close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.82
EUR1566.58
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՐԵԻԱԹԱՓ. Սպարտակ Ղարաբաղցյան

Թուղթուգիր

17 Սեպտեմբերի 2014, 18:53
 ՏԵՐԵԻԱԹԱՓ. Սպարտակ Ղարաբաղցյան

 

 

Ամեն անգամ, երբ վերադառնում եմ գյուղից, թվում է, թե իմ թիկունքում ոչ թե սար ու լեռ է մնում, այլ հարազատ մի մարդ, որ կանգնել ու տխուր նայում է իմ հետևից…

 

Այս անգամ լրագրողին հատուկ բարեխղճությամբ նշումներ չեմ արել, որ հետո պատմվածքի կամ ակնարկի նյութ ունենամ: Նմուշներ կան, որ սովորական ծոցատետրի մեջ չես անի, այլ՝ հոգուդ խորքում և օրերից մի օր` անպայման տրվում ես դրանց…

 

Գյուղը միշտ էլ քաղաքից եկած որդիների, թոռների, ծոռների ու հյուրերի առաջ սեղան է բացել, հետները քաղցր ու անուշ զրույցի նստել, հետո մեկ –մեկ ընդհատել է զրույցը, հիշել քաղաքում ապրող այս կամ այն որդուն, հարց ու փորձ արել, մեկին նախատել, մյուսի մասին խոսքեր շռայլել… Ախր գյուղը հույս ու հավատով էր նայում քաղաքում բնակված իր որդիներին՝ գիտնականներին, մինիստրներին…Էդ բոլորին, ախր, քաղաքին գյուղն էր տվել ու հիմա ծնողի նման լավով հպարտանում էր, վատով՝ տխրում…

 

Քաղաքներում ապրող իր որդիների, թոռների ու ծոռների հաշիվը կորցրել էր գյուղն ու հիմա  մի բան գիտեր՝ թե էդ բոլորին մի օր հավաքեն ու գյուղ բերեն, քաղաքը դրանից ոչ կտուժի, ոչ՝ ախ կքաշի…Գյուղն է, որ քաղաք մեկնողի հետևից կանգնում ու տխուր նայում է, որ մի թիզ հող էլ պարապ մնաց, որ մի ծուխ էլ պակասեց… Քաղաքին ի՞նչ՝ գործարան էլ ունի, ֆաբրիկա էլ, տրամվայ էլ, ավտոբուս էլ: Քաղաքի տարածը՝ տարած է…

 

Պատերազմից հետո գյուղը նման էր ուժասպառ ու ճղակոտոր ծառի. շատերը չէին վերադարձել, բայց գիտեր գյուղը, որ էլի շիվ է տալու, ճղակալելու, ծաղկելու…

 

Ճղակոտոր ծառ հիշեցնող գյուղը բողբոջեց ու շիվ տվեց, ծաղկեց ու այն է՝ բերք պիտի տար, քաղաքը եկավ, կանգնեց նրա շեմին ու խնդրեց. գործարաններում հաստոցների առաջ կանգնող ձեռքեր խնդրեց, վարորդներ խնդրեց, ապագա գիտնականներ խնդրեց, շինարարներ խնդրեց... Չէ՜, չպահանջեց, նեղն էր քաղաքը ու... խնդրեց, պարտքի պես ուզեց ու խոստացավ կրկնակին, եռակին  վերադարձնել…

 

Գյուղը չմերժեց, միայն խնդրեց, որ ինչքան հնարավոր է՝ քաղաքը պարտքը շուտ վերադարձնի, ախր ինքն էլ մի կարգին օրի չէր, պակաս-պռատ տեղեր շատ ուներ:

 

…Քաղաքը վատ պարտապան դուրս եկավ. տարածը չվերադարձրեց, էլ ո՞ւր մնաց՝ խոստացած կրկնակին ու եռակին:

 

Մեծ ճանապարհներից հեռու գյուղը հանկարծ հայտնվեց քաղաքին պարտք տվող գյուղերի շարքում: Գյուղերն արյուն տվող դոնորների պես հերթ էին կանգնել, ու քաղաքը քամում էր նրանց:

 

Հողոտ ու քարքարոտ ճանապարհներին ասֆալտ երևաց, ասացին, որ գալու է մինչև գյուղի տակը՝ կեսով կրճատելու հոգնեցուցիչ ու ձանձրալի ճանապարհը: Ասֆալտը օրեցօր, ժամ առ ժամ երկարում էր՝ կլլելով ծառ ու հող, տուն ու այգի, սառնաբուխ ու զուլալ աղբյուրներ… Գալիս էր ձյութե մաշկով ճանապարհը, որ նստի գյուղի տակ, ոչ թե պարտք խնդրի, ինչպես խոստացել էր, այլ խլի, տանի:

 

Գյուղը նմանվեց քանդվող մի մեծ տան. սկզբում պատերը ճաք տվին, հետո հատ-հատ քարերը թափվեցին, ու գյուղացիներից մեկը՝ Վարդազարը, տխուր ասաց.

 

-Է՜հ, քաղաքը հնարողի տունը քանդվի…

 

Գյուղն Աստված սարքեց, բա քաղա՞քը…

 

Հարթ ու ասֆալտե ճանապարհը, որ քաղաքը ուղեգորգի պես փռեց գյուղի ոտքերի տակ, միայն տանում էր ու հետ չէր բերում: Գյուղը վիրավորվեց, իսկ Վարդազարը խռովեց. այս էլ քանի տարի այդ ճանապարհը նրա մոտ չի բերում քաղաքի երկնաքերերից մեկում թառած որդուն, թոռանը, հարսին... Ախր այդ ճանապարհը նրա համար եկավ հասավ այստեղ, որ քաղաքից գյուղ գնալն էլ հեշտանա…

 

Այդ ամառ էլ Վարդազարը երկար սպասեց, գնացող եկողին հարց ու փորձ արեց ու մի օր էլ լուր ստացավ, որ որդին ընտանիքով ծովափ է գնացել:

 

-Էս մաքուր օդն ու սարերը թողած՝ ծովափ,- նեղսրտեց Վարդազարը:

 

Հետո ինքն իրեն հույս տվեց, որ վերադարձին կհանդիպեն, մի քանի օր կմնան, ու թոռան կարոտը կառնի…Այդ հույսը նրան չէր լքում՝ հողը վարելիս, այգին ջրելիս, նախագահի հետ վիճելիս…

 

-Կգա, - մտածում էր Վարդազարը,- կգա ու զարմացած կասի. «Այ հե՛ր, էսքանը մենակ ո՞նց ես վարել, էսքանը մենակ ո՞նց ես ջրել, էսքանն ախր տասը մարդու գործ է …»:

 

Որդին վերադարձի ճանապարհին էլ գյուղ չմտավ ու չզարմացավ տասը մարդու գործ արած հոր աշխատանքի համար…

 

-Երևի ինքնաթիռով են վերադարձել,- հնարեց Վարդազարը, որ հանկարծ թոռանը տեսնելու հույսը չմարի, ու նայեց երկնքին, նայեց ու միտք արեց. «Տեսնես գյուղը վերևից ո՞նց է երևում»:

 

Ի՞նչ իմանար՝  ոչ ինքնաթիռ էր նստել, ոչ էլ աշխարհին վերևից նայելու առիթ էր ունեցել: Նրա ամենաբարձր տեղը իրենց գյուղի ճերմակերիզ սարերի գագաթն է եղել…Հիշեց, թե այդ սարի զուլալ աղբյուրներից մեկում, քաղաքից եկած որդու ընկերների համար ինչ կեր ու խում էր սարքել, ու որդին բաժակը ձեռքին երդվել էր, որ այս հողն ու ջուրը ոչ մի բանի հետ չի փոխի… Որդու ընկերներն էլ խոսքեր էին շռայլել…Չէ, գինին քանդել էր նրանց լեզվի կապերը, իսկ հոգիները կնքված, զմռսված էին սև ձյութով…

 

Չհիշեցին  ո՛չ որդին, ո՛չ էլ ընկերները, բայց աղբյուրը հո կա՞, վկա՞ է, փա՜ռք երկնավորին, դեռ չի ցամաքել…

 

Ամառն անցավ: Աշուն էր արդեն, ու Վարդազարի այգում տերևաթափ էր սկսվել: Մերկացող ծառի պես օր  օրի թոռանը տեսնելու հույսը նվաղել էր: Իրիկնադեմին գնաց Երջոյի տուն:

 

- Երջո ջան, ինձ էգուց քաղաք հասցրու:

 

Երջոն դժգոհ նայեց Վարդազարին. մի մարդու համար մեքենան քաղաք ո՞նց քշի:

 

- Մի երկու հոգի էլ ճարես, կգնամ:  

 

Ո՞ւմ գտներ, ո՞ւմ համոզեր Վարդազարը որ գային, որ Երջոյի ուղևորների քանակը թամամեր:

 

- Հենց հաշվի՝ չորս մարդ ես տանում, հախն ինձ վրա:

 

- Էդ ուրիշ բան,- համաձայնեց Երջոն,- ուզում ես՝ հենց հիմի ճանապարհ ընկնենք:

 

- Չէ, բան-ման ունեմ քաղելու. առավոտ ծեգին ճամփա կընկնենք:

 

Երջոյի մոտից Վարդազարը նեղսրտած ու չարացած՝ տուն եկավ:

 

«Երջոյին էլ էդ քաղաքի ճամփեն մարդկության շարքերից հանեց»,- միտք էր անում Վարդազարը: Հետո, երևի ծանր տրամադրությունը ցրելու համար, դիմեց կնոջը.

 

- Մի էն զատը միացրու, տենանք՝ ի՞նչ կա:

 

«Էն զատը» Վարդազարի համար հեռուստացույցն էր:

 

Էկրանին սիրունատես հաղորդավարուհին արդեն ծանոթացնում էր հաջորդ օրվա ծրագրին:

 

- Ասա՝ էս ժամին ի՞նչ գործ ունես էդ զատի միջին… Քու մարդն էլ կասի, թե կնիկ ունեմ էլի՜…

 

- Էն խալխի աղջկանից ի՞նչ ես ուզում, - հանդիմանեց կինը:

 

 

Վարդազարը իրենց տան ճամփան մոռացած որդիների վրա էր չարացել և այդ ճանապարհով վաղն իրեն տանող Երջոյի վրա էր չարացել,  որ ձրի մի մետր անգամ չէր քշի սեփական ավտոմեքենան համագյուղացու համար…

 

Տասը մարդու գործ անող Վարդազարը քաղաք գալու համար չորս մարդու հախ էր տալու Երջոյին:

 

Վարդազարի կինը որդու համար եղած-չեղածը հավաքել, լցրել էր տոպրակների մեջ, կապել-կապկպել, որ ապահով տեղ հասնի, թոռան համար էլ երկու կլորիկ հաց էր թխել՝ իր մատնահետքերի դրոշմով, ու մի զույգ նախշուն գուլպա դրել:

 

Վարդազարը լուռ նայում էր կաղնեփայտ սեղանի մյուս ծայրին դրված կապած իրերին, թոռան՝ փաթեթի ծայրից դուրս եկած նախշուն գուլպաներին…Այս հին ու բարի սեղանի շուրջն, ախր, քսան մարդ էր հավաքվում, իսկ հիմա՝ մի ծայրին ինքն էր, մյուսին՝ կինը…

 

Գյուղն էլ Վարդազարի տան հացառատ ու մարդաշատ սեղանի պես դատարկվել էր ու սպասում էր..

 

Չէ՛, մենք մեր թիկունքում սովորական լեռ ու քար չենք թողել, այլ հարազատ մի մարդ, որ կանգնել  ու հույսով նայում է մեր հետևից...

 

Ս. Ղարաբաղցյան 1984


 

Եղանակն՝ առաջիկա օրերին
26 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Բջնիի մոտակա անտառում հրդեհ է
26 Սեպտեմբերի 2018, 14:54 Բջնիի մոտակա անտառում հրդեհ է
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica