close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոռացվող մարդիկ…

Անտեսված ձայներ

28 Նոյեմբերի 2014, 23:29
 Մոռացվող մարդիկ…

Հանրակացարանի մուտքի   գրությունը տասնամյակներ առաջ  զվարթ  մի ողջույն էր , այսօր `  պարզապես հեգնանք. «Կեցցե ԽՍՍՀՄ  ժողովուրդների անխախտ բարեկամությունը »:Աբովյանի ճարտարագիտական քոլեջի   շենքում  փախստականի  125 ընտանիք է ապրում.  բոլորն էլ  բռնագաղթի  դաժան պատմություններով, ծննդավայրի վերաբերյալ ամենահովվերգական հիշողություններով , այսօրվա չլուծվող խնդիրներով :

 

Կոլյա  Պետրոսյանը դժվարությամբ՝ հենակներով  է քայլ դնում, բայց շատ է ուզում, որ բոլորը տեսնեն ` կնոջ հետ  տարիներ շարունակ հանրակացարանային խցում ոնց են ապրում: Ուղեկցում է իր տուն ՝ զանազան կենցաղային իրերով բեռնված հանրակացարանային միջանցքով . « Մի  կուխնի չկա , որ ճաշ էփենք, մեր կուխնին մի գազի բալոն ա»,-ասում է տարեց մարդը : Այս պայմանները նրան  անընդհատ են ստիպում «վերադառնալ» ետ`ծննդավայր  Գյուլիստան . «ինչիս ա  սա, ընդեղ տավար եմ թողել, խոզ եմ թողել,ձի եմ թողել,  ամբարը լիքը  ցորեն եմ թողել...» : Հետո  հոգնում է թվարկելուց . «ինչը չեմ թողել, ցավդ տանեմ, պիրան կոխեցին էս տուփի մեջ »:  

 

Հարևանուհին ՝  Շուշիկ Մաթևոսյանը  իր խցի  պայմաններին հիմա ավելի հեշտ է դիմանում . չորս երեխաներն էլ արտագաղթել են Հայաստանից , ինքն էլ  ամեն տարի ձմեռում է նրանց մոտ :

 

Այստեղ ապրող 125 ընտանիքներից մոտ 40-նն են  սեփականաշնորհել իրենց տրամադրված տասը-տասնհինգ քառակուսիանոց սենյակները  , շատերը հրաժարվում են, քանի որ չեն կորցրել բնակարան ստանալու հույսը : Նրանք ,  ովքեր այդ հույսն էլ չունեն, սեփականաշնորհման  համար փող էլ չունեն:

 

1988-92 թվականներին  Հայաստանն ընդունեց  418հազար փախստականների: Հիմնական մասը հենց Ադրբեջանից բռնագաղթածներն էին: Մեր բնակչության 14 տոկոսը այդ տարիներին փախստականներն էին: « Նման  մեծ հոսքերը  այլ երկրներում խնդիրներ էին ստեղծում, դառնում հասարակական համերաշխության խաթարման պատճառ»,- ասում է   Միգրացիոն պետական ծառայության ղեկավարը, հավելելով` մեզ մոտ այդպես չեղավ . <այդ տարիներին ձևավորված էր զգացմունքային, պատրաստակամ մթնոլորտ, բոլորը բոլորին էին ընդունում , դրա շնորհիվ մենք հնարավորինս լուծեցինքն նրանց խնդիրները, վրանային քաղաքներ չստեղծվեցին » :Տարիների  ընթացքում սակայն զգացմունքները սառեցին և այսօր , քսանվեց տարի անց էլ  924  ընտանիք սպասում է բնակարանի, սպասում է անմխիթար կիսաքանդ կացարաններում:  Միգրացիոն ծառայության տվյալով ՝ այդ մարդկանց  բնակարանային խնդիրը լուծելու համար պետք է 10 միլիարդ դրամ : 2009 թվականից հետո  պետական բյուջեով ոչ մի կոպեկ չի  տրամադրվել  փախստականների բնակարանային խնդրի լուծմանը : Ըստ Գագիկ Եգանյանի ` Միգրացիոն ծառայությունը ամեն տարի գոնե չորս միլիարդի հատկացում է խնդրում, բայց չեն ստանում , չգիտի էլ երբ կստանան , վստահ է` մի օր կստանան: Նրան հույս է տալիս կառավարության ծրագիրը, որտեղ Ադրբեջանից բռնագաղթած առավել կարիքավորներ ընտանիքների  խնդիրը փուլ առ փուլ լուծելու խոստում կա :

 

Այս  տարվա ամռանը ծառայությունը ուսումնասիրել է  փախստականներով բնակեցված հանրակացարանների վիճակը :  Տասներեք հանրակացարաններում իրավիճակը գնահատվել է ծայրահեղ վատթար, իսկ այդ պայմաններում  110  ընտանիք է ապրում : Փախստականներով բնակեցված  86  հանրակացարաններից ոչ մեկում բարվոք վիճակ չի արձանագրվել:  Բոլոր այս թվերի ու տեխնիկական գնահատականների ներքո մարդկանց ճակատագրեր են : Խոնավ ու քայքայված  կացարաններում  փախստականների արդեն երրորդ սերունդն է  մեծանում:

 

«Փախստականները  և միջազգային իրավունքը »  քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը  փախստականների բնակարանային ապահովության ծրագիրը որակում է «կիսատ-պռատ»: Պետության  հայտարարած ինտեգրման  գործընթացն էլ  , վստահ է, շատ վատ ընթացավ: Արդյունքում հազարավոր փախստականներ երկրորդ անգամ բռնեցին գաղթի ճանապարհը, հեռացան Հայաստանից  :  Հենց տարբեր երկրներում հաստատված  ադրբեջանահայ փախստականներից էլ  էլեոնորա Ասատրյանը  հավաքել է մոտ 35  հազար ստորագրություն , որով այդ մարդիկ պահանջում են  իրենց կրած վնասների գոնե մասնակի փոխհատուցում:  Ցանցի համակարգողը  վստահ է՝ պետք է  այս հարցը դրվի հակամարտության կարգավորման բանակցային սեղանին. «Որպեսզի ասիմետրիկ մոտեցում չլինի:  Երբ ադրբեջանական կողմը առ այսօր պնդում է այդ հումանիտար կողմի մասին և ասում , որ  մեկ միլիոնից ավել  փախստական  ունեն և նրանց իրավունքները պետք է պաշտպանեն, մենք էլ ասում ենք . դրեք սեղանին նաև մեր փախստականների խնդիրը և քննարկեց այդ հարց ևս»:

 

Այս մարդկանց խնդիրները տարեցտարի մոռացվում են : Երիտասարդները  ավելի լավ կյանքի  հույս դեռ ունեն : Գուցե  առաջիկա տարիներից որևէ մեկում բյուջեն իրենց  բնակապահովման  ցանկին  էլ կանդրադառանա: Իսկ  տարեցները  արդեն միայն հիշողություններով են ապրում:  «Ես իմ գյուղի գերեզմանն եմ կարոտում » ,-արցունքների  մեջ խեղդվելով ասում է Փիրուզա Պետրոսյանը : Ամուսինը  սփոփելու բառեր չունի, նույն վիճակում է.  «կարոտըմ չեմ էէէ, քյամ հողիցը պաչեմ » ,-ասում ու կնոջն է մեկնում շատ մեծ թաշկինակը: 

 


yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica