close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այգեպար. կյանքը` մատների արանքում

Անտեսված ձայներ

11 Սեպտեմբերի 2014, 19:10
 Այգեպար. կյանքը` մատների արանքում

54-ամյա այգեպարցի Վաչե Քալանթարյանը ամեն անգամ ծխախոտի գլանակը ձեռքն առնելիս կարոտով է հիշում սեփական ձեռքերով պատրաստած ծխախոտի համն ու հոտը: 1937-ին, երբ հիմնադրվեց գյուղը, դեռ Այգեպար չէր` ծխախոտի գործարանին կից բնակավայր էր: Մասնագիտությամբ ծխախոտագործ Վաչե Քալանթարյանը հպարտությամբ է հիշում` ԽՍՀՄ երկրների մասշտաբով` գործարանը 3,8 տոկոս արտադրանք էր տալիս:

 

«Աճեցնում էինք, ստեղ մթերում, վերամշակում ու ուղարկում Երևան: Չնայած սովետի վախտը` ոչ միայն Երևան, ամբողջ սովետական միության տարածքով մեկ»,- ասում է Քալանթարյանը:

 

Նա հիմա շատ է ծխում, արդարանում է` մի քիչ տարիքն է իրենն անում, մի քիչ էլ` մտածմունքը: Քալանթարյանը մի կերպ է հարմարվում շուկայում եղած ծխախոտի համին, ասում է` էն ժամանակվանն ուրիշ էր, այն մաքուր գլանակ էր` ամենամաքուրը Հայաստանում:

 

Քալանթարյանը գործարանում արտադրամասի պետ է եղել: Նրա տեղեկացմամբ` սեզոնին գործարանը 180 աշխատող է ունեցել, որոնցից գյուղում հիմա 20-25 հոգի է մնացել: Գործարանում այգեպարցիների հետ կողք կողքի աշխատել են նաև թուրքերը:

 

«Հենց էս գործարանում 5-6 հոգի թուրքեր են աշխատել` կողքի գյուղերից, իսկ նախկինում նրանց թիվն ավելի շատ է եղել: Ես իմ պահեստում էլ 5 հոգի թուրք աշխատող եմ ունեցել: Թուրքիայի ժողովուրդն էլ կռիվ չի ուզում, չէ՛, հասարակ ժողովուրդը կռիվ չի ուզում: Թե պետական այրերի կռիվ ա` չգիտեմ, բայց, համենայն դեպս, կռիվն օգուտ չի ոչ մեկին»,- ասում է Քալանթարյանը:

 

1990-ականների կռվի թեժ օրերին էլ գործարանը ռմբակոծվեց ու ավերվեց, սարքավորումները բաժին հասան գյուղացիներին, պատերն ու տանիքն էլ անձրևն ու ձյունն «իրենցով արին»: Այժմ համայնքային սեփականություն հանդիսացող ծխախոտի գործարանի շենքն ավերված վիճակում է, սակայն դրա կողքին պահպանվում է խորհրդային կարգախոսով ցուցանակը` «Պլանը օրենք է, կատարումը` պարտադիր, գերակատարումը` պատիվ»: Ամեն տարի Քալանթարյանը խմանքով թարմացնում է ցուցանակի գույները:

 

Նախկին ծխախոտագործը ծխախոտի գործարանին կից մի փոքրիկ խանութ է բացել, օգուտը օրվա հացն է. խորհրդային կարգախոսն այս դեպքում չի գործում:

 

Հայտնի է` սահմանամերձ գյուղերում ամենավաճառվող ապրանքը լուցկին, մոմն ու վերմիշելն է: Փոքրիկ խանութի տերը սովոր է` ավելի շատ ոչ թե գումար է հաշվում, այլ «նիսյայի» տետրում նշված` այդ գումարի թվերը. «Էդպես է, ի՞նչ անենք, ամբողջ գյուղը նիսյայով է առևտուր անում, թոշակի հույսին են մարդիկ, ի՞նչ անենք»:

 

Տետրը խանութպանի համար հատուկ նշանակություն ունի` ողջ գյուղի ճակատագիրն է էնտեղ, այն կորցնելու մասին չի էլ ուզում մտածել. «Էսի կամփուտր ա, կամփուտրի նման ա, ո՞նց կկորի»:

 

Քալանթարյանների ընտանիքը Այգեպարի երջանիկ ընտանիքներից մեկն է` մի տնից երկուսն աշխատանք ունեն: Վաչե Քալանթարյանի կինը` Լուիզա Գրիգորյանը, Այգեպարի միակ փոստի միակ աշխատողն է` արդեն 17 տարի: Տիկին Լուիզան պատմում է, որ հիմնականում նամակներ են ստանում զինվորներից ու զորամասերից` շնորհակալագրերի տեսքով:

 

«Զինվորներից փակ նամակներ ենք ստանում, մեջում եղած լավն ու վատը չգիտենք, բայց դե, համենայն դեպս, մինչ օրս վատ նամակ չենք ստացել: Յուրաքանչյուր ծնող, ով նամակը ստանում է, անհանգստանում է, բնական է, բայց ես էլ փորձում եմ հանգստացնել, թե` այ, կտեսնես, շնորհակալագիր է լինելու»,- ասում է տիկին Լուիզան:

 

Այգեպարում թոշակառուների թիվը շատ չէ` 100 հոգի: Տիկին Լուիզան բոլորին անձամբ է ճանաչում, բայց թոշակը տալիս են միայն թոշակառուին` կարգն է էդպիսին: Թոշակառուները դժգոհելու առիթ չեն ունենում` թոշակը գալիս է ճիշտ ժամանակին: Ավելին` վերջին շրջանում սկսել են անգամ բարերարներից ծանրոցներ ստանալ: Փոստի ճանապարհը, ցավոք, միայն ծանրոցն ու թոշակը չէ, որ գիտեն, հաճախ հենց փոստն է դառնում ադրբեջանական կրակահերթի թիրախ: Տիկին Լուիզան, սակայն, հավատում է` մի օր գնդակը մոռանալու է փոստի ճամփան էլ, գյուղի ճամփան էլ:

 

«Ադրբեջանի ժողովուրդն էլ մեզ նման ժողովուրդ է: Ես չեմ պատկերացնում մեկին` անկախ ազգությունից` լինի հայ, թուրք, վրացի, կռիվ ուզի, պատերազմ ուզի… Եթե էդպես է, ուրեմն էդ մարդ չի: Թուրքն էլ երեխա ունի, էդ նույն գնդակն էնտեղ էլ ա, չէ՞, գնում, հո՞ մերոնք պարապ նստած չե՞ն: Միայն խաղաղություն եմ խնդրում, ավելի լավ է` մի կտոր չոր հացի կարոտ մնաս, բայց խաղաղ ապրես: Որ սովենք` ծիտ կորսանք, կուտենք: Թող խաղաղություն լինի: Էլ բան չեմ ուզի, այդքանը հերիք է»,- ասում է տիկին Լուիզան:

 

Կարինե Հարությունյան

 

 

 

 

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica