close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Փիս» վիճակ

Անտեսված ձայներ

21 Նոյեմբերի 2014, 16:30
 «Փիս»  վիճակ

«Փիս, շատ փիս վիճակի մեջ ենք»,- Նադյա Գրիգորյանը  երկու տղաների ու հաշմանդամ ամուսնու  կացարանն է ցույց տալիս.  չորս հոգով մի սենյակի մեջ են: Խոհանոց, բաղնիք` ամեն ինչ այդ 12 քառակուսի մետրում են տեղավորում: «Տուալետն էլ` տունը, փոքր վեդրոյի մեջ»,- մանրամասնում է Նադյա :

 

Աբովյան քաղաքի էներգետիկայի քոլեջի հանրակացարանում ապրող ադրբեջանահայ փախստականները  բնակարանի են սպասում արդեն 26 տարի: «Մենք տան կարոտ ենք, տուն ենք ուզում»,- իր ու բախտակիցների միակ ցանկությունն է հայտնում Նադյան, իսկ այդ ցանկությունը  քսանվեց տարվա վաղեմություն ունի:  

 

Տասնամյակների սպասումը գնալով ավելի ու ավելի դաժան է դառնում: Շենքը` վերից վար, ջրի մեջ է, ներքևում կոյուղաջրերն են,  վերևից` անձրևաջրերը:  «Կրիշան փլված` գնում ա, էրեխեն քնած` վրեն կաթում ա»:  Նադյան հայացքը որ կողմն էլ ուղղի` նույն պատկերն է` քարուքանդ ու խոնավ  պատեր:

 

Նա  Շամխորի շրջանի Բադաքենդ գյուղից է եկել Հայաստան: Հայրը հենց ծննդավայրում հայ-ադրբեջանական բախումների  ժամանակ է սպանվել:  Նոր կյանք, ընտանիք, երեխաներ, բայց «փախստական » բառից ազատվել չի կարողանում  հանրակացարանի թաց պատերի ներսում

 

2007 թվականի նոյեմբերի 13-ից hետո այս շենքի բնակիչներից ոչ ոք տուն չի ստացել: Ամսաթիվը  բոլորն են անգիր հիշում: «Յոթ տարի առաջ ասեցին` շուտով ձեզ էլ  տուն կտան, ու  հիմի ասում են` փախստական չկա, բայց մենք  էդ կարգավիճակում ենք: Ամուսնանալու աղջիկ, տղա ունեմ, ամաչում եմ մեկը իմ տուն մտնի»,- ասում է Գայանե Գևորգյանը: Փախստական հարևանների հետ միասին բազմաթիվ դռներ է թակել, միշտ ստացել է նույն պատասխանը` բյուջեում փող չկա :

 

Նոր տան համար փող չկա, գոնե հանրակացարանային այս շենքի փլուզումը կանխեն: Աբովյանի քաղաքապետարանը պնդում է` շենքն ամենևին էլ վթարային չէ, պարզապես փախստականներն են այն  «անխնա» շահագործում, իրենցը չեն համարում, խնամքով չեն վերաբերվում: 

 

Այստեղ ապրող 38 փախստականներից մեկն էլ Գոհարն է: Չի հասկանում` ի՞նչը «խնամի ու խնայի», եթե սենյակի պատերը  օր օրի հեռանում են իրարից :  Ինքն էլ գնալու տեղ չունի. աղջկան առնի՝ ո՞ւր գնա՝ անփող, անամուսին, անհարազատ. «Հա’մ անապահով, հա’մ միայնակ մայր, հա’մ ազատամարտիկի այրի, ու ոչ մի ձևի օգնություն»:

 

 «Լավ էր  ընդեղ՝  Կիրովաբադում, մեռնեինք, էդ վախտ մեզ կհիշեին» ,- Հռիփսիմեն  հուսահատությունից չգիտի` էլ ինչ ասի:  

 

Հանրակացարանային շենքը ընդհանուր խոհանոց,  լոգարան ուներ:  Ամեն ինչ վաճառեցին: Ասում է՝   գոնե դա պահեին, մենք էլ կօգտվեինք:  26 տարում  ոչ միայն  նոր տան հույսն է խարխլվել, այլև  նրա ունեցած մի քանի քառակուսին:  «Սիրտ չունեմ» ,-ասում է:  Պատուհանագոգին ծաղիկը չորացել է, չի ջրում, չի ուզում:  «Ուրիշների կնանիք  ուրախ են, մենք` վեչնի գրուստնի »,- ամփոփում է փախստական կինը:

 

Տուն ունենալու երազանքով  Հայաստանում այսօր ապրում է ադրբեջանահայ փախստականների  924  ընտանիք:

 

 

 


Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica