close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+26°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրիի աղոթքն ուրիշ էր

Հարթակ

16 Հունվարի 2015, 14:10
 Գյումրիի աղոթքն ուրիշ էր

Ի՞նչ ենք ուզում մենք եկեղեցուց, կոնկրետ՝ Հայ Առաքելական եկեղեցուց: Բացի, իհարկե, եկեղեցիներում վաճառվող մոմերի գինը չբարձրացնելուց, առանձին անհատների համար ողջ եկեղեցում «բանկետ» չանելուց եւ այն այդ ընթացքում սովորական մարդկանց համար փակելը բացառելուց, մկրտության, ամուսնության վկայականների տրամադրման համար մարդկանցից այդքան փող չպահանջելուց եւ Կիպրոսի օֆշորների ու թանկարժեք մեքենաների հանդեպ հատուկ ակնածանք տածելուց:

 

Գլոբալ առումով ի՞նչ ենք ուզում եկեղեցուց: Ճիշտ եք` այն, որ եկեղեցին հարկ եղած պահին, իսկ նման անհրաժեշտություններ շատ են եղել, լինում են եւ լինելու են, պետք է գա ու կանգնի ժողովրդի ու իշխանության մեջտեղում՝ իր տեղում: Եկեղեցին պետք է հանդարտեցնող, զսպող կոչ անի երկուսին էլ, քանի որ եկեղեցին այն բացարձակ արժեքն է, որի «իշխանությունը» տարածվում է բոլորի վրա՝ անկախ պաշտոնից, ուսադիրներից, բնակության վայրից եւ հասարակական դիրքից:

 

Իսկ ի՞նչ արեց երեկ Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդ եպիսկոպոս Աջապահյանը: Ճիշտ եք` նա եկավ եւ կանգնեց իշխանության /տվյալ պարագայում` ուժային կառույցների ներկայացուցիչների/ եւ ժողովրդի մեջտեղում՝ իր տեղում: Իսկ ի՞նչ ասաց նա, նա զսպվածության, հանդարտության կոչ արեց, միասին աղոթելու կոչ արեց ու աղոթեց ինքը: Էլ ի՞նչ պետք է աներ կրոնականը, թեմի առաջնորդը, պիտի ինքը ե՞ւս հարձակվեր ռուսական հյուպատոսարանի վրա, պիտի ինքը ե՞ւս սաստեր այդ գործողությունը կատարած կամ կատարելու արդարացի ցանկություն ունեցող ժողովրդին, ենթադրենք` նրանց ձեռքերը ոլորելով եւ բաժին տանելով, ինքը ե՞ւս պիտի հայտարարեր, թե կդիմի Կիրիլ Առաջինին, որ վերջինս Պերմյակովին մեզ տա, պիտի ի՞նչ աներ, բացի այն բանից, որ արել է: Ճիշտ եք` ոչինչ:

 

Գյումրիի երեկվա աղոթքը, եթե անգամ աղոթել է միայն եպիսկոպոս Աջապահյանը, ամենեւին էլ Ծիծեռնակաբերդի բարձունքում հայտնի օրը հայտնի մարդկանց աղոթքը չէր: Այդ մարդկանց պարագայում անելիք շատ կար, այդ մարդկանց պարագայում աղոթքը չէր նրանց անելիքը, այդ մարդկանց պարագայում աղոթքը այլեւս ոչինչ անել չկարողանալուց էր կամ միայն այսքանը անել կարողանալուց: Գյումրին երեկ աղոթեց, ոչ թե որովհետեւ այլ անելիք չունի կամ չի կարող այլ բան անել, այլ որովհետեւ երեկ Գյումրիում հոգեւորականը՝ եկեղեցին, իր տեղում էր:

 

Իսկ աղոթող մարդուն չեն քննադատում, նրա ուղղությամբ քարեր չեն նետում, նրա աղոթքը չեն նսեմացնում, մանավանդ նրան, ով եթե չգար եւ եթե չաղոթեր` մենք պիտի մեղադրեինք չգալու եւ չաղոթելու մեջ, այնպես, ինչպես հանդգնում ենք մեղադրել Ամենան Հայոց կաթողիկոսին այս եւ անցած այլ բազմաթիվ դեպքերում:

 

Մտածեք այս հարցի շուրջ՝ ի՞նչ ենք ուզում մենք եկեղեցուց կամ ուզո՞ւմ ենք, արդյոք, մի բան, ինչը եկեղեցին մեզ չտվեց երեկ Գյումրիում, որտեղ եկեղեցին ու ժողովուրդը միակ ուժերն էին, որ իրենց տեղում էին:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է սրբազանը փորձում հանդարտեցնել ժողովրդին:
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica