close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամուն հաղթելու մեկ ձեւ կա

Հարթակ

20 Հունվարի 2015, 15:10
 Թշնամուն հաղթելու մեկ ձեւ կա

Հիշո՞ւմ եք  Էդմոն Քեոսայանի «Մխիթար սպարապետ» ֆիլմը: Իսկ հիշո՞ւմ եք, թե վաղուց արդեն մոսկվաբնակ Արմեն Ջիգարխանյանի մարմնավորած Մխիթար սպարապետը ինչ է բացականչում ֆիլմի վերջում` չմոռանալով դեմքին տալ անսպառ ուրախության, հրճվանքի, հույսի, ոգեւորության արտահայտություն: Եթե հիշում եք, ապա ժպտացիք` հավանաբար, եթե մոռացել եք, ապա ասենք` Մխիթար սպարապետը, իսկ տվյալ պարագայում գուցե ավելի ճիշտ լինի ասել` Արմեն Ջիգարխանյանի հերոսը բացականչում է` «ռուսները, ռուսները, ռուսները…»:

 

Ինչպես գիտենք ռուսները Հայաստան էին եկել` մեզ պաշտպանելու եւ մեր թշնամիներին պատժելու: Օրինակ` եթե ռուսների փոխարեն գային եթովպացիները, ապա Ջիգարխանյանի հերոսը գուցե բացականչեր` «եթովպացիները, եթովպացիները, եթովպացիները…»: Ճիշտ է, սա սովետական պոեզիայի պես չէր հնչի, ինչպես` ռուսների պարագայում: Մյուս կողմից էլ` սիրուն չէր լինի, եթե, ասենք, Խաչատուր Աբովյանը գրեր, ոչ թե ռուսների ոտի, այլ եթովպացիների ոտի մասին: Եվ տարիներ անց` հիմա, մենք ոչ թե Եվրասիական տնտեսական միություն մտած կլինեինք, այլ Աֆրիկյան ազգերի լիգա, իսկ Գյումրիում կլիներ եթովպական ռազմաբազան: Բայց քանի որ Ջիգարխանյանի հերոսը բացականչել է հենց` ռուսները, ուրեմն եթովպացիների մասին մեր դիտարկումներն առնվազն ռեալպոլիտիկ չեն:

 

Ռեալպոլիտիկն այն է, որ ռուսներն այստեղ են, ուզենք դա, թե` ոչ, սիրենք մենք ռուսներին, թե` ատենք: Ընդ որում` «ռուսներն այստեղ են» ասելով` մենք նկատի չունենք միայն 102-րդ ռազմաբազան: Ռուսները ատոմակայանում են, երկաթգծում, կապի ոլորտում, իսկ էներգետիկայի ոլորտն իրենցն է…

 

Հիմա մի հարց` ի՞նչ եք կարծում` ո՞րն է այս օրերին սահմանին լուրջ լարվածություն ապահովող Ադրբեջանի նպատակը: Եթե կարծում եք` միայն Ղարաբաղը, ապա սխալվում եք: Հասկանալի է, որ Ադրբեջանը, ավելի ճիշտ` թուրքական երկու պետությունները մի բան են ցանկանում` Հայաստանում լինել, ինչպես ռուսները: Այսինքն` որ ՀՀ գլխավոր դատախազի ասած` Հայաստանի Հանրապետության տարածքում ունենան իրենց ռազմական բազաները, որ ատոմակայանն իրենցը լինի, որ երկաթգիծն իրենցը լինի, կապի եւ էներգետիկայի ոլորտը` նույնպես: Այսինքն` ցանկացած երկրում նման ռեսուրսների տնօրինումը ցանկացած այլ երկրի կողմից իրականում թշնամական ակտ է, իսկ նման ցանկություն ունենալը` թշնամական մոտեցում:

 

Ռուսներն, անխոս, մեր թշնամիները չեն: Մեր թշնամին մենք ենք: Այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Այսօր` հունվարի 20-ին, մենք գիտե՞նք, թե ի՞նչ ենք ուզում Թուրքիայից, եթե գիտենք, ապա ո՞ւր է այն իրավական թղթապանակը, որի անհրաժեշտության եւ կարեւորության մասին այսքան տարի խոսվում է, եւ որը անհրաժեշտ է, որպեսզի միջազգային դատարան դիմենք` ընդդեմ Օսմանյան կայսրության իրավահաջորդ` ժամանակակից Թուրքիայի:

 

Փոխարենը մենք ատում ենք թուրքերին: Փոխարենը մենք ատում են ադրբեջանցիներին: Փոխարենը մենք ատում ենք ռուսներին:

 

Մինչդեռ ատելությունը ոչ թե ատելության սուբյեկտի, այլ այն տածողի խնդիրն է, միայն նրա: Օրինակ` եթե ես հայտարարեմ, թե ատում եմ Վլադիմիր Պուտինին, նրա մամլո խոսնակ Պեսկովն ամենեւին էլ իմ ատելությունը չի փոխանցելու ՌԴ նախագահին, եւ նա ամենեւին էլ, մտածմունքների մեջ ընկած, գլուխը երկու ձեռքերի մեջ չի առնելու` թե ինչպե՞ս անի, որ ես չատեմ իրեն: Պուտինի համար իմ, մեր ատելությունը կարեւոր չէ, եւ դա խնդիր չէ: Մեր ատելությունը մեր խնդիրն է, մեր կուրությունը:


Ուրեմն` թշնամուն հաղթելու մեկ ձեւ կա` չկուրանալ, չտալ, պահանջել եւ վերցնել` նրանցը չէ, մերը, ինչն այսօր մեզ մոտ չէ, ինչպես նորաձեւ է դարձել ասել` մեր իրավազորության տակ չէ: Ինչպե՞ս, սա արդեն այլ եւ համազգային խոսակցության թեմա է:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica