close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+21°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չսպիացող պատմություն

Անտեսված ձայներ

27 Դեկտեմբերի 2014, 16:15
 Չսպիացող պատմություն

1994 թ. հոկտեմբերի 21-ը ճակատագրական էր սյունեցի 5 պատանիների համար: Ականի պայթյունը դարձավ 14-ամյա Արտյոմի և 17-ամյա Արմենի մահվան պատճառը, իսկ նրանց հասակակիցներ Վիգենը, Թաթուլն ու Էրիկը վիրավորվեցին` զրկվելով մի աչքից:

 

Պայթյունի ձայնը, որ լսելի էր ողջ գյուղում, մինչև հիմա Էրիկի հոր` Ռոբերտ Գաբրիելյանի ականջներում է: «Մենք ձայնը լսեցինք` երեքին քսան պակաս էր , հետո չոբանը կանչեց, ասաց` տղերքը մինով են ընգել, երկու հոգի եկել են ճանապարհը, երկուսն էլ մահացել են»,-պատմում է հայրը:

 

Պայթյունից հետո աչքն առաջինը բացել է Էրիկն ու կիսաողջ ընկերոջ` Թաթուլի հետ շտապել օգնություն կանչել: 30 մետր այն կողմ շպրտված Վիգենին էլ գտել է հովիվը` կոշիկի հետքով: Սկզբում կարծել են մահացած է, մայրը` տիկին Վարդիթերը, ասում է` անգամ դիահերձարան են տարել: «Ոնց որ մի խանձած խոզ բերեին, ասկոլկեքը մարմնի մեջ լցրած, մեռած երեխա »,-հիշում է նա: Վերակենդանացած Վիգենի կյանքը դեպքից հետո վերաիմաստավորվեց` գնաց ծառայության, ընտանիք կազմեց: Բայց այսօր արդեն երեք երեխաների հայրը խոստովանում է` զզվել է կյանքից, անարդարությունից: Ականի բեկորները մարմնում կրող Վիգեն Օհանջանյանը կնոջ և երեք երեխաների հետ 13 տարի է` բնակվում է Կովսականում (Զանգելան): Նոր տան շինարարության համար Եղեգնաձորի քաղաքապետը տարիներ առաջ խոստացել էր շինանյութով օգնել: «100 անգամ դիմել ենք մատերիալի համար, չեն տվել: Էս խոխեքն էլ սառում են»,-դժգոհում է Վիգենը:

 

Աշխարհից կտրված այս վայրում անգամ երեխաների երազանքներն են ի չիք դառնում: Վիգենի 12-ամյա որդին ասում է` երազանք չունի: Կիսադատարկ քաղաքի միակ լուսավոր տեղը նրա համար ձյուդոյի խմբակն է: Սամվելը սիրած մարզիկ էլ չունի, ուժի և քաջության չափանիշն էլ նրա համար ներքևի թաղում ապրող տղերքն են: Ընտանիքի հայրն իր դժբախտությունների համար մեղադրում է ճակատագրին` հոկտեմբերյան չարաբաստիկ օրն էլ հաճախ բերում օրինակ: Էրիկն էլ է այն կարծիքին, որ կյանքը կարող էր այլ հունով ընթանալ, թեև իրեն ամենևին էլ դժբախտ չի համարում: Զոհված Արմեն Սարգսյանը Սյունիք գյուղի ներկայիս գյուղապետի` Սամվել Սարգսյանի որդին էր: Մայրը` տիկին Վարդուհին, պատմում է` որդին երազում էր ծառայության մասին: «Ինքն ուրիշ տղա էր, հոր աջ թևն էր, զենքը վերցնում էր` պահակ կանգնում հոր ֆերմաներին»,- պատմում է մայրն ու հիշում` որդին լուսանկարվել չէր սիրում: Գյուղապետի տան պատին փակցված է որդու` առաջին դասարանի լուսանկարը: Հենց այս տեսքով էլ նրան հիշում են: Տղաների մանկապարտեզի տարիների լուսանկարներից պահել է Էրիկի մայրը` տիկին Թամարան, ով այն ժամանակ մանկապարտեզում դայակ էր: Հին նկարները նայելիս տիկին Թամարան ընկնում է հիշողությունների գիրկը: « Մանկապարտեզում, որ աշխատում էի, երկու խումբ էր` մեկը` հայկական, մյուսը` ադրբեջանական: Ադրբեջանցի կնոջ` Ֆրենգիզի հետ ես էնքան մոտիկ էի, որ երեխաներս նրան մորքուր էին ասում: Մի անգամ դպրոցի դաշտում խաղում էին, իրա տղային ծեծել էին, Էրիկը գնացել, բռնել, հայ երեխաներին ծեծել, ասել ա` մորքուրիս երեխաների, ինչի՞ եք ծեծում: Այ էդ աստիճանի մոտիկ էինք»:

 

Ադրբեջանցի հարևանների հետ մտերմությունն այժմ հայ կինը փորձում է վերագտնել բոլորի աչքից հեռու` վիրտուալ դաշտում: «Դաժը էս վերջում տղայիս սկայպով Սիզնյակից մի տղա գոստի էր եկել, պարզվեց Ֆրենգիզի դստեր հետ է աշխատում; Մտա, մի երկու բառ գրեցի, որ տեսնեմ իրանցից խաբար ունի՞: Գրել էր, որ ամուսինը մահացել ա, բայց ինքը մնում ա»,- պատմում է կինն ու անկեղծանում. «Հենց էս րոպեին էլ, որ գա, կուզեմ տեսնել` թեկուզ սկայպով, թեկուզ նենց»: Դժբախտ պատահարը տիկին Թամարայի համար այդպես էլ երբեմնի հարևանի հանդեպ ներքին ատելության առիթ չդարձավ, թեև մտքից, որ որդուն հաշմանդամ դարձրած վայրը ականապատել էին ադրբեջանցիները, փախչել չի կարող: 5 ընտանիքներն էլ համոզված են` այս պատմության միակ մեղավորը ճակատագիրն է: Անցել են տարիներ, որդեկորույս մայրերը հավատում են` անցյալը կենդանանում է միայն ներկայով: Տիկին Վարդուհու սփոփանքն այժմ 17-ամյա թոռն է, ասում է` հորեղբոր նմանությունն ունի, անունն էլ նույնն է` Արմեն: 55-ամյա Դոնարա Գրիգորյանն էլ թոռանը կոչեց մահացած որդու` Արտյոմի անունով:

 

20 տարի է անցել, բայց տիկին Դոնարան դեպքը հիշելիս չի կարողանում հուզմունքը թաքցնել: Կնոջ վշտի մասին խոսում են արցունքները: Որդու կորստից հետո քարե «սփոփանք» է կառուցել է Արմենի գյուղապետ հայրը: «Գյուղապետարանի հայաթում խաչքար ա դրել: Իրան մի հատ ՈՒԱԶ մեքենա ուներ, էդ պահին ծախեց, բոլոր զոհվածների անունով խաչքար դրեց»,- հիշում է Արմենի մայրն ու, հոգոց հանելով, ասում. «Քար ա էլի, ի՞նչ պիտի սփոփի»: Մի հուշաքար էլ դրված է Զանգելանի ճաանապարհին` չարաբաստիկ վայրից քիչ հեռու: Իր կիսավեր տուն հասնելու համար Վիգենը հաճախ է այստեղով անցնում, կանգնում է, մի բաժակ խմում ու նորից ճամփա ընկնում:

 

Հ. Գ. Ներկայումս Հայաստանում գրանցված են հակամարտությունից հետո ականի պայթյունից տուժած հարյուրավոր մարդիկ: ԿԽՄԿ-ն քայլեր է ձեռնարկում նրանց ցուցակագրման, գրանցման ուղղությամբ, ինպես նաև ուսումնասիրվում է նրանց հատուկ կարգավիճակ տալու` իրավաբանական շրջանակը:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ 

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica