close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այգեպար. Էստեղ միայն գործով են գալիս

Անտեսված ձայներ

30 Սեպտեմբերի 2014, 18:10
 Այգեպար. Էստեղ միայն գործով են գալիս

Որոշված է' Այգեպար եմ գնալու: Մինչ գնալս' բարի մարդկանցից մեկը /այգեպարցի/ խորհուրդներ է տալիս: Ասում է, որ գյուղում մի տղա կա' Մաքսիմը /ինչպես «Կտոր մը երկինք»-ում է ասվում' «Քիչ մը մանկամիտ է»/ հանկարծ ասածները լուրջ չընդունեմ ու ինչպես սովորաբար արվում է' նյութերիս գլխավոր հերոսը չդարձնեմ: Կներեք' չկարողացա անտարբեր անցնել Մաքսիմի կողքով:

 

Գյուղապետի ուղեկցությամբ դպրոց ենք գնում, ճանապարհին մեկ էլ հայտնվում է Մաքսիմը ու թե' անունդ ի՞նչ է, քանի՞ տարեկան ես, որտե՞ղ ես ապրում: Այ տղա, սպասիր, է՜, քեզ հետ դեռ երկար ճանապարհ ենք անցնելու))):

 

Հարցերի առատությունից նեղսրտած' Մաքսիմին ուղարկում եմ մեր մյուս խմբի մոտ: Մաքսիմին փոխարինում է գյուղապետը, ով գյուղացիների կյանքն այնպես է նկարագրում, որ երանի ես տալիս գյուղում ապրողներին: Գյուղապետին համոզում եմ, որ միայնակ մնամ' ասում եմ, որ շատ եմ քայլելու, շատ-շատ, ավելին, երեխաների հետ կլաս եմ խաղալու, ծերերի հետ' նարդի, վախեցած նայում է վրաս ու թե' «Մաքսիմից խոնավություն քաշեցի՞ր»:

 

Մաքսիմ, Մաքսիմ... Ասում եմ, Մաքսիմ ջան, միասին գնանք, բայց շատ հարցեր չտաս, հա՞: Ինքն էլ, թե' «որ միասին գնանք' չէ՛, հարցեր չեմ տա»:

 

Գնում ենք գյուղի բուժքույրի տուն. Մաքսիմն ասում է' գյուղի ամենավերջին տներից մեկն է: Համենայն դեպս, մեկ ուրիշից էլ ճշտում եմ ' գյուղում առհասարակ բուժքույր կա՞, ամենավերջին տներից մեկո՞ւմ է ապրում: Գյուղացիներից մեկը հուշում է.«Հե՜ն է, էն վերևով գնացեք, վերջին տունն է»:

 

Ուրիշ ճանապարհով ենք գնում, Մաքսիմն ասում է' էդպես հարմար է:

 

-Հիմա քեզ հարցեր չտա՞մ:

-Չէ ու չես նեղանում, չէ՞:

-Դե, եսիմ: Բայց հո լուռ ու մունջ չե՞նք քայլելու:

-Ինչի՞ լուռ ու մունջ: Մի լավ բան պատմիր:

 

Ուրախանում է, ամաչում, հետո սկսում զարմանահրաշ պատմությունները' մեկը մեկից հերոսական ավարտով: Ասում է' կռվի տարիներին հակառակորդի տանկն ուղիղ վրան է եկել, չի վախեցել, կանգնած մնացել է, բայց հենց այն պահին, որ տանկը պետք է Մաքսիմին «տակովն աներ»' թրթուռները կանգ են առել: Որոշել են Մաքսիմին գերի վերցնել, բայց չի ստացվել' Մաքսիմը միայնակ 3-4 հոգու հետ կռիվ է տվել ու բոլորին էն աշխարհ ուղարկել, տանկն էլ իր ավարն է եղել: Պատմում-պատմում է ու հարցում.

-Հավատում ես, չէ՞:

-Ըհը:

 

Ու սկսվում է մեկ ուրիշ պատմություն: Ասում է' անցած տարի ամռանը հորեղբոր, թե մորեղբոր հետ երբ զբոսնելիս է եղել, մեկ էլ տեսել է, որ հակառակորդն արկ է նետում իրենց ուղղությամբ: Արկն ընկել է ուղիղ Մաքսիմիս ոտքերի տակ, բայց չի պայթել, ու մինչև հորեղբայրը կամ մորեղբայրը վախից ուշագնաց է եղել' Մաքսիմն արագ կողմնորոշվել է' արկը վերցրել' հետ է շպրտել հակառակորդի կողմ ու մի քանի հոգու հարցերը տեղում լուծել:

 

-Հավատում ես, չէ՞:

-Ըհը:

 

Սա դեռ ամենը չէ. ասում է' մի անգամ էլ հակառակորդի' իրենց տանն ուղղված արկն օդում է բռնել ու...  պատմության ամենաթեժ պահին կարմիր 06-ով մի երիտասարդ գալիս-կտրում է մեր ճանապարհը:

 

-Մաքսիմ, էս ո՞ւր ես տանում էս սիրուն աղջկան:

-Տեղ,-նեղսրտած ասում է Մաքսիմը ու աչքի տակով ինձ նայում' հո չեմ նայում էդ երիտասարդին:

-Քուրիկ, բաց ճանապարհով քայլում ես ու չե՞ս վախենում: Էս ո՞ւր եք գնում:

-Չէ՛, չեմ վախենում: Բուժքույրի տուն:

 

Կարմիր 06-ը գնում է: Մաքսիմս ուռացնում է թշերն ու թե' «Իմ հետ չես վախենում, չէ՞»... Հետո էլ, թե' «Հիմա որ կրակեն, ի՞նչ կանես»: Նայում եմ կողքերս, թաքնվելու տեղ չկա: Մաքսիմը նեղանում է' «բա ես ի՞նչ եմ. կվազենք միասին, կսողանք, էլի, բայց ես ձախ կողմում կլինեմ /թշնամու դիրքերն են/ ու կրակելիս' ինձ կկպնի»: Ու մինչ նոր պատմություն սկսելը' կարմիր 06-ը կրկին հայտնվում է, այս անգամ արդեն' բարձր-բարձր երաժշտությամբ, որի «մեջ» ինչ-որ մեկը սիրում է ինչ-որ մեկին ու նկարագրում իր ապրումները, բնականաբար, չափազանցրած:

 

-Մաքսիմ, այ, Մաքսիմ, էս աղջկան ո՞ւր ես գյուլի բերան տանում:

-Ա, դե, քշի գնա, ի՞նչ ես ուզում:

-Կարինե, արի մեքենայով տանեմ,-ասում է երիտասարդը:

 

Ուզում է ասել' անունս իմացել է: Տղա եմ ասել, է՜: Մաքսիմն իրար է խառնվում: Ուզում է պատասխանել, բայց կցկտուր ինչ-որ բան է ասում ու խեղճացած ինձ նայում:

 

-Չէ, շնորհակալություն, մենք ոտքով կգնանք:

-Տենց անվախ ես, հա՞: Բա որ կրակե՞ն:

-Մեքենայիդ ապակիները զրահակայո՞ւն են:

 

Ախ, ախ, ախ... Շփոթվում է երիտասարդը, կմկմում, պատասխան փնտրում: Գրողը տանի, բոլոր պատասխանները թռել են գլխից... Ժպտում-հեռանում է' հավանաբար մտածելով, թե էս քաղաքի աղջիկներն ինչ երկար լեզու ունեն:

 

Մաքսիմը գոհ է, հպարտ: Ասում է' «արի գնանք մեր տուն, մի քիչ կհանգստանաս, հաց կուտենք»: «Սովա՞ծ ես»,-հարցնում եմ Մաքսիմին: Ասում է.«Չէ, հենց-նենց եմ ասում»... Մաքսիմը խորհուրդ է տալիս.«Կրակոցների ժամանակ գիտե՞ս' չպիտի գլուխս կորցնես: Առաջին պահին, հա, իրար ես խառնվում: Հետո, սովորել եմ, մի քանի հատ խորը շունչ եմ քաշում ու սկսում մերոնց նայել, թե ուր են: Հա, էդպես ա, բա հո մենակ քո՞ մասին չես մտածելու: Որ էդպես լինի' գնդակը կզգա, կգա ու հենց քեզ կկպնի: Լուրջ եմ, է, ասում»:

 

Կարմիր 06-ը փոշի բարձրացնելով գալիս ու գալիս է: Մաքսիմն ասում է, որ ուշադրություն չդարձնեմ էդ տղային էլ, նրա ասածներին էլ.«Այգեպարից էլ չի, Բերդից ա, եկել-լոպազանում ա: Հեսա կասեմ իրեն' էլ չի գա»: Մաքսիմը մոտենում է երիտասարդին' տղավարի զգուշացնում, որ էլ չգա մեր հետևից.«Էս աղջիկը մեզ հյուր ա եկել, դու նեղացնում ես, բա եղա՞վ: Համ էլ ինքն ասել է, որ ես հետը գնամ, իրան գյուղացիների հետ ծանոթացնեմ, ինքն ա ասել, հասկացա՞ր»...

 

Մեքենան շրջվում-գնում է, Մաքսիմը թիկունքը լայնացրած հետ է գալիս, սպասում, որ մի լավ խոսք ասեմ, որ ինքն էլ ասի' հա, լավ, եղածը մի բան չէր... Տարօրինակ զգացողություն ունեմ' ոնց որ թե վախենում եմ...

 

-Մաքսիմ, որ գյուղում մեկն իրեն լավ չի զգում' բուժքուրն է՞ս ճանապարհով է գալիս, որ օգնություն ցուցաբերի:

-Ա, չէ, ի՞նչ ես ասում: Էս ճանապարհով ո՞վ ռիսկ կանի գա: Հեն է, էն վերևով ա գալիս:

 

Ասում եմ, որ բուժքույրի հետ մյութ անգամ կխոսեմ, հետ վերադառնալ է պետք:

 

-Չես վախենում, չէ՞,-արդեն ինքնավստահ է հարցնում:

 

Ուզում եմ չվախենալ, էդ ո՞նց է, որ Մաքսիմը չի վախենում: Չի ստացվում...

 

Վերադառնալիս Մաքսիմն էլի ինչ-որ պատմություններ է պատմում, որտեղ միշտ ինքը հաղթողն է լինում ու որոնք միշտ ընդհատվում են կարմիր 06-ի հայտնվելուն պես:

 

-Մաքսիմ, չե՞ս աշխատում:

-Չէ, բայց թոշակ եմ ստանում,-ասում է ու փոշմանում:

 

Դրանից հետո էլ չի կարողանում ինչ-որ բան պատմել: Վերադառնում ենք գյուղապետարան: Ճանապարհին մաման է զանգում բջջայինիս: Մաքսիմն ասում է, թե' բարևիր, ասա' այգեպարցի մի տղա' Մաքսիմը, բարևում է: Բարևի եղածն ի՞նչ է' մաման զարմանում է, Մաքսիմը' սկսում մտածել նոր հերոսական պատմություններ: Հասնում ենք գյուղապետարան, գնալու ժամանակն է: Մաքսիմը նեղանում է' «Վերջը չեկար մեր տուն: Մեր տունն ամենաապահովն ա գյուղում, լուրջ եմ ասում»...

 

-Մյուս անգամ, մյուս անգամ կգամ:

-Չես գա, էլ մեր գյուղ չես գա: Գործով էիր եկել, մյուս անգամ ինչի՞ համար ես գալու: Ստեղ մենակ գործով են գալիս... Մյուս անգամ անունս էլ չես հիշելու...

 

Հեղինակ` Կարինե Հարությունյան

Լուսանկարները` Նունե Հայրապետյանի

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica