close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոսկեպար-Ստարի Օսկոլ. քույր բնակավայրեր

Անտեսված ձայներ

14 Հուլիսի 2014, 18:25
 Ոսկեպար-Ստարի Օսկոլ.  քույր բնակավայրեր

«Շատ լավն ա իմ կյեղը, մատաղ իմ կյեղին»,-  ոսկեպարցի  Մարգո Ավետիքյանը գյուղ մտնող ծանոթ-անծանոթին այսպես է դիմավորում: Որ իր գյուղն անփոխարինելի է, վերջերս գլխի ընկավ: Մարգո տատիկի  բոլոր երեք տղաներն էլ Ռուսաստանում են: Մորն էլ են տարել՝ մշտական բնակության, չի դիմացել, փախել է: «Պառավ կնիկ եմ, ես ստի եմ կենըմ»,- Մարգո Ավտիքյանը փախուստն առանձնապես չի հիմնավորում: 

 

Ոսկեպարցի տատիկը գյուղամեջում  ում տեսնում՝ նույն  հարցն  է բարձրացնում` գյուղի հեռարձակող կայանը կա'մ թող  վերականգնեն, կա'մ իր տան կտուրին մի  «տարելկա» դնեն:  Մի խոսքով՝ «էն տարելկիցն եմ ուզըմ»: Գյուղամեջում  հավաքված երիտասարդները ժպիտով են վերաբերվում խնդրանքին: Տատիկի տղաները Ռուսաստանում լավ էլ գործի են՝ թող առնեն:

 

Դաշնության Վորոնեժ, Բելգորոդ , Ստարի Օսկոլ  քաղաքներում մոտ  600 ոսկեպարցի է ապրում:  Ոսկեպարցիներն այս թիվն անընդհատ մեծացնում են: «Աշխատանք չկա, ստիպված են գնում »,- ասում է Եղիշ Մաղսուդյանը ՝ նոր գնած «Պաջերո»-ի ղեկին նստած: Մեքենան  Ստարի  Օսկոլում աշխատած փողով գնեց: Մտքինը  մեքենան վաճառելն ու նորից մեկնելն է` էստեղ գործ չկա, ջահելների համար զբաղմունք չկա,  նույնիսկ զրույցի թեման են դժվարությամբ գտնում  «Թեման հըմի դուք եք, կգնաք, մի ուրիշը կգա, եմա կդառնա »,- կողքից հեգնում է Եղիշի ընկերը՝ Գրիգոր Ալավերդյանը:

 

Սահմանամերձ Ոսկեպարը  լքվել ու ծերանում է:Ա յսօր Բելգորոդի շրջանում ավելի շատ ոսկեպարցի է ապրում: «Իսկ պատերազմի տարիներին բոլորն էին էստեղ, ոչ ոք չհեռացավ»,- հիշում է Ոսկեպարի միջնակարգ դպրոցի դասվար Սուլթան Բադալյանը: Դպրոցը այդ տարիներին մի քանի հարյուր աշակերտ ուներ, այժմ 84 ն են: Պատերազմական ամենածանր օրերին էլ  դպրոցը գործել է:  Դասվար Բադալյանը չի մոռանում, թե ինչպես էին փորձում ցրել փոքրիկների վախը. «Կրակոցը որ շատ էր լինում, բարձր երգում էինք, որ էրեխեքը չվախենա..  Էդպես աշխատել ենք»:

 

Երեք որդիների մայրը միշտ էլ իր ու  երեք որդիների  ապագան Ոսկեպարում է փնտրել, բայց տղաներից երկուսն արդեն գյուղում չեն: Երկուսն էլ հայրենի սահմանի թեժ կռիվներին են մասնակցել: Մեծ որդին թնդանոթաձիգ էր: Հեռացավ , որովհետև հող մշակելով «չի ապրվում», ոռոգման ջուր չկա, գյուղտեխնիկա չկա, Ոսկեպարի դեղձի ու խաղողի դրախտային այգիները հիմա խոտհարքի են վերածվել: «Կռվին մինչև վերջ մասնակցել են, գործ չի եղել, գնացել են»,- ասում է Սուլթան Բադալյանը: Ոսկեպարում մնացել է միայն փոքր տղան: Մայրն ուզում է`  նա   ավագներին չհետևի, հեռանալու միտք չունենա, թոռները  Սերգեյն ու Սյուզին, մեծանան այստեղ՝ խաղաղության մեջ ու չհեռանան: Տիկին Սուլթանի կարծիքով`  գյուղը նախևառաջ հայ-ադրբեջանական հակամարտությունն է դատարկում:  Մարդիկ չեն հավատում, որ մի օր  այստեղ խաղաղություն է հաստատվելու: Հրադադարի խախտումները պարբերական են, ամեն կրակոցի հետ  հիշում են`  հակառակորդը  քթի տակ է, շնչես՝ կզգա: Անկանոն կրակահերթերը խորացնում են անվստահությունը հարևան Ադրբեջանի հանդեպ. «Ինչպես վստահ լինենք , որ Ադրբեջանն իր սև դեմքը ցույց չի տա, հիմա նենց բաներ են անում, չենք կարա վստահ լինենք»:  Թշնամանքի  վերջին օրինակը գերեվարված, ապա հայկական կողմին վերադարձված Մամիկոն Խոջոյանի չարչարված մարմինն է:  Տավուշցի ծերունուն խոշտանգումներն, ի վերջո, գերեզման տարան: Ոսկեպարցի ուսուցչուհին հիշում է, թե ինչպես էին  «այն տարիներին»  ողջ գյուղով խնամում ադրբեջանցի գերիներին. «Մեր գրասենյակում պահում էինք, հերթով տանում հաց տալիս»: Գյուղը ադրբեջանցի շատ գերիներ է տեսել: Իսկ ոսկեպարցի Սաշիկ Եգանյանը ադրբեջանական գերությունից այդպես էլ չվերադարձավ:  Չգիտեն` ողջ է , թե… Ընտանիքը` կինը, աղջիկներն ու տղաները սպասեցին, սպասեցին ու, ընտանիքի հորը երբևէ տեսնելու հույսը կորցրած,   իրենք էլ մեկնեցին Ռուսաստան:

 

Սուլթան Բադալյանը հեռացածների վերադարձին չի սպասում, քանի դեռ  խաղաղ կյանք չկա: Իսկ դրան այստեղ ամենաշատն են սպասում. « Ոչ ոք, ոչ մի մայր` ադրբեջանցի, թե հայ, չի ուզենա իրա էրեխուն մի բան լինի, ժողովուրդը երբեք պատերազմ չի ուզենա»:

 

Գյուղի աղբյուր մոտ Ոսկեպարի 36 տարվա գրադարանավարուհին է` Համասփյուռ Բադալյանը: Տունն է մատնացույց անում` հինգ անգամ գնդակոծվել է, հիմա նորից վերակառուցել են `«էրեխեքս, Ռուսաստանից»: Մայրը  հանգիստ է, որ իր տան ջահելները հեռու են կրակի այս գծից. «Անցած լինի, մեր ջահելները չտենան»:

 

Ոսկեպարը պատերազմի աշխարհագրության ամենաթեժ կետն էր: Հրադադարն էլ այստեղ չի լռեցրել կրակոցները: Բայց գյուղը գեղեցիկ, մաքուր ու փայփայված տեսք ունի: Ռուսաստանի ոսկեպարցիներն են օգնում հարազատներին էլ, գյուղին էլ: Աչքաթող են արել միայն դեպի Ղազախ տանող ճանապարհը: Այն, սակայն, դեռևս անանցանելի չի դարձել: 

 

Կ.Մելքոնյան

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica