close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍՐԲՈՒՀԻ. Սպարտակ Ղարաբաղցյան

Թուղթուգիր

26 Հունվարի 2015, 00:21
 ՍՐԲՈՒՀԻ. Սպարտակ Ղարաբաղցյան

Հալեպից  Տեր-Զոր տանող ճանապարհըՀինգերորդ անգամն է կտրում եմ անապատը, ու ամեն անգամ թվում է, թե մեղք եմ գործում: Ականատեսները վկայում են, որ ճանապարհաշի-նարարները մարդկային հազարավոր ոսկորներ ու գանգեր են բացել: Արաբները մեղք են հա-մարել, փորձել են այլ տարածքներով մայրուղին գցել, բայց որտեղ էլ փորել, որտեղ էլ ետ են տարել ավազը` անթաղ նահատակների ոսկորների ու գանգերի են հանդիպել: Առաջին այցե-լությունից հետո Տեր-Զորից մի բուռ ավազ և Եփրատից մի սափոր ջուր էի բերել Հայաստան: Բերածս նշխարի պես բաժանեցի ծանոթներիս ու բարեկամներիս: Մեկին բաժին հասած ավա-զի մեջ մարդկային ոսկորի մի բեկոր էր եղել: Նրա մեծ գերդաստանն էլ Տեր-Զորով էր անցել, ու քչերն  էին փրկվել: Համոզված, որ անապատում նահատակված իր մեծ գերդաստանի անթաղ մասունքն էր այն` մի օր տարել, Ծիծեռնակաբերդի մատույցներում հողին էր պահ տվել:

 

Անապատում արած իմ նոթագրությունից. «Խաշնարած բեդվինների հյուրընկալ կացարան, անապատի մեջ մեզ սպասող «Մերսեդես» ավտոմեքենաքամուց դարսդարսվող ավազե կոհակներ, և խորհրդավոր լռություն, լռություն, լռություն:… Այս մահասարսուռ լռության քողը պատռող վկայություններն ու իրեղեն ապացույցները նույնքան շատ են, որքան Տեր-Զորի ավազահատիկները: Չէ, չափազանցում չէր համեմատությունս»:

 

«Խումբ մը արաբ բեդվիններ նստած սուրճ կը խմեին, բարևեցի և նստա անկյուն մը: Շեյխը զիս նկատելով հարցուց, թե հա՞յ եմ: «Այո,-պատասխանեցի,- անոթի եմ: Աստծու սիրուն համար թող ըլլայ, քիչ մը հաց կուզեմ»: « Ինչո՞ւ կը մուրաս, եկուր մեր մոտ աշխատե, հովիվ կըլլաս և ուզածիդ պես կկշտանաս: Մեր մոտ երկու հայ տղաներ ալ կան, անոնք քեզի ընկեր կըլլան»:

 

Այս ըսելե վերջ` Շեյխ ձայն տվավ, ու երկու իմ հասակիս տղաներ ներս մտան: Ուրֆացի էին, և չեմ գիտեր, թե որտեղեն ազատվելով եկած էին այս կողմերը: Ես առանձին չէի, քարավանի մեջ մայրս, քույրս և ազգականներս կային. ես էի, որ անոնց ապրուստը պիտի հայթայթեի ու ստիպված էի վերադառնալ:

 

Շեյխը, իր ծառան կանչելով, հրաման տվավ, որ տոպրակս հաց ու միս լցնեն, ճամբա դնեն զիս»:

 

Տեր-Զորի սպանդից մազապուրծ եղախ Հարություն Արծիվյանի վկայությունն է սա: Եվ վկայում են ոչ միայն հայերը: Ահա մի դրվագ թուրք Նայիկ Բեյի հիշողություններից.

 

«Թուրքիայի որ անկյունն էլ որոնվի, որ ամենամութ խորշն էլ խուզարկվի` ամենաանգութ կերպով խողխողված հազարավոր հայերի դիակներ ու կմախքներ պիտի գտնեն:

 

Ես տակավին գաղթականների առաքման գործերով չէի զբաղվում: Ռաս Ուլ Այնի Ռեժիի քարտուղարն էի, գյուղի դիմաց` գետի եզերքին թափված, հարյուրավոր կանանցից ու մանուկներից բաղկացած թշվառների քարավան տեսա: Սրանք ամեն օր առավոտյան գյուղ էին գալիս` հաց  մուրալու: Ոմանք էլ ջուր էին կրում` ջանալով դրա դիմաց ստացած մի պատառ հացով պահել իրենց գոյությունը: Տակավին ամառ էր: Դեռ կարող էին այդ դժբախտները պատսպարվել, բայց երբ վրա հասավ ձմեռը, գիշերվա խոր լռության մեջ լսվում էին ցրտից ու քաղցից հոգիներ ավանդողների հեծեծանքները: Այս հոգևարքի հռնդյունները ոչ մեկի գութը չէին շարժում, և գյուղի չեչեն ժողովուրդը խուլ ու անտարբեր էր նրանց նկատմամբ: Երբեք չեմ կարող մոռանալ այն գիշերըԳայմագամի տանն էի: Գայմագամը` Յուսուֆ Զիա բեյը, շատ պարկեշտ ու բարեխիղճ մարդ էր: Միասին ելանք, տանուտիրոջ տուն գնացինք, ուրիշ մի տեղ էլ դիմելով` երկու-երեք վրան ճարեցինք, որպեսզի խեղճերը շատ, թե քիչ պատսպարվեն: Եղերական էր նրանց մահը, ավելի եղերական, երբ շները հոշոտում էին նրանց դիակները: Դրանք Սվազի,Դի-րաբեքիրի, Խարբերդի թշվառ հայ գաղթականներն էին: Հինգ-վեց նահանգից, մոտավոր մեկ միլիոն հայ բնակչություն էր տեղահանվել»:

 

...

 

Տեր-Զորի մահաշունչ ավազուտներից անդին` արաբական անհրապույր կավածեփ տներով գյուղերն են:

 

Թվում է, թե ժամանակն այստեղ կանգ է առել, ու այդ տրամադրությունն ուղեկցում է քեզ մինչև Տեր-Զոր քաղաքը: Քաղաքն ընդամենը տաս-տասներեք հայ ընտանիք ունի, ավելի ճիշտ սրանք պաշտոնական թվերն են: Արաբացած ու արաբախոս հայեր շատ կան:

 

Առիթ չեմ ունեցել հանդիպելու Տեր-Զորի քաղաքագլխին, բայց ինձ համար այստեղ Տիգրան Ավետիսյան հայն է թե՜ տեր, թե՜ քաղաքագլուխ: Բարեհամբույր դիմագծերով այս հայը ոչինչ չի խնայում իր ցավի, իր հիշողության հետևից եկած մարդուն: Լուր էր առել, որ Հայաստանից խումբ է եկել. առանց երկար-բարակ մտածելու` կողպել էր խանութն ու պահ առաջ հասել մեզ: Կարճատև դադար` մի գավաթ սուրճ, մի բաժակ ջուր, և նորից ճանապարհին ենք: Տիգրան Ավետիսյանի հանձնարարությամբ` Վարդան Քեշիշյանը ստանձնեց ուղեկցողի պարտականությու-նը: Տեր-Զոր քաղաքից ընդամենը կես ժամվա ճանապարհ է մոտակա գյուղը, որտեղ տարեց հայեր կան ու որոնք դեռ հիշում են արհավիրքը:

 

Գյուղում Վարդանին շատերն էին ճանաչում: Մոտենում էին, բարևում, գրկախառնվում` երկար ժամանակ չտեսած հարազատների պես: Նա հարցուփորձ էր անում հայերի մասին:

 

-Ապտալլա Կարապետին ինչպե՞ս հանդիպենք:

-Չկա, մեռավ,- լինում էր պատասխանը:

-Հապա Տգո՞րը` Տիգրանը:

Պատասխանը նույնն էր:

-Ապտո՞ն` Ավետի՞սը:

-Մեռավ

…………

-Չկա, մեռավ

Վարդանի տխրությունն ու ափսոսանքը մեծ էր: Նրա հայացքի մեջ կարդում էի. «Ուշացել ենք, ափսոս»:

 

Գյուղամիջում մեզ շրջապատող բազմությունը մեծանում էր: Վարդանը մեզ հերթով ծանոթաց-նում էր շրջապատողներին.

 

-Սա Պետրոսի տղան է: Սա Կարապետի քրոջ տղան է: Սա էլ Նեջըմ Կարապետն է:

 

Յոթ-ութ տարեկան մեծ աչքերով մի երեխա ուշադիր հետևում էր հավաքվածներին, փորձում ինչ-որ բան հասկանալ: Վարդանը նկատեց փոքիկին ու հարցերեց.

 

-Անունդ ի՞նչ է:

-Ալի,-ամաչկոտ պատասխանեց փոքրիկը:

-Մականո՞ւնդ:

-Պետրոս-Մկրտիչ-Դավիթ Չաուշյան:

 

Ծանր ու մեծ մականուն ուներ փոքրիկ Ալին: Պահո՞ւմ է արդյոք նա այդ ծանր ու պատասխա-նատու բեռը, թե մի օր իր կարճ ու հեշտ արտասանվող անունի հետ կընդհատվեր, կմկրատվեր ու

 

-Խառնակ են, բոլորն էլ խառնակ հայեր,- եզրակացրեց Վարդանը:

 

Գյուղացիներից մեկին հարցրինք, թե որտեղ է Սրբուհու տունը: Արաբը ձեռքով ցույց տվեց ճա-նապարհը:

 

-Բախտներս բերեց,- ուրախ ասաց Վարդանը,- Սրբուհին ողջ և առողջ է:

 

Սրբուհի մայրիկի վտիտ մարմնում մեծ ու անպարագիծ ոգի էր բնակվում. ձեռքերն ասես տա-ռապանքի քարտեզ էին: Հիշողությունը չէր լքել նրան, ու Աստված ասես պահել, պահպանել էր, ուժ ու ավյուն ներարկել հենց այսօրվա համար, որ հանդիպի հայաստանցի իր մերձավորնե-րին, որ որդիներին, թոռներին ու ծոռներին մի անգամ էլ հուշի իրենց սկիզբը:

 

-Ասոնց համար ես զավակներ բերի, ու ամենին ալ կաթի հետ իմ երկրի կարոտը տվի: Ո՞ւր է մեր երկիրը. աս մեր երկիրը չէ: Ամեն անգամ, երբ կհիշեմ` կխենթանամ:

 

Սրբուհու ձայնը հուզմունքից դողում էր: Որդիները, թոռները, ծոռները գլխահակ կանգնել էին նրա դիմաց  ու լսում էին իրենց համար անհասկանալի լեզվով խոսող մոր, տատի պատմա-ծը: Ինչ ջերմություն ու կորով կար այդ տանը նրա նկատմամբ. փոքրից մինչև մեծ պաշտում էին

 

Սրբուհին մեզ ցույց տվեց ձեռքին դաջված ու պարզ երևացող հայկական տառերը` Ս+ Թ+ Փ ու հատ-հատ արտասանեց.

-Սրբուհի Թադևոսի Փափազյան

 

Մի քանի անգամ կրկնեց, ասես գաղտնագիր էր վերծանում, առեղծված մեկնում:

 

Գաղթի ճանապարհին էր հայրն այդ տառերը դաջել, որ հետո գտնի աղջկան:

 

- Այն ժամանակ 15 տարեկան էի: Թուրքերը քշելով մեր ընտանիքները` խցկեցին կեղտոտ նա-վու մը մեջ, որը Գոնիայից մեզ բերեց Հալեպ. մորս` Ռենուհիին, հորս` Թադևոսին, հորեղբորս` Ազատին ու քույրերուս` Վարդուհուն ու Եվային: Ճանապարհին կծեծեին ու սովամահ կընեին: Հալեպում մայրս  ու հորեղաբյրս հիվանդութենեն մահացան: Ամառվա շոգին մեզի կստիպեին քալել Տեր-Զորի անապատում: Թուրքերն ամեն օր կուգային և հազարավոր հայեր կտանեին-դեպի հյուսիս: Հայրս սարսափելի պատմություններ էր լսած սպանվող ընտանիքներու մա-սին

 

Ամբողջ գերդաստանից միայն Սրբուհին էր փրկվել: Շատ հայ կանանց նման, որոնք ա-պաստան էին գտել արաբների մոտ, Սրբուհին էլ ամուսնացել էր ու հավատափոխ եղել:

 

Մի քանի ամիս առաջ այդ նույն գյուղում մահկանացուն էր կնքել Մկրտիչ անունով մի հայ, որը Սրբուհի մայրկի հասակակիցն էր ու բախտակիցը: Մի հուզիչ պատմություն կա Մկրիտչի ու Սրբուհու մասին, որ Վարդանը պատմեց: Իրենց մոտ ապաստանած հայ տղաներին ու աղջիկներին մահմեդական արաբները չէին թույլատրում ամուսնանալ: Հայ աղջիկը հար-կադրված ամուսնանում էր արաբի հետ, հայ տղան` արաբ աղջկա հետ: Անապատի արաբներն իրենց տոհմածառի համար պատվաստի ազնվացեղ ճյուղեր էին ասես հայտնագործել, ու այդ-պես խառնվում, ձուլվում է հայությունը անապատաբնակ արաբներին: Մկրտիչին ու Սրբուհուն էլ են արգելում ընտանիք կազմել: Մկրտիչը արաբ աղջիկ է կնության առնում, Սրբուհին ամուս-նանում է իրեն փրկող արաբի հետ: Երբ դեռ փոքր են եղել Սրբուհու և Մկրիտչի երեխաները, Սրբուհին պայման է դրել. ՙՄեր որդիները պետք է մաքրեն մեր արյունը՚: ուխտն ի կատար է ածվում. Սրբուհու որդին կնության է առնում Մկրտիչի դստերը:

 

Կապուտաչ մանուկները շատ են գյուղում, գրեթե  ամեն տանը Մարիամ անունով աղջիկ երեխա կա:

 

Հրաժեշտից առաջ խոնարհվում ու համբուրում ենք Սրբուհու ձեռքը: Նրան բոլորած գեր-դաստանն ասես քամիներից ու հողմերից պատսպարող կենդանի պատնեշ լիներ, որի կենտրոնում մարմրում էր մի թույլ կրակ:

 

-Մեզ մի մոռացեք,- հուզված, արցունքն աչքերին, գրեթե շշուկով ասաց Սրբուհու ավագ որդին, ու արաբական գլխաշորի ծայրով մաքրեց հորդացող արցունքները:

 

 Հ.Գ.

Ծանոթներիցս մեկը խաչբառ էր լրացնում: Հարցերից մեկը` քաղաք Սիրիայում:

-Ամբողջ Սիրիան ոտնատակ ես  տվել, դե ասա` որ քաղաքն է,- հարցրեց:

-Տեր-Զոր,-առանց մտածելու ասացի:

-Ասածդ անապատ չէ՞:

-Քաղաք էլ կա:

Հաշվեց դատարկ վանդակները, հաշվեց տառերը` համընկնում էին: Ուրախացավ, որ մի բառ էլ տեղն ընկավ:

 

Տեր-Զորը խաչբառի դատարկ վանդակները լցնող բառ չէ սոսկ. դատարկ վանդակներն ասես ավազով լցվեցին, տաք և աղեխարշ մահաբույր ավազով: Տեր-Զորը խաչբառի դատարկ վանդակները  լրացնող բառ լինելուզ զատ` դատարկ ակնախոռոչ է, արևի տակ քայքայվող մարդկային գանգ, գիշերվա թանձր խավարի մեջ լույս արձակող ճերմակ ոսկոր

 

Տեր-Զորի անծաղիկ ավազուտներում արդարության խելագարված քրքիջ է ու մարդկության բռնաբարված խիղճը

 

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica