close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ է ստորագրվելու Մինսկում հոկտեմբերի 10-ին

Թեմա

1 Հոկտեմբերի 2014, 18:35
 Ի՞նչ է ստորագրվելու Մինսկում հոկտեմբերի 10-ին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր «Ռեգնում» գործակալության հետ զրույցում ասել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը ձգձգելու ռեսուրս չկա: Ըստ պատգամավորի` ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 10-ին, այսինքն` ուղիղ 10 օրից, Մինսկում կայանալիք ԵՏՄ գագաթաժողովում կստորագրվի այդ նոր ստեղծվող կազմակերպությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

 

Իրականում Հայաստանը երբեք էլ չի ունեցել ԵՏՄ-ին միանալու հարցը ձգձգելու ռեսուրս: Այստեղ Երևանը հանդես է եկել առավելապես իբրև օբյեկտ` սպասելով, թե Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներն ինչպես կվճռեն իր անդամակցության հարցը, ինչպես այն կդարձնեն իրենց ներքին քաղաքական առևտրի առարկա: Եվ եթե հոկտեմբերի 10-ը, իբրև պայմանագրի ստորագրման ամսաթիվ, դեռևս չի փոխվել, նշանակում է` Ալեքսանդր Լուկաշենկոն, Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևը կարողացել են այդ հարցում գալ կոնսենսուսի: Իսկ այդպիսի կոնսենսուսն կարող էր ձևավորվել առնվազն երկու հարցում Աստանայի ակնկալիքները բավարարելուց հետո:

 

Նուրսուլթան Նազարբաևը վաղուց հասկացնում էր, որ իր համար կա սկզբունքային երկու նախապայման: Առաջինը Մոսկվայից իր տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը անվերապահորեն հարգելու երաշխիքներ ստանալն է: Նրա մտավախությունները կապված էին Ղազախստանում ուկրաինական սցենարի կրկնման հեռանկարից խուսափելու հետ: Ռուսաստանը փաստացի բավարարել է այս պահանջը, այն էլ ոչ թե բանավոր պայմանավորվածությունների, այլ ստորագրված փաստաթղթի մակարդակով: Նախորդ օրը Աստրախանում կայացած`  Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների` կասպյան 4-րդ գագաթաժողովում, որը հրավիրվել էր Կասպից ծովի իրավական կարգավիճակը հստակեցնելու համար, այս հինգ երկրների ղեկավարներն ընդունել են Կասպիցում գործունեություն ծավալելու հիմնական սկզբունքներն ամփոփող համատեղ հռչակագիր: Դրա առաջին կետով կողմերը համաձայնում են հարգել միմյանց «ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և հավասարությունը, միմյանց հանդեպ ուժ և դրա սապռնալիք չգործադրել, չմիջամտել միմյանց ներքին գործերին»:

 

Նազարբաևի երկրորդ պահանջը, ինչպես հայտնի է, վերաբերում էր Հայաստանը ԼՂՀ-ից հստակ սահմանազատելուն, որը բխում էր Նազարբաևի կողմից ընթերցված` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտնի նամակի տրամաբանությունից: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի` ԱԳՆ-ի կողմից օրերս հրապարակված նախագիծը վկայում է, որ այդ պահանջը ևս բավարարվել է: Նախագծում նշվում է, որ միության մաքսային միասնական սահմանը կազմում են դրա անդամ երկրների սահմանները: ԼՂՀ-ն Հայաստանի մաս չի կազմում, հետևաբար` ԵՏՄ-ի սահմանն անցնելու է Հայաստանի և ԼՂՀ-ի միջով: Այսինքն` առնվազն իրավական հարթության վրա Նազարբաևը լուծում է ԼՂՀ-ին ԵՏՄ-ի շրջանակում Հայաստանից մեկուսացնելու խնդիրը, քանի որ պայմանագրից անմիջականորեն բխում է, որ Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանային հատման կետերում պետք է մաքսակետեր տեղակայվեն` դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Այս վերջին հանգամանքը ցույց է տալիս, որ Երևանին չի հաջողվել հասնել գոնե նրան, որ ԼՂՀ-ի հետ իր հարաբերությունների առանձնահատկությունը որևէ ձևով արտացոլվի այդ համաձայնագրում: Այլ կերպ չէր կարող լինել, եթե հիշենք, թե Երևանն ինչպիսի փութաջանությամբ և ինքնամոռացությամբ էր փորձում Մոսկվային ցուցադրել իր առջև դրված բոլոր փաստաթղթերի տակ ստորագրելու պատրաստակամությունը` առանց որևէ խնդիր հարուցելու, առանց բանակցությունների: Ի սկզբանե Հայաստանի իշխանությունները նման խնդիր չեն էլ դրել: Դեռ այս տարվա մայիսի 31-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: ...Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»: Իշխանությունները կարծում են, թե ԼՂՀ-ից Հայաստանի սահմանազատումը զուտ ձևական բնույթ է կրելու` մոտավորապես այնպես, ինչպես Հաայստանն անդամակցեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Չի բացառվում, որ Մոսկվայի հետ այս հարցում նաև եկել են նախնական որոշակի համաձայնությունների:

 

Սա որևէ խնդիր չէր հարուցի, եթե չլինեին շատ կարևոր, առ այսօր անպատասխան մնացած երկու հարցադրում: Առաջին` եթե մաքսակետեր դրվելու են, ապա ո՞ւմ միջև` Հայաստանի և ԼՂՀ-ի՞, թե՞ Հայաստանի և Ադրբեջանի: Խնդիրն այն է, որ եթե մաքսակետը դրվում է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև, դա նշանակում է, որ Մաքսային միության անդամ երկրները գոնե այդ չափով ճանաչում են ԼՂՀ-ի սուվերենությունը և մտնում նրա հետ մաքսային հարաբերությունների մեջ: Դրան, սակայն ո'չ Ղազախստանը և ո'չ էլ Ռուսաստանը պատրաստ չեն առաջին հերթին այն պատճառով, որ խախտելու են կասպյան երկրների միջև ստորագրված հռչակագրի` վերոնշյալ սկզբունքը: Այսինքն` նման քայլը Ադրբեջանն անպայման փորձելու է ներկայացնել որպես Մոսկվայի և Աստանայի կողմից իր տարածքային ամբողջականությունը չհարգելու դրսևորում և ստանձնած պարտավորության խախտում: Հետևաբար, ինչ պահի, անկախ նրանից, թե ինչպես է Հայաստանը մոտենում ԵՏՄ-ի կողմից մաքսակետերին ձևական բնույթ տալու վերաբերյալ իրեն տրված խոստումներին, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ այդ երկրները գործեն Ադրբեջանի նկատմամբ իրենց հանձնառությունների շրջանակում: Մինչդեռ ստորագրած լինելով անդամակցության համաձայնագիրը` Հայաստանը ոչինչ չի կարող անել` դա կանխելու համար: Այսինքն` Հայաստանը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ, օրինակ, Աստանան ոչ միայն պահանջի ԼՂՀ-ի հետ մաքսակետերն աշխատեցնել ամբողջ ծավալով ու գործառույթներով, այլև սահմանի այդ հատվածում մաքսային հարաբերությունները կանոնակարգելու ուղիղ բանակցություններ սկսի Բաքվի հետ այն նույն հանգստությամբ, որով Նազարբաևն ընթերցում էր Ալիևի նամակը: Երկրորդ, եթե մաքսակետեր չեն դրվելու, ապա ինչպե՞ս է կարգավորվելու ապրանքաշրջանառությունը սահմանի այդ հատվածում, ինչպիսի՞ մաքսատուրքեր են գործելու Ղարաբաղի հետ, հատկապես` այնտեղից ապրանքներ ներմուծելու ժամանակ: Միայն այն հանգամանքը, որ Երևանը խուսափում է այս հարցի հետ կապված պարզաբանումներ տալուց նույնիսկ պայմանագրի ստորագրման նախօրեին, առնվազն խիստ կասկածելի է:

 

Գևորգ Դարբինյան

 

Հ.Գ. Հոկտեմբերի 10-ին, գուցե այն պահին, երբ Մինսկում Սերժ Սարգսյանը ստորագրելիս կլինի այդ պատմական պայմանագիրը, Երևանում տեղի կունենա ընդդդիմության հանրահավաքը` իշխանությանը ներկայացված 12 պահանջների կատարման վիճակը գնահատելու օրակարգով: Հիշեցնենք, որ այդ պահանջներից վերջինը վերաբերում է հենց այս խնդրին. «Չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ-ի միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ` միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն»: Սակայն ոչ իշխանական ուժերն էլ առ այսօր չեն ուզում պարզաբանել, թե ԼՂՀ-ի հետ սահմանին մաքսակետերի հնարավոր տեղակայումը դիտարկելո՞ւ են որպես «միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն», թե՞ ոչ: Ձևակերպումն այնքան ընդհանրական է, որ կարող ես մեկնաբանել ինչպես ուզես: Գուցե հենց դրանո՞ւմ է պահանջի իրական իմաստը...

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica