close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ ծեծում են, հետո ներողություն խնդրում, ու մենք ներում ենք…

Հարթակ

19 Հունվարի 2015, 15:48
 Մեզ ծեծում են, հետո ներողություն խնդրում, ու մենք ներում ենք…

Քանի որ մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ բոլորովին էլ անսովոր բան չէ, երբ քայլում ես փողոցում, եւ  քեզ վրա հարձակվում են ու ծեծի ենթարկում, ապա պատկերացնենք, որ քայլում ենք փողոցով, ու մեզ վրա հարձակվում են սլավոնական արտաքինով, մահակով զինված մարդիկ եւ ծեծի ենթարկում:

 

Բնականաբար, դեպքից հետո մենք ուզում ենք, որ մեղավորները` բոլորն անխտիր, պատժվեն, համենայն դեպս, մենք սա ավելի շատ ենք ուզում, քան այն, որ մեղավորների հարազատները, անգամ` հենց իրենք, կանգնեն նույն փողոցում եւ մեզանից ներողություն խնդրեն: Ճիշտ է, մեզանից շատերը նման պարագայում կարող են ամենաշատն ուզենալ առանձին հանդիպել բոլոր ծեծողներին` առանձին-առանձին, եւ նրանց ոնց որ պետք է, ինչ-որ պետք է փոխադարձաբար անել, բայց սա արդեն այլ խոսակցություն է:

 

Ի՞նչ տեղի ունեցավ Գյումրիի դեպքերից հետո, ընդ որում` պատկերավոր ասենք, որ Գյումրիում բոլորիս դաժան ծեծի են ենթարկել, մեզ` բոլորիս, այսինքն` Ստեփանակերտից մինչեւ Շիրակի մարզի Ամասիա բնակավայր: Նախ` ծեծող կողմից կատարյալ լռություն էր, ապա սկսվեցին պաշտոնական ցավակցությունները, եւ միայն այն բանից, հետո, երբ նախագահ Պուտինի մամուլի գրասենյակը հայկական լրատվամիջոցի` իրեն ուղղած հարցումից տեղեկացավ, թե ինչ է տեղի ունեցել, հայ ժողովրդին ցավակցեց նաեւ նախագահ Պուտինը, բոլորովին վերջերս, այն էլ` Սերժ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Ապա առանձին ռուսաստանցիներ, հայտնի, կիսահայտնի, ոչ շատ հայտնի, ոչ հայտնի այս կամ այն եղանակով ոչ միայն ցավակցեցին հայ ժողովրդին, այլեւ ներողություն խնդրեցին մեզանից:

 

Բայց սա չէ իրականում խնդիրը, քանի որ խնդիրը մեզ համար չպետք է լինի ուրիշների, անգամ մեզ ծեծողների գործողությունը, այլ մեր պահվածքը, դրա համարժեքությունը կամ արժանապատվության պահպանումը:

 

Ի՞նչ արեցին շատերը, երբ Ռուսաստանից սկսվեց այս ներողությունների «շքերթը»: Ճիշտ եք` շնորհակալություն հայտնեցին: Այսինքն` նախ ռուսներից ոմանք իրենք իրենց դրեցին Պերմյակովի տեղն ու մեզանից ներողություն խնդրեցին` ընդունելով, որ սա հանցագործություն է` ուղղված բոլոր հայերի դեմ, ապա մենք նրանց շնորհակալություն հայտնեցինք, որ ներողություն են խնդրում: Այսինքն` մեզ ծեծելուց հետո են ներողություն խնդրում, այսինքն` մեզ ծեծում են, հետո ներողություն խնդրում, եւ մենք բավական չէ ներում ենք, մի հատ էլ ասում ենք կախարդական բառը` շնորհակալություն, իբրեւ ամեն ինչ հարթված է, իբր ամեն բան անցյալում մնաց, իբր սա չի կարող խոչընդոտել մեր պետությունների եւ ժողովուրդների հետագա ռազմավարական ամուր հարաբերությունների զարգացմանը, եւ ամենեւին էլ սա սեպ չէր` հայ-ռուսական բարեկամության միջեւ ցցուն խրված:

 

Մնում է Թուրքիան եւս, ընդ որում` առանձին թուրք քաղաքացիների դեմքով, ոչ ամենեւին` պաշտոնապես, թեկուզ պաշտոնապես ներողություն խնդրի հայերիցս, եւ մենք այս կապակցությամբ թուրքերին եւ Թուրքիային ասենք` շնորհակալություն:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica