեղեցում. «Ահագին մեռոն են լցրել վրան, բայց էլի ասում էին` թուրք Ալի»:

 

Ֆելիքս Ալիևը ծնվել-մեծացել է Էջմիածնում:  76 տարեկան է, բայց շարունակում է ամեն օր պատանու քայլվածքով հաղթահարել Էջմիածին -Գեղակերտ ճանապարհը՝ այդ ընթացքում վայելելով իրեն ուղղված ջերմ ու հարգանքով լի հայացքները: Ընկեր Ֆելիքսը  Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի հիմնադիրն է ու ավագ մարզիչը՝ արդեն 46 տարի:  Հազարից ավելի սաներ է ունեցել`  35 սպորտի վարպետ, 7 միջազգային կարգի  վարպետ : Նրա սաների շարքում հնչեղ անուններ են`  ծանրամարտի աշխարհի չեմպիոն , բազմակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանից մինչև Եվրոպայի փոխչեմպիոն Վանիկ Ավետիսյան: Բոլորին  նա է մարզել: Մարզադպրոցի այսօրվա տնօրենն էլ, բոլոր մարզիչներն էլ ընկեր Ֆելիքսի սաներն են: Մարզիչն իր սաների միայն մարմինը չէ, որ կոփում է, մարզադպրոցի նրա սեղանը լի է  զանազան  խրատական գրություններով, տարբեր տեղերից հավաքած   խունացած թերթիկներով: «Կամք՝ կոփված համբերության հնոցում»,- թերթիկներից մեկն է կարդում Ֆելիքս Ալիևը և բացատրում. «Մարդ պիտի համբերություն ունենա ամեն ինչում»:   

 

Ադրբեջանցի մարզիչը   հաճույքով չի հիշում, բայց ամեն դեպքում հպարտանում է՝  երբ սահմանին թեժ կռիվներ էին, իրեն թարս հայացքով նայողներ լինում էին, և ամեն անգամ ընկեր Ալիևի թիկունքին կանգնում էին  նրա սաները: Նրանց հարգանքն ու սերը վայելում է մինչև այսօր:  «Ինքը համարում է, որ սա է իր հայրենիքը, ուրիշ հայրենիք չունի»,- ասում է   Սամվել Խոստեղյանը` Ֆելիքս Ալիևի նախկին սանը: Մարզադպրոցի տնօրեն Վիգեն Խաչատրյանն էլ ապագա հաջողությունները միայն ավագ մարզչի հետ է կապում. «Ինքը մեր մեծն ա, մեր ծնողն ա»: Պատրաստվում են Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ու, իհարկե, օլիմպիական խաղերին:   «Չեմպիոններ դեռ կլինեն »,- վստահ է Ֆելիքս Ալիևը:  Նա իր  սաներին նաև սիրո դասեր է տալիս` իհարկե, դարձյալ գրությունների միջոցով: Կարդում է եւս մի հին թերթիկ. «Սիրահարվել, ամուսնանալ, ընտանիք կազմել` կյանքի կարևոր խորհուրդն է»: Արդեն պարզ է ՝ մարզիչը չի ձախողել նաև այս ճակատում. «Բախտս բերել ա, լավ աղջիկ եմ առել»:

 

Տիկին Ջուլիետան մեդալների ծանր պարկն է բացում` թեթև սեթևեթելով.  «Հլը էսիգ քիչ է Ֆելոյիս համար» : Սեղանին է փռում  ամուսնու` տարբեր տարիներին ստացած փայլփլուն մեդալները, բազմաթիվ պատվոգրեր, վկայագրեր, այդ թվում  Խորենացու մեդալն է` անկախության 20-րդ տարեդարձի առթիվ : «Էս հերիք չի՞ »,- հպարտանում է  Ֆելիքս Ալիևը: 48 տարի հայ-ադրբեջանական այս զույգը միասին է, սերը տաք է մինչ օրս: Տիկին Ջուլիետան  իր հայտնի ամուսնու մասին խոսելիս անընդհատ շեշետում է. «Ֆելոս լավն է» :  Երբ իմացել է, որ ընտրյալն ադրբեջանցի է, կանգ չի առել, ասել է` «մարդս մարդ ըլնի» և չի փոշմանել : Փնտրում էր հենց այսպիսի գեղեցիկ, բարձրահասակ, «սարթ» տղամարդու. «Տղամարդ կա, ոնց որ կնոջ կինն էղնի»,-  ծիծաղում է տիկին Ջուլիետան:

 

Այս սիրուց ծնվել են Ալիևների երեք երեխաները` Հեղինե և Աննա  դուստրերն ու Վլադեկ որդին:  Աղջիկներից մեկը մոր՝ Ենոքյան ազգանունն է կրում, մյուսը՝ ամուսնու ազգանունն է վերցրել, իսկ Ուկրաինայում բնակվող Վլադեկը  կրում է հոր ազգանունը, որդուն էլ հոր անունն է տվել: Փոքրիկ Ֆելիքս Ալիևը  պապի հետքերով  ծանրամարտով է զբաղվում, հաջողությամբ ներկայանում է Հայաստանի դրոշի ներքո: Էջմիածինցի Ֆելիքս Ալիևը հպարտանում է թե’ իր, թե’ թոռան հաջողություններով: «Նշանակություն չունի, որ իրանք Ուկրաինայում են, իրանց պապը ստեղ ա ու 99 տոկոսով հայ ա»,- ասում է նա:Իսկ ինչո՞ւ ոչ 100 տոկոսանոց հայ: Ֆելիքս Ալիևն այս հարցի պատասխանն էլ ունի. «Որովհետև 100 տոկոսանոց բան չկա»:

 

Ալիևն իր համարյա 100 տոկոսանոց սերը Հայաստանի հանդեպ արտահայտում է` ոչ միայն հայ մարզիկներին աշխարհի տարբեր պատվանդաններին հասցնելով, այլև պոեզիայի միջոցով` նա նաև գրում է. «Դարերի միջից քո ձայնն եմ լսում, իմ Հայաստան, որտեղ լինեմ գովքդ եմ անում :  Բանաստեղծությունների տետրում հիմնականում Հայաստանին, Արցախին վերաբերող տողեր են և միայն մի գողտրիկ գործ կա ՝ վերնագրված «Ջ-ի 50 -ամյակին», սիրային մոտիվներով է. «Համեստ, քնքուշ  հրեշտակին ... քեզ շունչ տվող ու գուրգուրողից»:

 

Հ. Հարությունյան, Ա. Խամոյան

 

 

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica