Սա էլ մունդռեցիք
Հարթակ

Այսօր Գյումրին հրաժեշտ տվեց իր փոքրիկին` Սերյոժա Ավետիսյանին:
Երեխայի հուղարկավորության արարողությանը չէինք անդրադառնա, քանի որ դրան կա'մ մասնակցում են` լուռ, կա'մ չեն մասնակցում` լուռ, եթե չլիներ մի տհաճ երեւույթ: Այո, հենց տհաճ: Փոքրիկին հողին հանձնելուց րոպեներ առաջ հուղարկավորության արարողությանը ներկա հոգեւորականներից մեկը /կարեւոր էլ չէ, թե ով/, ներկաներին դիմելով, հայտարարեց. «Հենց նոր մենք ստացանք ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանի ուղերձը»: Սա բավական չէր, սկսեց բարձրաձայն կարդալ այն: Գոնե մտքում կարդար, քաշվեր մի կողմ ու կարդար` ինքն իր համար:
Մեզ, վստահ ենք` նաեւ ձեզ ամենեւին չի հետաքրքրում Հասմիկ Պողոսյանի օգնականի գրած այդ երկու տողը` անկախ այն բանից, թե որքան մշակույթ կա, կամ կա՞, արդյոք, այդ տողերում:
Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիի մի քաղաքացի, էլ չդիմանալով, դիմեց հոգեւորականին, թե ի՞նչ իմաստ ունի այդ ուղերձը ընթերցելը, հիմա բոլոր նախարարների ուղերձները պետք է կարդացվե՞ն: Իսկ ի՞նչ ասաց Հայ առաքելական եկեղեցու սպասավորը՝ արձագանքելով Հայ առաքելական եկեղեցու հավատացյալին՝ «դա քեզ չի վերաբերում»: Այսի՞նքն, ինչպե՞ս թե, այդ երբվանի՞ց, ո՞ւմ որոշմամբ, Աստծո՞, թե՞ առանց նրա գիտության, հաստատ` առանց նրա գիտության: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու վերաբերում է այն ամենը ինչը կատարվում է Հայաստանում, անգամ` այն ամենը, թե ինչպես է կատարվում կամ ինչպես պետք է կատարվի եւ ինչ պետք է կատարվի:
Իրականում, մշակույթի նախարարի ուղերձն այսօր միակն էր, որ բարձրաձայն ընթերցվեց, օրինակ` հուղարկավորությունը չընդհատվեց ֆինանսների սուպերնախարարի կամ սպորտի, երիտասարդության հարցերի չսուպերնախարարի` «հենց հիմա» ստացված ուղերձներով: Եթե լինեին, հավանաբար, էլի կընթերցվեին… Թեպետ Հասմիկ Պողոսյանի ուղերձը ընթերցած հոգեւորականն ասաց, որ էլի ուղարձներ կան: Կարծես դա էր ամենակարեւորը:
Իսկ տիկին նախարարը, պարզվում է, Հայաստանում չէ: Պետական գործերով Ավստրիայում է եւ, երեւի ուղերձ հղելով, ցանկացել է ասել, որ հոգով-սրտով մեզ հետ է, մեր կողքին: Մենք էլ այնքան «անմշակույթ» ենք, որ այս պարզ բանը չենք հասկացել: Բայց եթե մենք «անմշակույթ» ենք, ուրեմն մշակույթ չունենք, իսկ եթե մշակույթ չունենք, էլ ինչների՞ս են պետք մշակույթի նախարարը եւ նրա ուղերձը: Սրբազանը՝ Շիրակի թեմի առաջնորդը, մի լավ խոսք ունի՝ «մունդռեցիք…»:
Հովիկ ԱՖՅԱՆ