close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վայ, էս Նոր տարին եկե՞լ է. Խաչիկ գյուղում Ամանորն այս տարի շուտ եկավ

Անտեսված ձայներ

29 Դեկտեմբերի 2014, 12:58
 Վայ, էս Նոր տարին եկե՞լ է. Խաչիկ գյուղում Ամանորն այս տարի շուտ եկավ

Բոլորի տունն էլ գրապահարան կա, գրքի եղածն ինչ ա` չունենանք. ասում է Խաչիկ գյուղի բնակիչներից մեկը` տիկին Աննան: Թվում է, թե արտասովոր ոչինչ չկա` գրապահարան բոլորիս տանը կա` նայած` թե քանիսն են օգտվում դրանից, սակայն Խաչիկ գյուղում գրապահարանում եղած գրքերն Ամանորից Ամանոր փոշին մաքրելու համար չեն դրված:

 

Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ «Անտեսված ձայներ» նախագծի շրջանակներում yerkir.am-ի հերթական այցի ժամանակ սահմանամերձ Խաչիկ գյուղի երեխաները Ձմեռ պապուց Այֆոնի ու Այփադի փոխարեն գիրք ուզեցին` Թումանյանի ու Աղայանի հեքիաթները: Գյուղացիներն ասում են, որ գյուղում շատերը համակարգիչ ունեն, ինտերնետ էլ կա ու ամբողջ օրը դրանով են զբաղվում` անելիք չկա: Սակայն, համակարգիչը համակարգիչ, բայց ընթերցանությանը ոչինչ չի փոխարինի:

 

Yerkir.am-ը գրքահավաք կազմակերպեց, որին մասնակցեցին շատերը. ՀՀ ԿԳ Նախարար Արմեն Աշոտյանը նույնպես միացավ նախաձեռնությանը: Երեք օրում հավաքվեց 200-ից ավել մանկական գիրք` հերթը գրքերը տերերին հասցնելն էր: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին որոշեց միանալ նախաձեռնությանը` Ձմեռ պապ և նվերներ տրամադրելով:

 

Խաչիկ գյուղում ենք, երեխաներն Ամանորի միջոցառում են կազմակերպել` իսկական տոն` իրար հրմշտելով արտասանում են, կեսից բառերը մոռանում, հետ ու առաջ ընկնելով երգում ու այդ ամենը` փայփլուն աչքերով, քանի որ կանխավ տեղեկացրել էին` Ձմեռ պապ է գալու: Ուշագրավ է այն հանգամանքը, որ երեխաներն Արսեն սարկավագ Մաթևոսյանի օգնությամբ հանդեսը պատրաստել էին ընդամենը 2 օրում:

 

Գյուղացիներն ասում են`շատերն են գյուղ այցելել, սակայն ոչ ոք գիրք չի բերել, ասում են նաև, որ Ձմեռ պապ էլ իրենց չի այցելել:

 

5-ամյա Արսենն ասում է, որ առաջին անգամ է Ձմեռ պապ տեսնում.«Մուլտիկներում տեսել էի Ձմեռ պապիկին, բայց իսկականից չէի տեսել: Ինչքան էլ շատ մորուք ունի` իմն էդքան կաճի՞»: Արսենը կարդալ չգիտի` մայրն է քնելուց առաջ հեքիաթ պատմում.«Ուզում եմ լիքը գիրք ունենամ, որ մաման ոչ թե հեքիաթ պատմի, այլ` կարդա, որովհետև պատմելուց մեկ-մեկ մոռանում ա` ինչ ա պատմում»:

 

Ձմեռ պապուն տեսնելիս` երեխաներից ոմանք հուզվում են, մյուսները պոկ չեն գալիս նրանից` «Մեր նամակները ստացել ես, չէ՞, Ձմեռ պապ»:

 

Գիրք ստանալու համար հերթ է գոյացել: Ասում եմ` ով Ամանորի առթիվ ամենայուրահատուկ մաղթանքն ասի` երկու գիրք նվեր կստանա: Ծնողները փորձում են հուշել երեխաներին, բայց երեխաները նեղանում են` «Ես կմտածեմ» ու սկսվում է մաղթանքների շարանը` «Թող բոլոր երեխաներն առողջ լինեն», «Թող ոչ մի երեխա չլացի», «Թող մանկատներում այլևս երեխա չլինի», «Թող խաղաղ լինի ու ոչ մի կրակոց էլ չհնչի», «Եղբայրս շուտ ծառայի ու առողջ վերադառնա», «Ուզում եմ, որ Ձմեռ պապն առողջ լինի»…

 

Երեխաներից մեկին Թումանյանի հեքիաթների ժողովածուն նվիրելիս` ասում եմ.«Տես, հա, որ մյուս տարի գամ` հեքիաթներից մեկն ինձ պատմես»: Նա էլ, թե` «Ինչ՞ դու էդքան դանդաղ ես կարդում»: 10-11 տարեկան տղաներից մեկն էլ ասում է`«Հեքիաթի գիրք չեմ ուզում, մեծ եմ, է, արդեն: Զենքերի մասին գիրք չկա՞, թե որը ոնց են օգտագործում»:

 

Ուշագրավ է այն հանգամանքը, որ երեխաներից մեկը, երբ տեսավ Ձմեռ պապուն` բացականչեց` «Վայ, էս Նոր տարին եկե՞լ ա»… Ի դեպ, գրքեր փոխանցեցինք նաև Խաչիկի դպրոցական գրադարանին:

 

Մանրամասները` տեսանյութում:

 

 

 

 

 

 

 

 

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica