close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարման մոդելը աթոռակռվի «բազարի» հարթակ չէ

Հարթակ

10 Սեպտեմբերի 2014, 18:40
 Կառավարման մոդելը աթոռակռվի «բազարի» հարթակ չէ

Թեեւ սահմանադրական փոփոխությունների նախագիծը դեռեւս չի հրապարակվել, սակայն կարելի է պաշտոնապես հաստատված համարել, որ դրա հիմնական նպատակը կառավարման կիսանախագահական համակարգը խորհրդարանական համակարգով փոխարինելն է: Այդ մասին շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստում թափանցիկ ակնարկեց հանրապետության նախագահը: «Հայեցակարգի ելակետը մեր քաղաքական համակարգի արմատական բարեփոխումն է, ինչն, իմ համոզմամբ, կենսական անհրաժեշտություն է մեր երկրի՝ իրավական պետականության և ժողովրդավարության ճանապարհով հետագա զարգացման համար»,-ասաց Սերժ Սարգսյանը: Իսկ նախօրեին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը հայտարարեց, որ հանձնաժողովը հակված է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն:

 

Քաղաքական ուժերի մի ստվար մասի կարծիքով, սակայն, Սահմանադրությունը փոփոխության ենթարկելու և դրա միջոցով կառավարման համակարգը փոխելու` Սերժ Սարգսյանի նախաձեռնության իրական նպատակը, մի կողմից, իշխանական համակարգի փլուզումը թույլ չտալն է, իսկ մյուս կողմից` հաջորդ խորհրդրանական ընտրություններում ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու և արդեն, որպես իշխող ՀՀԿ կուսակցության ղեկավար, օրենսդիր և գործադիր իշխանությունն իր ձեռքը վերցնելու միջոցով սեփական իշխանության վերարտադրության ապահովումը: Այս կարծիքին են խորհրդարանական ոչ իշխանական 5 ուժերից առնվազն 3-ը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», որոնք այդ պատճառով կտրականապես դեմ են արտահայտվում սահմանադրական փոփոխությունների անցկացմանը:

 

Այս հարցը, ըստ էության, դարձել է քառյակի ֆորմատում լուրջ տարաձայնությունների առարկա: Խնդիրն այն է, սակայն, որ դեմ արտահայտվող այս ուժերից առնվազն երկուսը` ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», դեռևս ոչ վաղ անցյալում` նախագահական վերջին ընտրություններից առաջ, սկզբունքային էին համարում կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու անհրաժեշտությունը: Ընդ որում` դա հիմնավորում էին այն նույն պատճառաբանությամբ, որով հիմա մերժում են, այսինքն` իշխանության վերարտադրության սցենարը կանխելու: Այս իրողությունն առավել քան պարզ ցույց է տալիս, որ թե' այն ժամանակ, թե' հիմա այս ուժերի համար կառավարման մոդելի փոփոխության հարցը ոչ թե գաղափարական հենք ունի կամ սկզբունքային դիրքորոշում է, այլ ընդամենը` իշխանության համար պայքարում կիրառվող շարքային մարտավարական գործիք:

 

Որևէ մեկը չի բացառում, որ սահմանադրական այս փոփոխություններն սկսելու միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է վերարտադրվել: Ի դեպ, նրա գլխավորած կուսակցությունն այս հարցում նույնքան անսկզբունքային է, որքան ոչ իշխանական մյուս ուժերի ներկայիս պահվածքը, քանի խորհրդարանական մոդելին անցնելը հիմա քաղաքական համակարգի առողջացման համար կենսական անհրաժեշտություն համարող այս ուժը նախորդ նախագահական ընտրություններից առաջ, այսինքն` ընդամենը մեկուկես տարի առաջ դա համարում էր ժամանակավրեպ և վնասակար: Ավելին` Սահմանադրությունը փոխելու քաղաքական օրակարգն առաջադրելիս նախագահ Սարգսյանը հայտարարեց, թե իր համար գործող համակարգն ավելի նախընտրելի է: Այսինքն` սկսեց մի պրոցես, որին սկզբունքորեն դեմ էր: Նման հակասականությունը կարող է հասկանալի և բացատրելի լինել միայն տվյալ պահի քաղաքական նպատակահարմարության կոնտեքստում:

 

Սակայն որքան էլ առաջին հայացքից հակասական թվա, այս ամենը կոնկրետ կառավարման մոդելի և դրա ընտրության հետ ոչ մի կապ չունի: Հայաստանում իշխանության վերարտադրությունն իրականում կախված է ոչ թե կառավարման մոդելից, այլ քաղաքական համակարգի կատարյալ խաթարվածությունից, քաղաքական մշակույթի ձևախեղումից և ամենակարևորը` ընտրական համակարգի բացակայությունից: Եվ դա պայմանավորված է երկու կարևոր հանգամանքով: Նախ` որևէ տարբերություն չկա` նախագահն ընտրություններ կոչված խեղկատակության միջոցով «վերարտադրվում է» նախագա՞հի պաշտոնում, թե՞ ԱԺ նախագահի: Եթե ընդդիմությունը ի վիճակի չէ գործող ընտրական «համակարգով» հասնել իշխանափոխության, գոնե բավարար չափով վերահսկել ընտրական գործընթացը, որևէ նշանակություն չունի, թե այդ իշխանությունն ում ձեռքին է կենտրոնացած և կառավարման ինչ մոդելով է իշխանությունը մնում մոնոպոլիզացված:

 

Երկրորդ` հարց է առաջանում, թե, ի վերջո, ոչ իշխանական ուժերը համակարգայի՞ն իշխանափոխություն են ուզում, թե՞ ընդամենը կոսմետիկ, երբ ավանդույթները, մեխանիզմները, ինստիտուտները մնում են նույնը, փոխվում են միայն դերակատարները: Ներկայիս ընտրական և քաղաքական համակարգով հնարավոր է հասնել առավելագույնը կոսմետիկ, այսինքն` դերակատարների փոփոխության: Դրանից կարող է շահել առանձին վերցրած որևէ քաղաքական ուժ, առանձին անհատ: Բայց հասարակությունը, պետությունը շարունակելու են մնալ նույն կոտրած տաշտակի առաջ: Ի վերջո, հասարակության համար ի՞նչ նշանակություն ունի, թե քրեաօլիգարխիկ համակարգը, բյուրոկրատիան ում շահերի սպասարկմանն է ծառայում, ում համար են ընտրություններ կեղծում, ով է, 5 կամ 10 հազար դրամ բաժանելով, բռնաբարում ընտրությունները, ով է դատաիրավական համակարգը դարձնում իր «բոստանը»: Ի՞նչ տարբերություն, ի վերջո, դա կատարվում է խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական կառավարման մոդելի շրջանակներում: Եթե մի պահ պատկերացնենք, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ուզում է վերարտադրվել ՀՀԿ- ական պոլիտբյուրոյի ղեկավար դառնալու միջոցով, այլ իշխանությունը սահուն կերպով իր փոխանորդին ժառանգելու, ասենք` ռուսական, պուտինյան սցենարով` առանց սահմանադրական փոփոխություններ կատարելու, ինչպե՞ս է ընդդիմությունը դա կանխելու, ունի՞ այդ ներուժը: Եթե` այո, ապա ինչո՞ւ նախորդ նախագահական ընտրություններին մասնակցելու փոխարեն նախընտրեցին դիտորդ դառնալ` հայտարարելով, թե վիճակը փրկելու միակ տարբերակը համակարգային, ամբողջական իշխանափոխությունն է: Եթե ակնկալիքն այն է, որ այդ տարբերակին դիմելու դեպքում իշխանությունը կարող է պառակտվել, ապա դրանից ի՞նչ է փոխվելու, երբ պարզ է, որ պառակտված թևերից մեկի իշխանության գալը որակական որևէ փոփոխության չի հանգեցնելու:

 

Համակարգային իշխանափոխությունը ենթադրում է, այսպես կոչված, համալիր մոտեցում` առաջնահերթություն դարձնելով ընտրական համակարգի և քաղաքական մշակույթի առողջացման հրամայականը: Եթե կառավարման մոդելների ընտրության հարցին մոտենում ենք այս տեսանկյունից, ապա այն դառնում է ավելի շատ քաղաքագիտական և գաղափարական կատեգորիա, որի նկատմամբ տարբեր քաղաքական ուժեր կարող են տարբեր մոտեցումներ ունենալ: Մեկի համար ընդունելի է լիարժեք նախագահական համակարգը, մյուսի համար, ինչպես, օրինակ, ՀԱԿ-ի` ներկայիս կիսանախագահականը` այն կատարելագործելու վերապահումով, մյուսի համար` խորհրդարանական: Եթե հարցը դիտարկվեր ոչ թե այն տեսանկյունից, թե որ մեխանիզմով է ավելի հեշտ վերարտադրել սեփական իշխանությունը կամ խլել այդ իշխանությունը, այլ, թե որ մոդելն է ավելի ճիշտ` կուսակցական, քաղաքական համակարգը կայացնելու, ժողովրդավարության չափանիշներին համարժեք հարաբերություններ և մշակույթ ձևավորելու, պետական կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար, գործ կունենայինք քաղաքակիրթ, գաղափարական բանավեճի հետ: Բայց դրա փոխարեն ականատեսն ենք ընդամենը աթոռակռվի` քաղաքական պաստառ ունեցող «բազարի»` այդ նեղմիտ ընկալումներից դուրս ցանկացած տեսակետ և վարքագիծ նսեմացնելու` համակողմանի դրսևորումներով:

 

Գևորգ Դարբինյան

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica