close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2018
+20°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուսինե Զաքարյանի` անտերության մատնված տունն ու պատկան մարմինների անտարբերությունը

Մշակույթ

26 Հունվարի 2015, 16:45
 Լուսինե Զաքարյանի` անտերության մատնված տունն ու պատկան մարմինների անտարբերությունը

2007-ին 72 տարեկան հասակում մահացավ երգիչ, խմբավար Խորեն Պալյանը: Պալյանի մահից 5 տարի անց` 2012-ի նոյեմբերին, առաջին անգամ բարձրաձայնվեց այն մասին, որ Պալյանի և հայ հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի տունն ու տանը եղած ողջ ժառանգությունն անտերության են մատնված:

 

Բանն այն է, որ Լուսինե Զաքարյանի մահից հետո տունը /Կողբացի 42/ անցել էր Խորեն Պալյանին, իսկ Պալյանի մահից հետո` նրա զարմիկներին: Այն, որ տունն անտերության է մատնված, հայտնի դարձավ միայն այն դեպքից հետո, երբ ջրով ողողվեց ներքևի բնակարանը: Զաքարյանի բնակարանի ներքևի հարկում էր գտնվում նկարիչ, ճարտարապետ Վան Խաչատուրի արվեստանոց-թանգարանը, որտեղ առկա նկարներն ու քանդակները վնասվել էին կաթկթացող ջրից: Հարցն առաջին անգամ բարձրացրեց Վան Խաչատուրի կինը՝ Արփենիկ Ղազարյանը, ով վթարի պատճառը պարզելու և հետևանքները վերացնելու համար դիմել էր համատիրությանը, սակայն, ըստ տիկին Արփենիկի, բացի շենքի բնակիչների մի մասին խմելու ջրից զրկելուց, համատիրությունն այլ բան չէր արել:

 

Նշենք, որ Պալյանի մահից հետո ոչ ոք չի ապրում այդ բնակարանում և կոմունալ վարձերը չմուծելու պատճառով՝ բնակարնում նույնիսկ էլեկտրականություն չկա:

 

Հանրային խորհուրդն իրավասու է և իրավասու չէ, միաժամանակ


Այդ ժամանակ yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան մշակույթի նախարարությունից պատասխանել էին, որ բնակարանը Խորեն Պալյանի եղբորորդու՝ Րաֆֆի Պալյանինն է, այսինքն` այն սեփականատեր ունի, ժառանգներ, եւ այս դեպքում մշակույթի նախարարությունն իրավասու չէ ոչինչ անել. «Մենք անգամ իրավունք չունենք գնալու բնակարան եւ ինչ-որ իրեր փրկելու համար դրանք տեղափոխել բնակարանից»:

 

Սակայն հարցի լուծման տարբերակներ, այնուամենայնիվ, որոնողներ կային: 2013-ի նոյեմբերի 10-ին Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի հերթական նիստում քննարկվեց Լուսինե Զաքարյանի ֆեյսբուքյան էջի հիմնադիր Վարդուհի Սուքիասյանի ներկայացրած հարցը` Լուսինե Զաքարյանի եւ Խորեն Պալյանի բնակարանը վերածել տուն-թանգարանի:

 

Սուքիասյանը ներկայացրեց, որ Րաֆֆի Պալյանը` Խորեն Պալյանի եղբորորդին եւ տան ժառանգներից մեկը, երդվել է, որ տունը կվերածի տուն-թանգարանի, բայց այդպես էլ ոչինչ չի արել: Ավելին` տնից անհետացել են Լուսինե Զաքարյանի սկավառակները: Հարցը Հանրային խորհրդում քննարկելու օրը Հանրային խորհրդի նիստը վարում էր ճարտարապետ, Հանրային խորհրդի անդամ Լեւոն Իգիթյանը: Նա սրահում գտնվող իրավաբանին ասաց. «Ավելորդ քննարկում պետք էլ չի, որովհետև բոլորս էլ կողմ ենք, որ այն թանգարան դառնա: Դուք` որպես իրավաբան, ուղղակի հուշեք մեր քայլերը»: Իրավաբանն էլ, իր հերթին, նշեց, որ անհրաժեշտ է դիմել արդարադատության նախարարություն, որպեսզի տան ժառանգներին անարժան համարեն և տունը փոխանցեն պետությանը: Իգիթյանն էլ, հետեւելով իրավաբանի խորհրդին, ասաց, որ առաջիկայում, հարցի հետ կապված, կդիմեն ՀՀ արդարադատության նախարարին:

 

Այդ օրվանից անցել է 1 տարի, հարցը, սակայն, մնում է օդում կախված: Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հանրային խորհուրդ` ճշտելու` արդյո՞ք Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը դիմել է արդարադատության նախարարություն, և եթե` այո` ի՞նչ պատասխան է ստացել, եթե ոչ` ինչո՞ւ: Հարցման մեջ նշել էինք նաև, որ կուզենայինք տեղեկանալ` Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովը հարցը կարգավորելու և երգչուհու բնակարանը տուն-թանգարանի վերածելու համար առաջիկայում պատրաստվո՞ւմ է ինչ-ինչ քայլեր ձեռնարկել կամ ինչպե՞ս է տեսնում հարցի լուծումը:

 

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը, մեր հարցմանն ի պատասխան, նշել էր, որ, այո, Հանրային խորհրդի նիստում քննարկվել է անվանի երգչուհի Լուսինե Զաքարյանի և նրա ամուսին Խորեն Պալյանի բնակարանը տուն- թանգարանի վերածելու հարցը: «Քննարկման մասնակիցները միաձայն կողմ քվեարկեցին վիճահարույց բնակարանը տուն-թանգարանի վերածելու հարցին: Սակայն քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ խնդիրը կարող է լուծվել միմիայն իրավական դաշտում, և հարցի կարգավորման համար կան օբյեկտիվ պատճառներ /հարցի դրական լուծման համար ժառանգների անարժան համարումը օրենքի շրջանակներում, տուն-թանգարան հիմնելու համար վերոնշյալ սեփականատիրոջ կողմից բնակարանի պետության հանձնումը կամ նվիրաբերումը/: Քանի որ մշակույթի ենթահանձնաժողովի գործառույթների մեջ չեն մտնում այդ հարցի լուծման իրավաբանական խնդիրները, ուստի այդ հանձնառությունը իր վրա վերցրեց նախաձեռնող խումբը՝ ի դեմս Վարդուհի Սուքիասյանի»,- ասաց պարոն Մանասյանը:

 

Ուշագրավ է, որ որոշում, թե հարցով պետք է զբաղվի Վարդուհի Սուքիասյանը, չի ընդունվել: Ավելին` Լևոն Իգիթյանն ասել է, որ կդիմեն արդարադատության նախարարին. «Եկեք` դիմենք, տեսնենք` ինչ կասեն»: Ստացվում է` հանրությունը հույսը դրել էր Հանրային խորհրդի վրա, որ այն կդիմի նախարարությանը, սակայն նրանք հասկացել են, որ հարցն իրենց իրավասության շրջանակներում չէ: Ընդ որում` այս մասին տեղեկանում ենք 1 տարի անց` գրավոր հարցման արդյունքում:

 

Մշակույթի նախարարությունը նույնպես չի կողմնորոշվում


Եթե Հանրային խորհուրդը, մշակույթի նախարարությունն իրավասու չեն լուծել խնդիր, որը հուզում է հանրությանը, ապա ո՞րն է նրանց իրավասության շրջանակը` սահմանափակվել միջոցառումներ կազմակերպելո՞վ: Սակայն դեպքերը հետագայում այլ ընթացք ստացան, և մշակույթի նախարարությունը, թեեւ իրավասու չէր հարցի լուծմամբ զբաղվել, փորձեց ինչ-ինչ քայլեր անել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը նշեց, որ դեռ 2011-ին իրենք հանդիպել են Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի ժառանգներից՝ Պալյանի եղբորորդիներից մեկի հետ (նրանց է պատկանում բնակարանը` սեփականության իրավունքով) և միասին այցելել վերոնշյալ բնակարան: Բացի այդ, Սամուելյանի հավաստմամբ, իրենք տան ժառանգներին դիմել են նաև գրավոր, որից հետո հեռախոսազրույց  է տեղի ունեցել: «Բնակարանը 2-3 ժառանգ ունի, և միայն 1 կողմն է այստեղ: Բնակարանը սեփականություն է, իսկ ՀՀ Սահմանադրությամբ` քաղաքացու սեփականության իրավունքն առաջնային է համարվում: Հայաստանում գտնվող ժառանգներից մեկի հետ այցելել էինք բնակարան, և այն, ինչ տեսանք, այդ տեսքով հնարավոր չէ թանգարան սարքել: Լքյալ բնակարան էր, և մեծ արժեք ներկայանցող իրեր չկային»,- ասաց Սամուելյանը:

 

Նա նշեց նաև, որ վերջին անգամ բնակարանի ժառանգներից մեկի հետ խոսելիս նրան տեղեկացրել են, որ Գրականության և արվեստի թանգարանում բացվում է մեծ ցուցադրություն, և Լուսինե Զաքարյանից մի մասունք նույնպես տեղ է գտել այնտեղ, և եթե կան էլի իրեր` իրենք ուզում են դրանք նույնպես ցուցադրել: Սակայն որևէ արձագանք չի եղել: Ինչ վերաբերում է տունը թանգարանի վերածելուն, ապա, Սամուելյանի հավաստմամբ, իրենք ելքը հուշել են բնակարանի ժառանգներին. «Քանի որ պետությունը չի կարող բռնագրավել այն, եթե ժառանգները կուզենան, որ այն լինի հուշ-թանգարան, ապա բնակարանի տիրոջ իրավունքը պետք է տրվի «Պալյան» հիմնադրամին: Ելքի մասին մենք նրանց նաև գրավոր ենք հուշել, այնպես որ` գնդակը նրանց դաշտում է»:

 

Հարցին, թե արդյո՞ք մշակույթի նախարարությունը չունի նման լիազորություն` խնդրի կապակցությամբ դիմել ՀՀ արդարադատության նախարարութուն, որպեսզի ժառանգներին անարժան համարեն, և տունը տրվի պետությանը` հետագայում այն թանգարանի վերածելու նպատակով, Սամուելյանը պատասխանեց, որ նման նախադեպեր չեն եղել. «Մեզ մոտ բազմաթիվ հարցեր կան, երբ հուշարձանների տարածքում մասնավորն ինչ-որ բան է կառուցել, անգամ այդ հարցերի դեպքում մենք չենք դիմում նախարարությանը: Լիազորության մասին չէ խոսքը, ուղղակի ընդունված պրակտիկա չէ, և նախադեպ չկա: Սա այն դեպքը չի, որը կարող է նախադեպ դառնալ: Այսօր շատ-շատերն ուզում են թանգարան բացել, բայց դա հնարավոր չէ: Ես չեմ ուզում, որ մտածեք, թե մշակույթի փոխնախարարն ասում է` Լուսինե Զաքարյանը շատ-շատերի թվին է դասվում` չէ՛, բայց ժառանգություն պահպանել` չի նշանակում բնակարանը թանգարան դարձնել»:

 

Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ դեռ 2011-ին մշակույթի նախարարությունը գրավոր դիմել էր բնակարանի ժառանգներին, մամլո հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` ««Լուսինե Զաքարյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ-ժառանգներին նախարարությունն առաջարկել է քննարկել իրենց սեփականությունը հանդիսացող բնակարանը հիմնադրամին նվիրաբերելու և հիմնադրամի հովանու ներքո ստեղծել Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը»:

 

Ստացվում է` նախարարությունը մտքափոխվել է, և եթե նախկինում ցանկանում էին Զաքարյանի տունը թանգարանի վերածել, հիմա, կարծես, նման ցանկություն այլևս չունեն: թեեւ նախարարությունից նշում են, թե գնդակը բնակարանի ժառանգների դաշտում է, բայց, ցավոք, գնդակը նրանց դաշտ է տեղափոխվել ձևականորեն, քանի որ այդ շրջանում հարցը հասարակության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր:

 

Ի դեպ, yerkir.am-ը նամակով դիմել էր նաև բնակարանի ժառանգներից մեկին` նրանց տեսակետն իմանալու հույսով: Ցավոք, նամակն անպատասխան մնաց:

 

Կարինե Հարությունյան

Լուսանկարները` Լուսինե Զաքարյան ֆեյսբուքյան պաշտոնական էջից

 

 

 

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica