close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փուչիկներն արդեն պայթել են

Հարթակ

13 Հունվարի 2015, 15:07
 Փուչիկներն արդեն պայթել են

Ընդամենը մի քանի օրից՝ հունվարի 20-ին, ԲՀԿ-ն հրավիրում է մի բան, որը, երբ նախաձեռնում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, շատերը բարձրաձայն ծիծաղում էին. ԲՀԿ-ն այդ օրը «համազգային խորհրդաժողով» է հրավիրում:

 

Նախ` «համազգային» բառի մասին: Օրինակ` գինին կամ դուդուկը, անգամ` դհոլը /չքաղաքականացնել/ կարող են ընկալվել որպես համազգային տարրեր, իսկ, ենթադրենք, ցանկացած քոքթեյլ կամ վիսկի, անգամ՝ սառույցով, էլ չենք խոսում՝ կոլայով բացված բակարդիի մասին, ոչ մի դեպքում, գոնե հիմա համազգային տարր չեն:

 

Այսինքն` որպեսզի ինչ-որ բան կոչվի համազգային, պետք է նախ` տվյալ բանի մասին ամբողջ ազգը իմանա, ապա` ճնշող մեծամասնությունն ընդունի, սիրի, օգտագործի: Այս համատեքստում եկեք հասկանանք, թե որքանո՞վ է համազգային ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովը: Սկսենք եկեղեցուց` որպես մեր ազգի անքակտելի մասնիկ:

 

Մայր աթոռը հայտարարե՞լ է, որ ինքը մասնակցելու է հունվարի 20-ի խորհրդաժողովին, կամ գոնե առանձին քահանաներ նման հայտարարություն արե՞լ են: Ոչ, չի հայտարարվել: Մինչդեռ ԲՀԿ-ն հունվարի 20-ին միայն քաղաքական ուժերին չէ, որ հրավիրում է, այլ նաեւ հասարակական ուժերի, տարբեր շարժումների ներկայացուցիչների, մի խոսքով՝ ազգի ներկայացուցիչներին:

 

Անցանք բանակին: Թեկուզ մեկ գործող հրամանատար, լավ՝ զինվոր, խորհրդաժողովի մասնակցելու հայտ ներկայացրե՞լ է: Կրկին` ոչ: Ուրեմն զուտ տրամաբանորեն արձանագրենք, որ այս պահին եկեղեցին եւ բանակը, նաեւ ցանկացած ուժային կառույց ԲՀԿ-ի կողքին չեն: Անցնենք առաջ:

 

Մեր երկրի ցանկացած դեսպան, կոնկրետ` համազգային Շառլ Ազնավուրը, ով, ինչպես գիտենք, «երբեք իր քայլերի համար Երեւանին հաշվետվություն չի ներկայացնում», գոնե մեկ ուղերձ հղե՞լ է խորհրդաժողովի մասնակիցներին կամ հղելու ցանկություն հայտնե՞լ է: Չի հղել եւ ցանկություն չի հայտնել…

 

Ուրեմն ո՞վ պետք է մասնակցի այդ խորհրդաժողովին, եթե առայժմ մի կողմ թողնենք քաղաքական ուժերին: Պետք է խոստովանել, որ շատերը: Օրինակ` մի խումբ գյուղատնտեսներ, որոնց ձեռամբ արտադրվում է շուկայում հայտնի կաթնամթերք, օրինակ` ուսուցիչներ, բայց միայն առանձին մարզից եւ միայն համարձակները, բազմաթիվ բանվորներ, ամենատարբեր գործարանների աշխատողներ, չհաշված որոշ կռված տղերքի, ովքեր ոչ այնքան կողմ են ԲՀԿ-ին, որքան դեմ են ՀՀԿ-ին: Այսքանը՝ հասարակական ուժի մասին:

 

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, տրամաբանական կլիներ, որ հունվարի 20-ի խորհրդաժողովին ով-ով, բայց եռյակը ներկայացնող ուժերը լինեին: Կներեք, եռյակ ասելով` մենք նկատի ունենք նաեւ Ստեփան Դեմիրճյանին եւ նրա մի քանի կուսակիցներին:

 

Բայց այս պահի դրութամբ, երբ խորհրդաժողովին մնացել է մեկ շաբաթ, եւ ԲՀԿ-ին առընթեր գործող ակտիվ երիտասարդները դրոշակներ են կախում խորհրդաժողովի վայրում, եռյակից միայն ԲՀԿ-ն է ասել, որ մասնակցելու է ԲՀԿ-ի հրավիրած խորհրդաժողովին: Ո'չ ՀԱԿ-ը, ո'չ էլ Ստեփան Դեմիրճյանն ու նրա ընկերները դեռեւս չեն հայտարարել, որ իրենք հաստատ լինելու են խորհրդաժողովին:

 

Հարց է առաջանոմ՝ բա էլ ի՞նչ համաժողովրդական խորհրդաժողով, ի՞նչ իրավունքով՝ համազգային… Ներողություն, «Ժառանգությունը» մասնակցելու է: ՀԱԿ-ը ոչ միայն չի հայտարարել, թե իրենք մասնակցելու են, այլեւ հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու: Եթե ելնենք զուտ ՀԱԿ-ի տրամաբանությունից, սա նշանակում է, որ ՀԱԿ-ը գոնե միայն ամսի 20-ին ժողովրդի կողքին չի լինելու, քանի որ ժողովուրդը, ինչպես գիտենք, ԲՀԿ-ի կողքին է: ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը ՀԱԿ-ի հրաժարականը ԳԱԼԱ-ի հետ զրույցում մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Մենք ասել ենք, որ դա Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունն է՝ այլ ուժերի հետ խորհրդակցություն հրավիրել: Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ապա մենք ԲՀԿ-ի հետ համագործակցում ենք երկկողմ եւ եռակողմ ձեւաչափով, եռակողմը եռյակի ձեւաչափն ի նկատի ունեմ, այնպես որ` դա է մեր դիրքորոշումը»: Ի՞նչ է սա նշանակում: Նախ այն, որ համազգային խորհրդաժողով հրավիրելուց առաջ Գագիկ Ծառուկյանը եռյակի համաձայնությունը չի ստացել, որ ճիշտն ասենք՝ չի էլ պահանջել, պետքն էլ չի եղել:

 

Բացի սրանից` ՀԱԿ-ը ԲՀԿ-ի կողքին է, ոչ թե, ուշադրություն, ժողովրդի: Ինչո՞ւ, որովհետեւ եթե ՀԱԿ-ը ժողովրդի կողքին լիներ, ապա միայն ուրախ կլիներ, որ եռյակի ձեւաչափը փոխվում է, քանի որ շարժմանը միանում են նորանոր ուժեր: Այսինքն` ասելով, թե մենք ԲՀԿ-ի հետ համագործակցում ենք երկկողմ եւ եռակողմ ձեւաչափերով միայն, նշանակում է, որ ՀԱԿ-ը չի ցանկանում, որ շարժումը նորանոր անդամներ ձեռք բերի, այն է՝ մեծանա, այն է՝ տարածվի, այն է՝ ռեալ ուժ դառնա, այն է՝ հաղթելու հնարավորություն ստանա, այն է՝ հաղթի: Մինչդեռ, ՀԱԿ-ը մոռանում է իր իսկ սկզբունքը՝ «Ով մեզ հետ չէ, սրիկա է»:

 

Ի դեպ, հունվարի 20-ի խորհրդաժողովին հանրապետական Կարեն Ավագյանը հաստատ չի մասնակցելու, այնպես որ` փուչիկներ այդ օրը երեւի չպայթեն, դրանք արդեն պայթել են:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica