close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաղաղության լեզվով

Անտեսված ձայներ

11 Դեկտեմբերի 2014, 14:33
 Խաղաղության լեզվով

Պղծելը ո՞րն ա 

«Բահմաթ Քյարիմով.  օղլի, ուրեմն տղա ա»,- ձյունաշողցի Սաշիկ Մարտիրոսյանը  խամրած գույներով գերեզմանաքարերի  շուրջն է պտտվում: Մի կողմում միայն Այլազովներն են. «Էստեղի գյուղապետի ազգն է»:  Մի քարի վրա  ատրճանակ է, խստադեմ  հուշաքար է: «Պարծենկոտ են, էլի»,- քթի տակ խնդմնդում է Սաշիկ Մարտիրոսյանն ու պատմում, որ 25 տարի առաջ գյուղը լքած ադրբեջանցիների գերեզմանատնից ոչինչ չի պակասել, քարերը, դարպասը, նույնիսկ նրանց տնկած ծառերը տեղում են: «Պղծելը ո՞րն ա»,- զարմանում է ձյունաշողցի  Սաշիկ Մարտիրոսյանը:

 

Խաղաղության լեզվով

Այս պատմությունը  խաղաղ ճանապարհով խաղաղության հասնելու ակադեմիական օրինակ կարող է դառնալ՝ թե ինչպես հակամարտող երկու երկրների երկու գյուղերի բնակիչները լեզու գտան բանակցությունների միջոցով: 1989-ին հայ-ադրբեջանական բախումներն արդեն թեժացել էին,  ազգայնական պոռթկումները`  գործի դրվել, երբ Հայաստանի Ղզըլ-Շաֆակ գյուղի ադրբեջանցիներն ու Ադրբեջանի Քերքենջ գյուղի հայերը փոխանակվեցին գյուղերով` կոնկրետ տունը տան հետ: Աննախադեպ այս գործը կազմակերպեցին երկու գյուղերի տարեցները: Քերքենջն այսօր ադրբեջանաբնակ Քերքենջն է, Ղզըլ-Շաֆակը հայաբնակ Ձյունաշող դարձավ:

 

Քերքենջը՝ երազներում

 

Իշխան Ծատուրյանը Քերքենջի իր տունը թողեց Այլազ Այլազովին, ինքն էլ նրա տունը վերցրեց: Համեստորեն նշում է՝ Այլազի թողած տունն ավելի հարմարավետ է: Ղզըլ-Շաֆակ-Ձյունաշողը, սակայն, եկվորներին սառը դիմավորեց: Գյուղը ծովի մակերևույթից 1600 կիլոմետր բարձր է, տարվա կեսը` ձմեռ, սառնամանք, կարտոֆիլից ու կաղամբից բացի, ոչինչ չի աճում:  Իսկ Քեքենջը... Այստեղ Իշխան Ծատուրյանն աշխուժանում է. «Այնտեղ տարին տասներկու ամիս ուներ` ամեն մեկն իր տեղում»:  Շամախի շրջանի այս գյուղը հայտնի էր իր խաղողագործական, մրգատու այգիներով: Իսկ Ձյունաշողում միակ եկամուտը անասունն  ու կարտոֆիլն էր: Իշխան Ծատուրյանն էլ գյուղերի փոխանակման  «ժողովրդական դիվանագետների» կազմում էր: Ասում է՝ ավելի տաք, հովտային բնակավայր էին փնտրում, բայց ո'չ Արարատյան դաշտի, ո'չ էլ  Սևանի ավազանի ադրբեջանական գյուղերի բնակիչների հետ  համաձայնության չեկան: Միայն  Ղզըլ-Շաֆակն էր, որ ողջ գյուղով պատրաստ էին փոխանակման: Ադրբեջանցիներն ու հայերը ոչ միայն գյուղերով փոխանակվեցին, այլև միմյանց փոխանցեցին նոր տարածքին հարմարվելու հմտությունները` ինչպե՞ս հաց թխել հայկական փռում,  ո՞ր կողմում են Ձյունաշողի ամենալավ արոտավայրերը  և այլն: Նոր բնակավայրին հայերը համարյա հարմարվել էին, երբ  Միությունը փլուզվեց ու ցրտին միացան  թարմ  խնդիրներ: «Լույս չտվին, փայտ չկար, ածուխը վերջացավ, մարդիկ անասունները ծախեցին»,-Իշխան Ծատուրյանը  հիշում է ՝ գյուղի կեսը  1994 թվին արդեն  հեռացել էր` դեպի Ռուսաստան: Նրանք էլ ծանոթ ռուսների, ադրբեջանցիների միջոցով պարբերաբար  նկարահանում ու համացանցում են տեղադրում  տեսանյութեր այսօրվա Քերքենջի մասին: Իշխան Ծատուրյանը  մի հայացք է նետում ու գիտի. «Սա Արամայիսի հայաթն ա, էս էլ իմ տան տանիքը»:  25 տարի է` այստեղ է, բայց ոչ մի օր «տեղական մոտիվներով» երազ չի տեսել. «Իմ հայրենիքը նա ա, էրեխեքինս ՝ սա: Երազ եմ տեսնում, ընդեղն եմ տեսնում»: 

 

Միայն ձյունն է շողում

Այսօր Ձյունաշողում մնացել է քերքենջցի` ընդամենը 9  ընտանիք, այնինչ` այստեղ տեղափոխվել էր ամբողջ գյուղը՝ մոտ 250 տուն: 

Ոչ  մի խանութ չկա, գազ չկա, այս գյուղն ավտոբուս էլ չի մտնում: Մարդիկ 5 հազար դրամ են վճարում` տաքսիով հարևան Տաշիր հասնելու և գնումներ անելու համար: Հայաստանի ու Վրաստանի սահմանին գտնվող այս գյուղը ձմռանն ընդհանրապես կղզի է դառնում՝ փակվում են բոլոր ճանապարհները: Դեռ մի քանի տարի առաջ հարևան Իրգանչայի ադրբեջանցիների հետ առևտուր էին անում,  կարտոֆիլը, միսը, բուրդը փոխում մրգերի հետ, համատեղ  խոտ  էին հնձում,  ի վերջո,  լուրեր ստանում ծննդավայր Քերքենջից: Մի քանի տարի առաջ հայ-վրացական սահմանին սահմանափակումներ դրվեցին, և  3 կիլոմետրի վրա գտնվող Իրգանչայը  դարձավ անհասանելի արտասահման, ամեն ինչ «կտրվեց»: Նախկին Ղզըլ-Շաֆակի գյուղսովետի  շենքն այսօր Ձյունաշողի գյուղապետարանն է, նույնիսկ հայտարարությունների տախտակն է տեղում, իսկ հայտարարելու ոչինչ  չկա:  «Գյուղը 5 տարուց չի լինի»,- թախծում է Իշխան Ծատուրյանը:

 

«Քամին սրտիցս դուրս չի գալիս»

Ղևոնդյանների ընտանիքը հաստատվել է  Ջալալ Ջամալովի տանը: 25 տարի է անցել, բայց տիկին Նինան Քերքենջի իր տունը չի մոռանում. «Մեր տունի անունը վաբշե չտաս»:  Սեղանին հին լուսանկարներ են փռված՝ ահա ամուսինը Քերքենջի աղբյուրի մոտ, մյուսում ՝ իրենց բակում հարևաններն են ՝ Համոն ու Գարիկը:  Ղևոնդյանների երկու տղաներն արդեն գյուղից հեռացել են՝ Գեորգիևսկ: Ամուսիններն էլ  անհամբեր սպասում են ՝ հենց կովերը վաճառվեցին,  կհեռանան: Բայց  կովերը չեն վաճառվում: «Քամին սրտիցս դուրս չի գալիս»,- Քերքենջի տաքից  հետո Ձյունաշողի ցրտաշունչ քամիներից տիկին Նինան   հուսահատվել է:  Տան շուրջբոլորը միայն փակ կողպեքներ են, մնան ի՞նչ անեն: Մի քանի տարի առաջ ամուսինը՝ Բորիս Ղևոնդյանը, անընդհատ համառում էր՝ մորը թողնի, ո՞ւր գնա.  «Երեսիս կթքեն, ամոթ բան ա»:   Մայրը մահացավ, հուղարկավորեցին  Ձյունաշողի հայկական գերեզմանոցում, հոր շիրիմը այնտեղ՝ Քերքենջում է, այստեղից մոտ 700 կիլոմետր հեռու:  

 

Մեր աշխարհեն խապրիկ մը  չունի՞ս  

Պահպանել  գյուղերի գերեզմանները. գյուղերի փոխանակման  ժամանակ սա ձեռք բերված միակ պայմանավորվածությունն է:  Ձյուղաշողցիները մինչև օրս ադրբեջանցիների շիրիմները խնամում է  բծախնդրությամբ` հույսով, որ  այնտեղ՝ Քերքենջում էլ,  իրենց նախնիների շիրմաքարերը կմնան  անձեռնմխելի: Տարիներ առաջ երկու գյուղերի պատմությանն  անդրադարձել են  հայ և ռուս կինոմասնագետները, արձանագրել`  երկու գյուղերի բնակիչներն էլ կատարում են խոստումը: Հայկական գերեզմանոցում է նաև   Մեծ հայրենականում զոհված 119 քերքենջցի հայերի  հիշատակի հուշարձանը:  Ձյունաշողում լսել են ՝ զինվորը տեղում է, իսկ մարմարե հուշաքարը չկա:  Անհանգիստ են` իրենց նախնիների շիրիմները  տեղո՞ւմ են, խնամվա՞ծ:  Որևէ տեղեկության, լուրի սպասում են «ժողովրդական դիվանագիտության»  փորձված խողովակով: 

 

Yerkir.am

 

 


Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica