close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+19°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեպի Բարեկամավան ` հույսի փակվող դռնով …

Անտեսված ձայներ

27 Օգոստոսի 2014, 21:45
 Դեպի Բարեկամավան ` հույսի փակվող դռնով …

 Բարեկամավանի դպրոցի տնօրենը սեպտեմբերի 1-ին  սպասում է տագնապով ` քանի՞ աշակերտ կունենա դպրոցը : Նախորդ ուսումնական տարին տասներկուամյա դպրոցը փակեց երեսուն աշակերտով : Սահմանամերձ Բարեկամավանում կրակոցները հուլիս-օգոստոսին սաստկացան, դասվարն իր երկու երեխաների հետ հեռացել է, մի ընտանիք` էլի երկու երեխաների հետ, Ռուսաստան է գնում, երեք աշակերտներով Նոյեմբերյան տեղափոխվող էլ կա: Տնօրեն Աստղիկ Ազատյանը հրաժարվում է երեսունից հանել այս թվերը. «Ես որ հաշվում եմ, խելագարվում եմ»:

 

Խորհրդային տարիներին  դպրոցը   320 աշակերտ ուներ:  Տնօրենը հիշում է` մի սեղանին երեք հոգով էին նստում:  Հիմա դպրոցը մի քանի աշակերտի սպասող կրակված, խունացած   ավերակ է ` առանց ջրի ու ջեռուցման: Աստղիկ Ազատյանը հատկապես ջրի բացակայությունից է դժգոհում. «Դպրոցը ջուր չունի, ասում են` ճաշարանը աշխատեցրու: Հա, անում եմ, բայց`  ջուրը կրելով..  Էլ աշակերտ կմնա՞»:

 

Բարեկամվան- Դոստլուն  ադրբեջանական երեք` Այբայրամլու, Քյամառլու, Ղայմախլու  գյուղերին է սահմանակից : Դպրոցից  մինչեւ ադրբեջանական դիրքեր ուղիղ գծով 800 մետր է : Դպրոցի դրսի  պատը քսանամյա հրադադարի խոսուն պատկերն է` փամփուշտներից ամբողջությամբ «քրքրված »:  Անգամ մեկ սանտիմետր անվնաս չէ: Գյուղից հեռացողներին  Աստղիկ Ազատյանը հասկանում է, բայց նրանց հետևել չի պատրաստվում. «Ես երբեք չեմ մտածել: Երբ գյուղի վերջին մարդը հեռանա, նոր կմտածեմ»:

 

Նրա տունն էլ ճակատ ճակատի` ադրբեջանական նշանառության տակ է:  Պատերազմի ամենասև օրերն է անցկացրել այստեղ, երբ  տասնհինգ տարի Երևանում բնակվելուց հետո վերադարձավ Բարեկամավան :  Հերթափոխով քնելուց մինչև Ամանորի նախօրյակին գրադի 200 արկ «ընդունելը»` ամեն ինչ էլ տեսել են, բայց հուսահատվում են հիմա: Աստղիկ Ազատյանը սա բացատրում է պատերազմական վիճակով` գումարած սոցիալական  խորացող խնդիրները. « Հիմի էլ որ ջրի եմ գնում, Աստված եմ կանչում՝ ադրբեջանցիների տրամադրությունը լավ լինի, ինձ չխփեն, զուտ նշանառության տակ եմ» :

 

Գյուղում 80  ընտանիք է մնացել: Վերջերս  հաշվել են` 80-ից  35-ը միայնակ ապրող ծերունիներ են` Ադրբեջանի հետ 20 կիլոմետր սահմանով:

 

Բարեկամավանի  33 - ամյա գյուղապետն ինչ  կարող է ` անում է .. .Մոսկվայից հարս բերեց Բարեկամավան, մի աղջիկ ունեցան, բայց  տխուր վիճակագրությունը միայնակ չի շտկի : «Տարվա մեջ մեկ ծնունդ, տասը մահ»,- թախծում է Գագիկ Աբազյանը :

 

Գյուղը  ո’չ ոռոգման ջուր ունի, ո’չ էլ խմելու:   Գյուղապետը վստահեցնում է,  որ մինչև տարեվերջ խմելու ջրի հարցը կլուծվի:  Շուտով  նաև գազ կունենան:  Գյուղի ձեռքբերումների շարքում  Գագիկ Աբազյանը թվարկում է նաև «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ  ստացած աշնանացան ցորենը, պաշտպանության նախարարի կողմից  ողջ գյուղի հոսանքի գումարը փակելը:  Այնուամենայնիվ,  գյուղից շարունակում են հեռանալ: Մնացած մի քանի տասնյակ ընտանիքները  անջուր  տնամերձների հույսին  են:    243 հեկտար վարելահող ունեն` երբեք չի մշակվել, քանի որ ականապատված  է: Բարեկամավանը  15 անմեղ զոհ է տվել. խաղաղ բնակիչները սպանվել են կրակի տակ  աշխատելիս :

 

Խաղաղություն չի հաստատվում, սոցիալական խնդիրները խորանում են, գյուղում մնացածները  նախ` խաղաղություն են խնդրում, ապա` ջուր:  Ամալյա Ազատյանն իր վիճակը ներկայացնում է հակիրճ.  «Յոթանասունվեց տարեկան եմ, ահով, դողով ապրում եմ ստեղ, ոչ մի մխիթարանք չունիմ»:  Սիրվարդ Միքայելյանը մի քիչ մանրամասնում է. «Ցերեկը սենց ման եմ գալիս, իրիկունը գնըմ սարենու տակ կարավատ եմ դրել , քնըմ»: Համազասպ Հակոբյանը ամփոփում է.   «Օրը բարի չունի  սավսեմ»:

 

«Ոչ թե հակառակորդից , այլ գնդակից ենք վախենում»,- ձևակերպում է  բարեկամավանցի Սերյոժա Միքայելյանը` նաև վստահեցնելով` գյուղում մնացել են նրանք, ովքեր  երբեք չեն հեռանալու Բարեկամավանից:  «Մենք էլ պետք է բանակի թիկունքին կանգնենք, չէ՞»,- ասում է  Աստղիկ Ազատյանը:

 

Այսպես բարեկամավանցին ու բանակը պաշտպանում են միմյանց : «Զինադադար լինի և գյուղը, դպրոցը շեն տեսնեմ» ,- դպրոցի տնօրենի միակ ցանկությունն է: Միայն թե սոցիալական ծրագրերի հարցում պետությունը ուշանում է, իսկ զինադադարի սպասում են դրա «հաստատումից » ի վեր :

 

Բարեկամավանում  այս տարի մեկ երեխա է ծնվել:  Նվերն արդեն երեք ամսական է: Հինգ տարի անց նա դառնալու է դպրոցի միակ աշակերտը, եթե բարեկամներին  կորցրած այս գյուղին պետությունը նոր ու սրտացավ աչքով չնայի: «Բարեկամավան» ցուցանակի վրա ձեռագրով ավելացված է «բազե», այն, սակայն,  գյուղի հպարտ անցյալի մասին է, ապագայի վերաբերյալ  նշումներ չկան:

 

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica