close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երանի արջ լինեի, քնեի-զարթնեի, գարունն եկած լիներ

Անտեսված ձայներ

20 Հոկտեմբերի 2014, 17:30
 Երանի արջ լինեի, քնեի-զարթնեի,  գարունն եկած լիներ

Այգեպարում Վարդազարյանների տուն մտնելիս միայն շունն է դիմավորում, միակ տանտիրոջ իրավունքով դիմավորում է և… ճանապարհում:

 

66-ամյա Վանո Վարդազարյանը օգոստոսի սկզբին կնոջ հետ մեկնել էր Ռուսաստան` այնտեղ արդեն տարիներ ի վեր հաստատված 4 երեխաներին տեսնելու, բայց, ինչպես նշում է, «վայելեցին վուչ»: Օգոստոսի 10-ին հակառակորդը կրակահերթի տակ էր առել Այգեպարը: Ականներից մեկը Վարդազարյանների տանիքին էր ընկել եւ դարձել հրդեհի պատճառ: Հրդեհն արագ էր տարածվել, հարևանները, կրակոցներին չնայելով, փորձել էին այն մարել, բայց կրակը «լափել էր» ամեն ինչ` հիշատակ թողնելով միայն մեկ աթոռ:

 

«Ճիշտ է, կրակոցների ժամանակ բոլորը նկուղներում պատսպարված են եղել, բայց  հարևաններս փորձել են մոտենալ ու հրդեհը մարել: Սակայն հակառակորդը տեսել է, որ տունը հրդեհվում է, շարունակել է հենց էդ ուղղությամբ կրակել, որպեսզի չկարողանան տանը մոտենալ և հրդեհը մարել»,- ասում է Վարդազարյանը:

 

Նա հիշում է` երբ պետք է ամուսնանար, լուսահոգի հոր հետ որոշել է քարը քարին դնել, նոր ու մեծ տուն սարքել: Սակայն 1982-ին Վարդազարյանի հայրը մահացել է, և նա ստիպված է եղել ինքնուրույն գործը գլուխ բերել: Վերջերս էլ երեխաները Ռուսաստանից մի քիչ գումար էին ուղարկել, մի քիչ էլ ինքն էր հավաքել և վերանորոգել տունը:

 

Վարդազարյանի` Ռուսաստանում գտնվող տղաները հորն ու մորը կանչում են իրենց մոտ, ասում են` այնտեղ կարողանում են ապրուստի միջոց վաստակել, գոնե աշխատանք ունեն: Բայց Վարդազարյանը չի պատրաստվում լքել ծննդավայրը:

 

«Իմ հողն ու ջուրն ուր բրախեմքյինամ: Մեծահասակ մարդ եմ` գնամ` ի՞նչ անեմ: Գնում եմ երեխեքի մոտ, ժամանակ անցկացնում մեկ-երկու ամիս, թողնում-գալիս: Իմ տեղը այստեղ է, ես գնալու տեղ չունեմ: Իմ ծննդավայրն ո՞ւմ թողնեմ»,- ասում է նա:

 

Վարդազարյանների ընտանիքը, սակայն, երկար անօթևան չմնաց: Դեպքի հաջորդ օրն իսկ մարզպետարանը Այգեպարում նրանց տրամադրեց 3 սենյականոց բնակարան: Բնակարանամուտը, սակայն, առաջին հերթին հակառակորդի գնդակն արեց` հարվածել էր նոր բնակարանի պատշգամբին: Վարդազարյանն ասում է` բախտը բերել է, որ պատուհանները տեղադրած չէին, թե չէ փշրվելու էին:  Երեքսենյականոց բնակարանը դեռեւս դատարկ է: Վարդազարյանը գյուղացիներից մեկից մի անկողին է վերցրել, մարզպետը հեռուստացույց է նվիրել, որոշ բարերարներ էլ` սառնարան, գազօջախ ու լվացքի մեքենա:

 

«Տների համար գոհ ու շնորհակալ եմ, բայց նստելու տեղ չունեմ` աթոռ, սեղան չունենք: Ջուրը ես եմ քաշել, հոսանքն ու գազն էլ կար: Հույսս 30 000 դրամ թոշակն է, որը ստանալն ու ծախսելը մեկ է լինում: Թե ձմռան տակից ոնց եմ դուրս գալու, չգիտեմ,  ձմռանը հողն էլ է աչքը թեքում գյուղացուց: Երանի արջ լինեի, քնեի, զարթնեի,  գարնունն եկած լիներ: Երեխեքս են մի քիչ օգնում, որ ապրենք: 30 000 դրամով կարո՞ղ ես ապրել, մի մեշոկ ալյուր ես գնում, էլ տակը բան չի մնում»,- ասում է Վարդազարյանը ու հավելում, որ ո'չ հող ունեն, ո'չ` անասուն: Տարիներ առաջ կով են պահել, բայց երբ հակառակորդը սկսել է կրակել նաև արոտավայրերի ուղղությամբ, Այգեպարում իրեն տեր ու տիրակալ միայն հավն ու աքլորն են զգում:

 

Արդեն երկու ամիս է անցել, ինչ Վարդազարյանը նոր տուն է տեղափոխվել, բայց գրպանում դեռ այրված տան բանալիներն են, շունն էլ այնտեղ է կապված` բակում, ուշի-ուշով ավերակներն է հսկում:

 

Այրված տուն, ինչպես Վարդազարյանն է նշում, գնացող-եկող լինում է, բայց հյուրերը տան պատերը «ուզում չեն տեսնել», դռնից ներս են մտնում ու էլ չեն առաջանում. «Ես էլ ամեն օր գալիս եմ այստեղ, գալիս եմ, նստում, մտիկ անում ու թողնում-գնում»:

 

Կարինե Հարությունյան

 

 

 

 

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica