close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.82
EUR1566.58
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փոս – Փարիզ. Սպարտակ Ղարաբաղցյան

Թուղթուգիր

30 Օգոստոսի 2014, 23:26
 Փոս – Փարիզ. Սպարտակ Ղարաբաղցյան

Քաղաքում համանուն երկու թաղամաս կար. մեկը՝ Չարբախի Փոսն էր, մյուսը՝ Երրորդ մասինը՝ մերը: Մեր թաղին հետո «Փարիզ» անունն էլ կպավ, ու պատճառը, հաստատ, Ֆրանսիայից եկած ընտանիքներն էին:  Ճիշտ է, թերևս դ՛Գոլի ջանքերով նրանց թիվը գնալով պակասում էր(վերադարձան Ֆրանսիա), բայց «Փարիզ» երազային անունը մնաց՝ Փոս-Փարիզ: Տաքսիների վարորդներն անգամ վարժվել էին այդ անվանը. հերիք էր՝ Փոս –Փարիզ ասեիր, շիփ-շիտակ տեղ կհասցնեին:

 

…Փոս-Փարզում ֆրանսահպատակ վերջին ընտանիքը, որ դեռ մնացել էր, տիկին Զապելն էր՝ մինուճար որդու՝ Զավենի(Զավո)հետ: Նրանք էլ, իրերը կապած, անհամբեր սպասում էին փրկօղակթույլտվությանը: Վերջապես, փոստատարը Տիկին Զապելի դուռն էլ խփեց, բայց բերածն ուրիշ բան էր ՝ ծանուցագիր Զինկոմիսարիատից… Զավոյին Սովետական բանակ էին կանչում…

 

Հաջորդ օրը, չարաբաստիկ ծանուցագիրը ձեռքին՝ տիկին Զապելն ուղիղ զինկոմի մոտ գնաց, մի լավ լաց եղավ, ու, ապարդյուն, փորձեց համոզել, բացատրել, թե սխալմունք է, ու որ ինքն էլ, որդին էլ ֆրանսահպատակ են, ու Զավոն, վերջապես, դ՛Գոլի զինվորն է, ոչ թե՝Սովետի…

 

Այստեղ արդեն Զինկոմը հերսոտել ու ձեռքը սեղանին խփելով՝ բղավել է. «Սպիտակ արջերի մոտ կուղարկեմ, տենամ՝ դ՛Գոլի՞, թե՞ մեր սալդատն ա..»:

 

Զավոյին հավաքակայան տարան:  Երկու ամիս անց՝ նամակ եկավ Չիտայի կողմերից: Դ՛Գոլի ձեռքը երկար էր, Չիտա էլ հասավ. ծառայության վեցերորդ ամիսը չլրացած՝ Զավոն հետ եկավ ու օրեր անց՝ մոր հետ վերադարձան Ֆրանսիա...

 

Սահմանն անցնելիս Զավոն երդվել էր` «Մինչև Սովետը չքանդվի, էս կողմերը ոտք դնողը չեմ…»:

 

 

....Մինչև Սովետը կքանդվեր, ու Զավոյի անհավատալի թվացող ուխտը կկայանար, մեր թաղում կյանքը շարունակվում էր՝ հարսանիքներ էլ էին լինում, ծնունդներ էլ, թաքուն կնունքներ էլ ու նաև…մահ…

 

Նույնիսկ ֆինբաժնի խստաբարո տեսուչը մահացավ: Նրա ու դերձակ Հակոբի ջրերը մի առվով չէին հոսում…Պոլսից՝ Հալեպ, Հալեպից էլ Հայաստան էր եկելՀակոբը: Նրա գերդաստանը եղեռնից փրկվել էր բարձրաստիճան թուրք սպայի շնորհիվ:  - Դեր- Զորի ճանապարհին մեզ մահվան քարավանեն զատեցին, Պոլիս դարձուցին. թրքական բանակի համար հագուստ պիտ կարեինք,-հիշում էր վարպետ Հակոբն ու տխուր ավելացնում,- թուրքի աքսորեն փրկվանք, հոս՝ կամավոր աքսորի մտանք...

 

Հակոբի տոհմիկ մականունն էլ տեղը–տեղին կարված հագուստի պես էր՝ Դերձակյան: Կարճահասակ, շարժուն մարդ էր դերձակ Հակոբը, քչախոս, ինչպես աշխարհի բոլոր կարգին դերձակները... Ասում էր՝ շողոքորթ, մեղրալեզու արհեստավորեն, մարդեն գլուխդ առ ու փախե… Մարդուն գովքը իր գործն է…

 

...Փոս-Փարիզում անխախտ ավանդույթ կար. երբ մեկը նեղության կամ դժբախտության մեջ էր, կարող-անկարող՝ իր չափով օգնություն էր բերում, իսկ երբ Սոլակցի Խաչիկն էր թուղթ ու մատիտն առած՝ տնետուն գնում, ուրեմն թաղում ինչ-որ մեկը մահացելէր...

 

...Խաչիկը դերձակ Հակոբի տուն հասավ.

 

«Ուստա~ Հակո՛բ, աչքդ լո~ւյս, պրծա՜ր»,-ասել էր Խաչիկը:

 

Լրաբերի ուրախության պատճառը չհասկանալով՝ վարպետ Հակոբը զարմացած հարցրել էր.

 

«Որմե՞...»:

 

Խաչիկը ֆինբաժնի խստաբարո տեսուչի անունն էր տվել:

 

Դերձակ Հակոբը փորձառու, իմաստնացած մարդու խոհեմությամբ ասել էր.

 

«Է՜հ, Խաչիկ, ջանս, ան ալ իր գործի վարպետն էր... Հոգ մի ըներ, մեկ ուրիշին կբերեն փոխարենը....ասոր դեռ երանի կտանք...»:

 

...Սոլակցի Խաչիկը  Հակոբ Դերձակյանի անվան դիմաց էլ զոհաբերած գումարի թիվը նշեց, խաչ դրեց ու այն է՝ պիտի գնար, հանկարծ վարպետ Հակոբի՝  «կեցի՛ր Խաչիկը» լսեց:

 

«Ի՞նչ կա, ուստա Հակոբ…»:

 

«Կեցի՛ր, Խաչիկ»,- նորից կրկնել է Հակոբն ու անցել վարագույրից այն կողմ, ուր նրա պստիկ արհեստանոցն էր, ու քիչ անցվերադարձել՝ նոփ-նոր, արդուկված կոստյումը ձեռքին:

 

«Վերցո՛ւր, հանգուցյալին կհագցնե՛ք…»:

 

Խաչիկն անակնկալի էր եկել: Դերձակ Հակոբը նկատել ու պնդելէր.

 

«Վերցո՛ւր, վերցո՛ւր… Մարդուն վերջին ճամփորդությունն է. աչքը կուշտ թող երթա…»:

 

«Ուստա Հակոբ, ափսոս չի՞…»,- առարկել էր Խաչիկն ու ավելացրել.

 

«Հինը, հագած-մաշածը չունե՞ս...»:

 

Վարպետ Հակոբի դեմքին ժպիտ է ծաղկել Սոլակցի Խաչիկի միամիտ ու զուլալ առաջարկից:

 

« Ունեմ Խաչիկ, բայց ան ինձ համար անչափ սուղ է...»

 

Սուղ բառը Խաչիկի ականջին խորթ է եկել.

 

«Սուղն ի՞նչ է, վարպետ Հակոբ»:

 

«Թանկ, անգին կնշանակե Խաչիկ...»,- պատասխանել էր Վարպետ Հակոբն ու փորձել հին, «հագած-մաշած», կոստյումի անչափ սուղ ու անգին լինելու գաղտնիքը բացել Խաչիկին:

 

«Հալեպում  կարեցի,-երանությամբ հիշել էր Հակոբը,-Հայաստան գալուս առիթով…Անոր մեջ երազանք կա Խաչիկ, չեմ կըրնա բաժնվիլ…Անոր պատվիրատուն ՀԱՅԱՍՏԱՆՆ էր…»:

 

Երանի՝  Սոլակցի Խաչիկը դերձակ Հակոբի ասածից մի բան հասկանար ու չհարցներ.

 

«Ուստա Հակոբ, բա սրա տերը (նկատի ուներ պատվիրատուն) որ գա, ի՞նչ ես ասելու…»:

 

«Անհոգ մնա, կըսեմ Գաբրիել հրեշտակապետը տարավ իր ճամփորդ զավակին համար…»:

 

…Հանգուցյալին Կարմիր բլուր տանելու ճանապարհին, թափորի մեջ մեկը  կողքից քայլողին հարցրել էր.

 

«Էս մարդն ամբողջ կյանում գալիֆեյ շալվարն ու սապոգները հագից չհանեց, էս նարկոմի շիկ կոստյումը որտեղի՞ց…»:

 

«Վարպետ Հակոբի կարածն է,- շշուկով պատասխանել էր կողքինն ու ավելացրել,- կոշիկներն էլ ուստա Մխոն է նվիրել…»:

 

Բա՞…

 

Սպարտակ Ղարաբաղցյան

Եղանակն՝ առաջիկա օրերին
26 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Բջնիի մոտակա անտառում հրդեհ է
26 Սեպտեմբերի 2018, 14:54 Բջնիի մոտակա անտառում հրդեհ է
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica