close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանից «կախված» խոստումներ …

Անտեսված ձայներ

6 Հոկտեմբերի 2014, 16:03
 Սահմանից «կախված»  խոստումներ …

Այգեպարում այս օգոստոսն էլ անցավ … Փոքրիկ Հրաչյան  չնկատեց` ամիսը ոնց թռավ, բայց մեծերը…

 

Անիկյանների ընտանիքն այդպես էլ չսիրեց օգոստոսը, ամիսն էլ  հետները թարսվեց… Անցյալ տարի դարձյալ օգոստոս ամիսն էր, երբ Հրաչյայի 54-ամյա պապիկը` արդեն նախկին զինվորական Բենիկ Անիկյանը ծառայության ընթացքում ականի պայթյունից ոտքը կորցրեց:  Ասում է` սկզբում դժվար էր, հետո հարմարվեց, զինվորականի կամքի ուժն ու դիմացկունությունն օգնեցին:

 

Բենիկը եղել է ամենաթեժ կետերում, բայց դրա մասին խուսափում է խոսել: Գլուխ գովել չի  սիրում, բայց հպարտանալու ուրիշ պատճառ  ունի` ընտանիքի անդամներից ոչ մեկը գյուղը չի լքել: «Թողնենք, ո՞ւր գնանք, մինչև ե՞րբ փախչենք»,- ասում է նա:


Բայց  նրա պես Այգեպարում ոչ բոլոր Անիկյաններն են մտածում: Օրինակ` այգեպարցի` 16-ամյա Լիաննա Անիկյանը, որի ոտքը վնասվել էր այս տարվա հունվարի 23-ին`  տան պատուհանից ներթափանցած` հակառակորդի  գնդակից, ամռանը մեկնեց Ռուսաստան: Իսկ մենք` լրագրողներս,  այդ օրերին գրում էինք,  իբր աղջիկը չի վախեցել, Այգեպարից չի պատրաստվում հեռանալ…

 

Այգեպարից հեռացավ նաև այգում  աշխատանքի  ժամանակ  ձեռքից   վիրավորված  Դավիթ Գաբրիելյանը:

 

«Էն, որ ասում են` գնդակոծության ժամանակ կարում եմ ստեղ դուխով ապրել, դես-դեն, պարծանք չի: Հենա մեր տան երեխեքը, որ կրակոցը սկսում ա, դուխ եմ տալիս, ասում` իբր մերոնք են, որ չվախենան»,- ասում է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:

 

Այգեպարցի` 100-ամյա Թելի տատն էլ է ասում, որ կրակոցների ժամանակ վախենում է: «Որ վախում ենք, ի՞նչ անենք»,- ասում է ու ծերունական ժպիտով փակում «ծեծված» թեման: Թելի տատի հիշողության թելը  կտրվել է` թոռների ու կոռների թիվը չի հիշում, բայց մի բան հաստատ հիշում  է` ժամանանին թուրքերի հետ լավ հարևաններ էին:  Թելին հարևան Մովսեսից եկած առաջին հարսներից է: Հիմա էլ են այնտեղից հարսներ բերում:

Գյուղում գործող գինու գործարանի աշխատակցուհին էլ է Մովսեսից, բայց զինվորական որդու համար քաղաքից են հարս բերել, ասում է` սկզբում խնամիները դեմ էին: «Ասում էին` վա~յ, կռվի դաշտ ա, բայց Այգեպարի տեղն էլ չին գիտում, քարտեզումն էլ չին պատկերացնում»:

 

Գյուղամեջում կանգնած` հարևան գյուղի բնակիչն էլ չի ուզում խոսել, դժգոհեց` բողոքները  տեղ չենք հասցնում: «Ես պրոծիվ մարդ եմ, իմ ասածը ձեզ օգուտ չի»,- ասաց նա, հետո, երբ փոշմանեց  ու բացեց «բողոքի գիրքը»,  գյուղապետը կանխեց` ասելով.  «Ինքը մեր գյուղացի չի, թող գնա, իրենց գյուղում  դժգոհի»:

 

Այգեպարցիներն այս օգոստոսը  չսիրեցին՝  12 ընտանիք լքեց գյուղը: Դպրոցն այս տարի 3 առաջին դասարանցի ընդունեց, անցյալ տարի 10-ն էին:

 

Քայլում ենք Այգեպարում ու հաշվում կողպված դռները: Իրար հաջորդող փակ դռների կողքին վերջապես ծուխ է նշմարվում:  Տիկին Սոնայի հացի փուռն է: Նա էլ է արտագաղթի համը ճաշակել` ընտանիքում 12 շունչ կար, հիմա մնացել են ինքն ու ամուսինը:  «Մի բոցով 12 հաց եմ անում»,- ասում է նա ու խնդրում` նորաթուխ հացից անպայման հետներս վերցնենք, ասում է. «Մնա ի՞նչ լինի, ուտող չկա»:

 

Լիդա Հովհաննիսյանի չորս որդիներն էլ վերջին տարիներին են վերջնականապես հաստատվել Մոսկվայում: Մեկ-մեկ գալիս են, անձնագրի հարցերը լուծում ու նորից գնում:

 

Ճոխ, մեծ ու վերանորոգված տան պատուհաններից մի քանի ամիս է` տեսարան չի բացվում: Պատուհանագոգերին միայն վարդագույն տուֆեր են շարված: «Հակառակորդի գնդակից պաշտպանվելու համար է»,- բացատրում է Լիդայի ամուսինը` Յուրիկը,  եւ մարդ ու կին սկսում են հաշվել կրակոցներից առաջացած վնասները, հետո ցույց են տալիս «ամենահիշարժան պատը»: Վերջին կրակոցների ժամանակ այս պատի մեջ մխրճված գնդակը չեն հանել: «Թողել եմ հիշատակ»,- ասում է Յուրիկը:

 

Այգեպարում այս ամառն  էլ անցավ,  մի ամիս գյուղամեջ դուրս չեկած մարդիկ էլի իրար գլուխ են հավաքվում, գյուղ եկած պաշտոնյաների ասածներն են ի մի բերում ու եզրահանգման  գալիս` սահմանամերձ գյուղերին խոստացված արտոնությունները մնացին թղթի վրա:

 

Թագուհի Մելքոնյան

 

 

 

 

 

 

 

Եղանակն՝ առաջիկա օրերին
19 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երազում տեսած Հայաստանս
19 Սեպտեմբերի 2018, 12:17 Երազում տեսած Հայաստանս
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica