close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուժերի ստուգատես` սահմանամերձ Բերդում

Անտեսված ձայներ

26 Հոկտեմբերի 2014, 15:35
 Ուժերի ստուգատես` սահմանամերձ Բերդում

Տավուշի մարզի Բերդ քաղաքն անմիջական սահման չունի հարևան Ադրբեջանի հետ: Սահմանները սարերից այն կողմ են, սակայն հետպատերազմական խնդիրները տասնամյակներ անց ո’չ հարթվել են, ո’չ էլ մեղմացել:

 

Մոտակա գյուղերի համեմատությամբ` Բերդն ավելի զարգացած է և իրադարձություններով լի:  Այս տարի էլ քաղաքի մարզադպրոցի ավանդույթը չխախտվեց, և Հայաստանի տարբեր մարզերից , Ստեփանակերտից , Թբիլիսիից ու Բաթումից  ազատ ոճի ըմբիշները ժամանեցին Բերդ` իրենց ուժերը չափելու  աշխարհի գավաթակիր, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Գնել Մեջլումյանի անվան 9-րդ հուշամրցաշարում:  

 

Այս անգամ էլ, ինչպես նախորդ երկուս մրցաշարում,  հաղթեց  Թբիլիսիի ընտրանին:  Այս գորգում ամեն տարի  հանդիպում  և ընկերանում են  200-ից ավելի ըմբիշներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Իրանից, Վրաստանից, սակայն ոչ` Ադրբեջանից:

 

Գուջա Քոբեսաշվիլին՝ Թբիլիսիի հավաքականի մարզիչը, հիշում է՝  խորհրդային տարիներին նման հավաքների հայերը, վրացիները և ադրբեջանցիները մասնակցում էին  միասին: Ասում է` մենք այդ ժամանակ ունեինք մեկ խնդիր՝ միասին պայքարել այլ երկրների հավաքականների դեմ:

 

Մեջլումյանի առաջին մարզիչը հազվադեպ է տանից դուրս գալիս` տարիքն առել է, նաեւ առողջությունն առաջվանը չէ, բայց, ինչպես ինքն է ասում,  իր սանի հիշատակին կազմակերպված հուշամրցաշարերին չի  կարող  ներկա չլինել: Արամ Հակոբյանը ափսոսանքով է հիշում այն տարիները, ասում է` ժամանակին այս մարզադպրոցը հանրապետական և միջազգային մեծության մարզիկներ է տվել, բայց հիմա սերունդն ուրիշ է, ասում է` այս սերունդն այլ նախասիրություններ ունի, չեն մարզվում, ծխում են, շաշ-շաշ բաներ են անում:  Արամ Հակոբյանի աչքերը փայլում են, երբ հիշում է իր մարզիկին: Ասում է. «Մեծ էր Գնելը, մեծ մարզիկ էր, Գնելի դեմ խաղ չկար: Ինքը, որ գորգ էր մտնում, պետք է հաղթեր: Ամենակարևորը` թասիբ ուներ, դուխը տեղը….Մտնում էր գորգ, գիտեր, որ պետք է անպայման  հաղթի: Ես էլ էի ինձ հանգիստ զգում»:

 

Անզեն աչքով երևում էր, որ մրցումները  քաղաքին  ակտիվություն չբերեցին: Բերդի բնակիչներն էլ են այդ կարծիքին, թվարկում են բազում պատճառներ, բայց պնդում, որ հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են: Մարզադպրոցի հարակից արհեստանոցի աշխատող` 26-ամյա  Մանվել Ոսկանյանն էլ  քմծիծաղով է վերաբերվում Բերդում կյանքի ակտիվացման մասին խոսակցություններին:

 

«Եթե աշխատանք չկա, մարդիկ չեն կարողանում իրենց տունը պահել, ինքնըստինքյան պետք է գնան: Մնան այստեղ ի՞նչ անեն:  Ջահել տղա է, բանակից եկել է, պետք է ամուսնանա, ընտանիք կազմի, ինչո՞վ: Պետք ա ինչ-որ բան լինի, որ ընտանիք կազմի: Բոլորն էլ ուզում են աշխատել, բայց որ աշխատանք չկա…Ես տեսել եմ, թե իմ տարիքի տղերքը Ռուսաստանում ինչ գործերի մեջ են, ոնց են աշխատում, ոնց են չարչարվում՝ առավոտվա 8-ից մինչև գիշեր չարչարվում են: Որ այդ տեսակի գործ լինի այստեղ, կգան այստեղ, կաշխատեն, բայց աշխատանք չկա, մարդիկ գնում են: Ես էլ իմ գործի մեջ զգում եմ` ամեն տարի հաճախորդները պակասում են, գործն էլ ա պակասում»,- ասում է  Մանվել Ոսկանյանը և ավելացնում` այն, որ   երիտասարդները աշխատանք չունեն, չեն կարողանում լիարժեք մարզվել, պատճառը միայն պատերազմը չէ, սակայն բոլոր պատճառների հիմքում պատերազմն է, նաև ո’չ պատերազմ, ո’չ խաղաղություն վիճակը:

 

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի մոր՝ Սիրանույշ Մեջլումյանի համար հարազատ է ավտոմեքենան, որը վաղուց ջարդոնի է վերածվել: Այս «Մոսկվիչ»-ով է Գնելն առաջին անգամ գնացել Վրաստան` միջազգային մրցումների: Հարևան Ադրբեջան էլ են գնացել այս ավտոմեքենայով, սակայն պատերազմը փոխեց ամեն ինչ: Հիմա ոչ միայն չեն գնում, չեն շփվում իրենց «դոստերի» հետ, այլև Բերդում ապրելն է դարձել վտանգավոր: Տիկին Սիրանույշը հիշում է, թե ինչպես էին գնում հարևան թուրքական գյուղերից խաղող գնում: Թուրքերն էլ հարգում, պատվում էին և մինչև սահման ճանապարհում : Ասում է`  դոստություն էինք անում, լավ մարդիկ էին:  Այժմ, սակայն,  տիկին Սիրանույշը  նրանցից տեղեկություն չունի: Ամեն անգամ, իջնելով ներքնահարկ, հիշում է այն ծանր օրերը, որ անցկացրեցին հարևան կողմից եկած արկերի տարափի տակ: Այս սենյակները, որ ժամանակին ծառայել են որպես ապաստարան, հիմա պահեստի են վերածվել: Վերանորոգման մասին չեն էլ մտածում, մռայլ հիշողությունները թույլ չեն տալիս, ենթագիտակցության մեջ դեռևս վախ կա: Այս տարի էլ վտանգը կախված էր գլխներին: Իր տնական գինիով հայտնի տաուշցին այս տարի մնաց առանց գինու: Սահմանային կրակոցների պատճառով անմշակ մնացին խաղողի այգիները: Հիմա ստիպված են գինու համար խաղող գնել: Ասում են` ոչինչ, թող խաղաղություն լինի, մենք մեր գլխի ճարը կտեսնենք:

 

Գնել Մեջլումյանի անվան հերթական մրցաշարն ավարտվեց: Ավանդույթն էլ չխախտվեց` այս անգամ էլ մարտը գորգի վրա էր, ուժեղը ՝ պատվանդանին: Բերդում գոհ են արդյունքներից: Բոլորն էլ ջերմորեն շնորհավորեցին վրացիներին` հույսով, որ մի օր մասնակից թիմերի թիվը կավելանա, և բոլոր տեսակի հակամարտությունները կտեղափոխվեն և լուծում կստանան մարզական  գորգին:

 

Անի Մեջլումյան

 

 

 

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica