close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանամերձ Բաղանիսում էլ կյանքը դժվար է, բայց արտագաղթ չկա

Անտեսված ձայներ

14 Օգոստոսի 2014, 16:36
 Սահմանամերձ Բաղանիսում էլ կյանքը դժվար է, բայց  արտագաղթ չկա

 

Բաղանիսցի Սոնյա Բեգլարյանը  ընդարձակ տուն ունի , բայց վերջին շաբաթներին  հյուրասենյակի    պատի տակ` հատակին է քնում: Գիշերային  ոչ մի գնդակոծություն նրա տունը չի շրջանցում :

 «Ամբողջ գիշեր կրակեցին , էնա  ընդեղ փամփուշտը ծակեց, բայց չընկավ»,-ասում է տիկին Սոնյան և  ցույց  տալիս առաստաղի ճաքը: Բեգլարյանների տան պատերը լի են  հակառակորդի  հետքերով`  «լռված»  կամ տեղ հասած փամփուշտերով: 

«Աստված չանի դրանց տակով անցնեք, վզզզզ..». կինը հատկապես գիշերն ակտիվացող կրակոցների մասին խոսում է սարսափով, սակայն  սեփական տունը, որ ուղիղ ադրբեջանական դիրքերին է նայում ,  լքել չի պատրաստվում.

«Առաջին տունը հենց իմն ա , ոչ մի անգամ ոչ դուրս ենք եկել, ոչ դուրս ենք գալու»:

 

Գիշերը, որ ժամին, ում տունն է գնդակոծվել…. Բաղանիսի առավոտը բացվում է  քննարկումներով` գյուղի կենտրոնում և զայրույթով : Շատերը նկուղներում են պատսպարվում, մի քանի ընտանքիներ երեխաներին տեղափոխել են ավելի անվտանգ գյուղեր, դրանից էլ  այլ հարցեր են բացվում  .«Ուրիշի տանն ինչքան մնան , խոշոր ուտող էրեխեք են»,- Աննա Բայրամյանը  անորոշ այս վիճակից ելք է ուզում:

 

«Գյուլլեն գեղիցը դուրս չի գալիս »,-վերջին շրջանի իրավիճակն է ներկայացնում  Սուրիկ Ավագյանը:  Չդադարող կրակոցների պատճառով գյուղի հարյուր հեկտար վարելահողերը արոտավայրի ու խոտհարքի են վերածվել` այն էլ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ: Ութ հեկտար ցորեն ունեն, հնձել չեն կարողանում:  Մարուսյա Ղոզանյանը  գյուղի կենտրոնում   մոլորված - կանգնած  է. ութսունամյա ամուսինը կարտոֆիլի դաշտում է . «եկավ ոչ»,  կինն անհանգիստ է: Ամիսների չարչարանքը` բերքը հաճախ դաշտում է մնում : Բաղանիսցիներին մնում է  փառք տալ Աստծուն ` իրենց  մի բան չլինի…

 

Վերջին օրերին պարբերաբար  կրակաերթի տակ է հայտնվում  Երևան -Թբիլիսի  միջպետական ճանապարհի Ոսկեպար –Բաղանիս հատվածը :  Շրջանցիկ ճանապարհն էլ է հաճախ գնդակոծության  տակ: Երբ  սահմանագոտին  անհանգիստ է, գյուղացիներն իրենք էլ  զանգով, ձեռքի շարժումով կանխում  մեքենաների ռիսկային  երթևեկը :   

 

«Մեր հույսը բանակի հետ ենք կապում »,-ասում է գյուղամեջում նստած  Սուրիկ Ալեքսանյանը և պատմում բանակին օգնելու իրենց ցանկության մասին : Գյուղի տղամարդիկ  ջոկատ են կազմում : «Պատրաստ կսպասենք»,- ասում է Սուրիկ Ալեքսանյանը :

 

Գյուղապետ Նարեկ  Սահակյանն ինքն էլ հասկանում է  «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» . այս  անորոշ  վիճակն է հունից հանում մարդկանց . «Իմանան պատրազմ է, իրենց փայ գործը երկրի համար անեն, իմանան խաղաղություն է, անցնեն առօրյա գործերին »: Այնուամենայնիվ գյուղից այս անհանգիստ շաբաթների ընթացքում էլ հեռացողներ չեն եղել : Այս մասին համայնքապետը հաճույքով է խոսում. «Մեր բանակին ժողովուրդը   փոքր էրեխու պես սիրում ա ու վստահում»:

 

Երիտասարդ  գյուղապետը հույս ունի `կրակահերթերը ժամանակավոր են, բայց դրանց ավարտին չի սպասում ` երբ գործը գյուղի հոգսերը լուծելուն է վերաբերում: Այս շաբաթ սկսել են ոռոգման նոր ջրագծի անցկացումը : 54  հեկտար տնամերձ շուտով մշտական ջուր կստանա: Անցյալ տարի ջուր հասցրեցին գյուղի խաղողի այգիներին : Սեպտեբերից նախակրթարանը կընդունի  գյուղի  25 փոքրիկներին : «Յալգեզյան» հիմնադրամը , Շենը, ամերիկահայ բարերար Հարություն Կարմիրյանը  Բաղանիսի անդավաճան բարերարներն են:   Սակայն այս տարածաշրջանի գյուղերի մշտական այցելուն, աջակիցը պաշտպանության նախարարն է : Գյուղը սահմանային լարվածության այս օրերին այլ պաշտոնյա այցելուներ ունեցավ : Նարեկ Սահակյանը  նկատում է.  « Միշտ պիտի գան, ոչ թե լարված ժամանակ»:

 

Այժմ գյուղապետը միջոցներ է փնտրում հանդիսությունների սրահի կառուցման համար.. հարսանիք, բանակի քեֆ  անելու տեղ չունեն : Բաղանիսը գյուղապետին ոգևորում է հատկապես այն, որ արտագաղթ այստեղ չկա, ` ոչ կրակոցներից առաջ, ոչ  ընթացքում, ոչ էլ հետո : Անցյալ տարի հունիսին երկու ընտանիքներ  հեռացան ` Ռուսաստանում մշտապես հաստատվելու մտադրությամբ, բայց օգոստոսին վերադարձան:

 

Այս օրերին էլ զարմանալիորեն գյուղից չեն հեռացել հովեկները : Հիմնականում դպրոցահասակ երեխաներ, որ  Բաղանիս` տատիկ-պապիկի տուն են եկել ամառային արձակուրդն անցկացնելու :  Նրանց թեման էլ կրակոցներն են ,  իրար հերթ չտալով պատմում են   կռիվ կինոյի նմանվող արձակուրդի մասին : Ասացին ` հաջորդ տարի հանգստի ուղղությունը նույնն է լինելու. Բաղանիս:  Նրանցից ամենախորամանկը վեցամայ Արեն Հարությունյանն է  : Կրակոցներին հյուր գալու իր արկածախնդրությունը արդարացնում է միամիտ հայացքով ասելով . « Ես բան էլ չեմ լսում»:

 

 

 

 


Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica