, եթե չլիներ հույսը վաղվա օրվա հանդեպ " />
close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+12°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մովսեսի աղավնիները

Անտեսված ձայներ

5 Սեպտեմբերի 2014, 12:48
 Մովսեսի աղավնիները

Մովսես գյուղի միակ եկեղեցու քահանան` տեր Աբելը, մովսեսցիների համար միայն քահանա չէ, այլ լավագույն ընկեր ու աջակից: Անշուշտ, մովսեսցիները չէին կարող երկար դիմակայել հակառակորդի կողմից հրահրվող մշտական լարվածությանն ու գնդակոծությանը, եթե չլիներ հույսը վաղվա օրվա հանդեպ և հավատքն առ Աստված, որը նրանց ամեն օր հաղորդում է տեր Աբելը:

 

Նա թեև շատ ցավում է, որ խորհրդային տարիներին քանդվեցին շատ ու շատ եկեղեցիներ, բայց փառք է տալիս Աստծուն, որ գոնե մեկ գործող եկեղեցի Մովսեսում, այնուամենայնիվ, կա:  Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է հին եկեղեցու տեղում, որ քանդվել էր ստալինյան ռեժիմի օրերին՝ 1937  թվականին: Միայն 2005  թվականին, մոսկվայաբնակ  մովսեսցի բիզնեսմեն Վազգեն Վանեսյանի և նրա ընկերների նախաձեռնությամբ, սկսվեց նոր եկեղեցու կառուցումը քանդվածի տեղում։ Ի դեպ, մովսեսցիները ցավով են հիշում, թե  եկեղեցու բացման օրը ադրբեջանական դիրքերից ինչպես էին գնդակոծում եկեղեցու տարածքը:  Սակայն տեր Աբելի հիշողություններում չամոքված սպիի պես մնացել է այն, երբ ժողովուրդն էր սովետական առաջնորդի ցուցումով, իսկ գուցեև  հաճոյանալու համար քանդում Աստծո տաճարները: 

 

«Ամոթխածությամբ եմ ասում, որ մենք ինքներս քանդեցինք մեր աղոթատեղիները, մեր փրկության նավը, բայց փառք Աստծո, երեք տարի է` գործում է Մովսեսի եկեղեցին, որը վերակառուցվել է հին եկեղեցու տեղում»,- ասում է տեր Աբելը:

 

Մովսեսը թեեւ ամեն օր ենթարկվում է գնդակոծությունների, բայց կյանքն այստեղ  կանգ չի առնում` այստեղ մկրտվում են ու պսակադրվում: Ճիշտ է, վերջին շրջանում կրակոցները գրեթե դադարել  են, բայց մովսեսցիները գիտեն, որ այդ դադարը ժամանակավոր է և ցանկացած պահի կարող է սկսվել, քանի դեռ վերջնական խաղաղություն չի հաստատվել:

 

Այդ օրն էլ, երբ Մովսեսում էինք, եկեղեցում մկրտության արարողություն էր: Մկրտության  պատրաստվող մովսեսցի փոքրիկի  լացը երկար չտևեց: Հմուտ մանկավարժի նման տեր Աբելը, գործի դնելով ձեռքի տակ եղածը, հանգստացրեց փոքրիկին: Հետո  հնչեց տեր Աբելի աղոթքն  առ Աստված… Եվ սկսվեց մկրտության արարողությունը:

 

Մովսեսի միակ եկեղեցին գտնվում է դիպուկահարների թիրախում: Բազմաթիվ կրակոցներ վնասել են եկեղեցու գմբեթը: «Մենք հիմա կանգնած ենք այն տեղում, որտեղից կարող է մեզ դիպուկահարները հարվածեն, բայց մենք չենք վախենում»,- ասում է տեր Աբելը և առաջնորդում մի քանի քայլ հեռու, դեպի այն կետը, որն առավել վտանագավոր է, երբ սկսում են կրակել հակառակորդի դիրքերից:

 

«Հնարավոր է` մի քիչ ըմբռնելի չէ այն, ինչ հիմա ասում եմ` մինչև կհնչեն առաջին կրակոցները: Անիրական է թվում  հակառակորդը, քանի դեռ չի կրակում մեզ վրա»,- պատմում է քահանան` ամեն վայրկյան փառք տալով Աստծուն, ձեռքի խաչով խաչակնքելով հակառակորդի դիրքերը, հնչեցնելով օրհնանքը. «Քրիստոսի խաղաղությունը թող իջնի մեր հակառակորդ ժողովրդի վրա ևս, որպեսզի խաղաղությամբ կարողանանք դիմակայել ամեն ինչին»: Եվ հենց այս խոսքերին զուգահեռ,  երկնքում  սկսում են ճախրել խաղաղության ավետաբեր աղավնիները կամ, ինչպես  եկեղեցու հարևանությամբ ապրող աղունիկներ պահող Ղուկասն է ասում, Աստծո 12 աղունիկները: Նա նրանց  վերաբերվում է քնքշանքով ու հոգատարությամբ, այնպես, ինչպես սեփական երեխաներին կվերաբերվեր:

 

«Աղավնին աշխարհի ամենահրաշք թռչունն ա»,- ասում է Ղուկասը, ով տեր Աբելի հետ շփվելուց հետո է միայն սկսել իրապես ճանաչել Աստծուն, որովհետև, Ղուկասի խոսքով, Մովսեսի եկեղեցու քահանան այնպիսի մարդ է, ով կարող է ցանկացած մարդուն մոտեցնել Աստծուն` սովորեցնելով խաղաղ ապրել:

 

Իսկ ե՞րբ Մովսեսի երկնքում կիշխի երկար սպասված  խաղաղությունը, ե՞րբ Աստծո աղավնիները կավետեն այդ մասին: Ղուկասը համոզված է` խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ մարդն Աստծուն կմոտենա ու Աստծուն մի քիչ կճանաչի, երբ մարդն իր փառքըկմոռանա ու Աստծուն փառք կտա: Իսկ դրա համար մեծ բան պետք չէ, ընդամենը պետք է  ապրել  Աստծո պատվիրաններովնաև`հոգում պահելով հայրենիքը, և միայն այդ ժամանակ կյանքը կդառնա հետաքրքիր ու քաղցր, իսկ տունդ՝  քո ամրոցը:

 

«Մարդ պետք է շատ սիրի իր հայրենիքը, դրանից վեհ բան գոյություն չունի, ես իմ տունը չեմ լքի: Էս շեն գյուղը էսօր դառել ա աուլ, դա վիշտ ա, էլի »,- խոր ափսոսանք է ապրում աղավնիներ պահող Ղուկասը:

 

Ղուկասի մտահոգությունն այն է, որ ղեկավարությունը սահմանի գյուղերին մատների արանքով չնայի, որովհետև առաջին զոհը հենց սահմանամերձ գյուղերի բնակիչներն են, տեղ տա նրանց, հոգի տա, որ շարունակեն ապրել իրենց գյուղերում:

 

Մելանյա Մելքումյան

 


 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica