close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարևան ադրբեջանցիների հետ երկխոսության ակնկալիքով

Անտեսված ձայներ

19 Օգոստոսի 2014, 13:33
 Հարևան ադրբեջանցիների հետ երկխոսության ակնկալիքով

 

«Մովսեսը գնդակոծվում է» արտահայտությունը միայն սահմանից հեռու է հնչում իբրև լուր` չոր ու երբեմն ոչինչ չասող: Ու երբեմն լուրի չորությամբ էլ ընկալվում է` Մովսեսը գնդակոծվում է…ընդամենը: Բայց Մովսեսը լոկ քարտեզի վրա մի փոքրիկ կետ չէ` այստեղ էլ են մարդիկ ապրում: Ո’չ պատերազմ, ո’չ խաղաղություն արտահայտությունը մովսեսցին ամեն օր է իր մաշկի վրա զգում: 1994 թվականից հետո` երբեմնի հարուստ ու ծաղկուն Մովսես գյուղը մնաց պատերազմի արհավիրքների պատանդը:

 

Մովսեսցիներն արդեն սովորել են ամեն օր ապրել հակառակորդի կրակահերթի, գնդակների սպառնալիքի տակ, կամ սպառնալիքին զուգահեռ: Մովսեսի գլխին, որպես արհավիրք կախված մարտական դիրքերից գյուղի ուղղությամբ կրակոցներ էին հնչում նաեւ այն պահին, երբ զրուցում էինք գյուղապետի հետ:

 

«Ավտոմատի կրակոցներ շատ են լինում: Այ, որ ԴՇԿ տեսակից են կրակում գյուղի վրա, էդ ժամանակ է սկսվում ժողովրդի անհանգստությունը:  Հենց նոր էլ կրակոց հնչեց, այո’, այդ կրակոցները սովորական են. խաղահրապարակում երեխեքը խաղում են, էստեղ խաղում են, այնպես որ`երեխաներն էլ գիտեն, որ դա դիրքային փոխհրաձգություն է` գյուղի վրա չի: Իսկ գյուղի վրա, ամեն վայրկյան կարող է սկսվել` Աստված մի արասցե, հենց հիմա էլ կարող է սկսվել»,- ասում է Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:

 

Հաճախ է նշվում, թե վերջին շրջանում ադրբեջանական դիրքերից Մովսեսի վրա գնդակոծության դեպքերը հաճախակիացել են: Գյուղապետն ուղղում է` չեն հաճախակիացել` միշտ էլ նույն է եղել, ուղղակի հիմա մի բացառություն կա` կրակում են նոր զինատեսակներից: Այս տարվա հունվարից, հայտնեց Արարատ Ավալյանը, ադրբեջանական կողմը գյուղի ուղղությամբ «Շիլկա» տեսակի զենք օգտագործեց, իսկ վերջին շրջանում` արդեն հակատանկային նռնականետ:

 

Եթե կրակոցները չլինեին, մովսեսցիները շատ լավ կապրեին`իրենց հողերն ու այգիները կմշակեին, բերք կստանային, եկամուտ կունենային: Մովսեսցի Հրաչիկ Գաբրիելյանը ցույց է տալիս Մովսեսի երեք կողմերն ու ասում, թե այդ կողմերում իրենք հողեր ու այգիներ ունեն, որ չեն կարողանում մշակել` հակառակորդը միշտ կրակում է դաշտում գործ անող գյուղացիների ուղղությամբ: Նախկինում, ասում է Գաբրիելյանը, ադրբեջանցիների հետ շփվել են , հանգիստ են ապրել՝ վախի զգացում էլ չեն ունեցել, բայց հիմա…

 

«Իսկ հիմա, մարդ թե տանը պառկած լինի, թե գործ անելուց, միեւնույն է` անհանգիստ է, ուշքն անընդհատ թուրքի (ադրբեջանցի-խմբ) կողմն է,  մեկ էլ տեսար` կրակոց եղավ: Ամենավատն էն ա, որ մարդիկ միշտ սպասողական վիճակում են` անկախ նրանից` տանն են, հանդում են` որտեղ ուզում ա լինեն, կապ չունի, սպասողական վիճակն ամենավատ վիճակն ա մարդու համար: Ամեն պահի կրակոցի ես սպասում»,- ասում է Հրաչիկ Գաբրիելյանը:

 

Հարցի լուծումը թե գյուղապետը, և թե’ համագյուղացիները դժվարանում են պատկերացնել: Լավագույն տարբերակն այն է, նշում է գուղապետը, որ հակառակորդ կողմը գա այն գիտակցության, որ սահմանի այն կողմում էլ, այս կողմում էլ մարդիկ ուզում են ապրել:

 

Մովսեսցիները մի բանում վստահ են` Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդի առջև իրականությունն աղավաղում ու ասում են, թե իբր հայերն են առաջինը կրակում: Բայց փաստը մնում է փաստ, նշում են մովսեսցիները, որ մինչեւ ադրբեջացիները չեն սկսում կրակել, հայկական կողմից կրակող չի լինում:

 

«ԵԱՀԿ-ից էին եկել, ես խնդիրը բարձրացրել եմ, շնորհակալություն եմ հայտնել, որ առաքելություն ունեն, բայց ասել եմ նաեւ, որ այդ առաքելությունն իր նպատակին չի ծառայում, դա հաստատ է: Ես ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին առաջարկել եմ, թող էդքան կամքի ուժ ունենան, իշխանությունների հետ համաձայնեցնեն ես ու դիմացի ադրբեջանական գյուղի համայնքի ղեկավարը հանդիպենք, նստենք ու խոսենք իրար հետ, թե ինչ ենք ուզում իրարից: Բայց չգիտեմ` կստացվի, թե՝ չէ»,- նշեց Արարատ Ավալյանը` հավելելով, թե վստահ չէ, որ իր առաջարկը կնդունվի:

 

 Ասում է, եթե համաձայնվեն էլ, մեկ է, հետո՝ կխաբեն, կգնան ու նորից իրենց սև գործը կշարունակեն: Ու այսպես ամեն օր` 25 տարի շարունակ, մովսեսցին ապրում է լարված, բայց ուժեղ... եւ սպասումով:

 

Գևորգ Ավչյան

 

 

 

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica