close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պրոթեզով խաղաղության զոհը

Անտեսված ձայներ

8 Հուլիսի 2014, 10:53
 Պրոթեզով խաղաղության զոհը

Ամեն առավոտ նա արթնանում է մեկ ոտքի վրա: Հետո անմիջապես հագնում է երկրորդը: Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Անդրանիկ Զարգարյանն իր աջ ոտքը կորցրել է սահմանին՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, աչքի առաջ ոտքը փշրվեց ականի վրա պայթելիս: 10 տարի առաջ էր. «Հին ականներից էր` 90-ականներին շարած»:

 

 Մարզի սոցիալական ծառայությունը նրան անմիջապես մտցրեց 2-րդ կարգի հաշմանդամների շարքը, դա «դատավճռին» հաջորդող մուրճի հարվածն էր: «Առանց էդ էլ գյուղի կյանքը մի բան չէր, հաշմանդամ ես դառնում՝ վաբշե»,- «նոր» կյանքի առաջին զգացումներն է վերծանում Անդրանիկը: Առաջին օրերին նա դեռ «հիշում» էր իր աջ ոտքը, նրա գցած ամեն քայլը: «Միամորիկ» ոտքին նայելիս ամենից շատ դեռ չամուսնացած այս երիտասարդին սարսափեցրել էր այն միտքը, որ՝ վերջ, այլեւս ընտանիք չի կարող ունենալ: Հետո անվճար տվեցին մաշկագույն պրոթեզը եւ երիտասարդը տեսավ, որ «լավ է»: Հետո հանդիպեց սիրած աղջկան, «ամեն ինչ ընկավ հունի մեջ»: Արդեն երեխաներ ունի, տանը, սակայն, ինքն է ու մայրը, երկու երեխան մանկապարտեզում էին, կինը՝ նրանց հետ: Թվում էր, կյանքը կարծես թե ստացվում է սահմանամերձ Բերքաբերում, որի դիմացի լճի մյուս ափից անզեն աչքով երեւում են ադրբեջանցի ձկնորսները: Ասում է` «գնում ենք, նայում ենք, իրենք էլ են տեսնում, որ մենք ձուկ բռնելու ենք գնացել, իրենք էլ են իջնում մյուս կողմում, զբաղվում ձկնորսությամբ»: Մի անգամ նույնիսկ տեսել է, թե ինչպես են մյուս կողմում գյուղի տարեցները բարկացել զինվորների վրա, որ կրակում են: «Տեսանք, թե ոնց են գոռգոռում, թե խի ե՞ք կրակում: Իրենք էլ մարդիկ են, իրենք էլ մեզ պես պատերազմ չեն ուզում»,- ասում է Անդրանիկը:

 

Հետո եկավ հաջորդ հարվածը՝ նրա հաշմանդամության 2-րդ կարգը դարձրին 3-րդ կարգ: «Եթե կանտուզիա-մանտուզիա չկա, մենակ էդ ոտքն աչի հասնում»,- կարգազերծումը պատճառաբանել են Տավուշի մարզկենտրոնի պոլիկլինիկայում: Երեւանում այս «դատավճիռը» հաստատել են: Նշանակում է՝ հաշմանդամության թոշակն էլ պակասեցրեցին: Անդրանիկը դեռ պետք է գոհանա, որ պրոթեզը 4 տարին մեկ անվճար ստանում է: Երբեմն Երեւանից մարդիկ են գալիս համոզվելու՝ արդյո՞ք Անդրանիկը պրոթեզի կարիք ունի:

 

Այն ժամանակ էլ Անդրանիկն աշխատանք չուներ: Աշխատում էր այն հողերի վրա, որտեղ կորցրեց ոտքը: Հողերը հիմա ադրբեջանցիների հսկողության տակ են («Լրիվ մինավատ արած ա»,- քիչ հետո կասի Անդրանիկի հարեւանուհին՝ 60-ամյա տիկին Լուսյան), «գյուղում մեծամասնությունը անջրդի, քարքարոտ հողեր են, էդ էլ մի կողմից ա ժողովրդին խեղճացնում»: Անդրանիկի ընտանիքը՝ կնոջը, երեխաներին եւ մորը, պահում է 60-ամյա հայրը` արտագնա աշխատանքով: «Մեկ էլ` իմ թոշակի հույսին նստած»,-ասում է Անդրանիկը: Հիմա Անդրանիկը մտածում է Հայաստանից հեռանալու մասին. «Ոչ մի ապագա չեմ տենում երեխեքի համար, քանի գնում, էնքան ավելի եմ համոզվում»:

 

Անդրանիկին չի վախեցնում հայ-ադրբեջանական նոր պատերազմի մասին միտքը՝ ինչի՞ց վախենաս, պատերազմի վիճակ ա, էլի: «Մի 20 տարի վախի մեջ մնացի, վախն ինքնըստինքյան կորչում ա, մտածում ես՝ թող միանգամից սկսվի, իմանաս ինչ ա կատարվում, ավարտվի»,- «մաղթում» է նա:

 

Մայրը՝ Էմմա Արզումանյանը, հենց ադրբեջանցիների հետ «հարեւանության» վախից է հիվանդացել դիաբետով: «Կրակում են անընդհատ»,- ի տարբերություն Անդրանիկի, վստահեցնում է մայրը: Նրանց տունը ադրբեջանցիների աչքի առաջ է:

 

«Սահմանի ըռխումը կյանք չկա»,- դժգոհում է հարեւանուհին՝ 60-ամյա Լուսյա Արզումանյանը: Լուսյան գյուղապետարանի հավաքարարն է, ստանում է «կես ակլադ՝ 45 ռուբլի (45 հազար դրամ-Ս. Հ.)»: Հենց նա է փաստում, որ սահմանի մյուս կողմից հնչող կրակոցները տարբեր հիվանդությունների են «հասցրել» գյուղի կանանց: Տիկին Լուսյան տրոմբ ունի, աղեր, ճնշումը 220 է, խոլեստերինը շատ բարձր է, ներառյալ՝ թունավոր զոբը, «ամեն ինչը կրակոցների արդյունք ա»: Այս կինը տեղեկացնում է, որ գյուղի մեծ մասը տեղափոխվել է Իջեւան եւ այնտեղ վարձով է ապրում, «կրակոցներից փախնում են»:

 

Անդրանիկի մայրը՝ տիկին Էմման, վատ է տեսնում, սարսափով է մտածում, թե ինչ է լինելու որդու վիճակը իրենից ու ամուսնուց հետո: Պատերազմը եւ նոր պատերազմի հեռանկարը Տավուշի մարզի Բերքաբեր գյուղը դարձրել է անտառածածկ անապատ, բոլորի մտքում փախուստն է: «Բայց հնար չկա»,- ասում է տիկին Էմման: Ինքն այլեւս դուրս չի գա գյուղից, բայց չի ցանկանա, որ երեխաները մնան:

 

«Որդի', քինում ես` աղջիկ չեն տալիս, ասում են՝ կրակոցին աղջիկ տե՞նք տալ, քյա էրեխես սահման պահի՞»,- միջամտում է տիկին Լուսյան:

 

Մելանյա Ալիխանյանը գյուղի աղջիկ է, ամուսնացել է Իջեւանում, 5 ամսական երեխայի հետ հետեւում է երկու կանանց աշխույժ դժգոհություններին: Ինքը տվյալ պահին միակ նորածնով աղջիկն է Բերքաբերում. «Ես երկու ախպեր ունեմ, երկու հարս, ոչ մեկն էլ ստեղ չի»,- ասում է նա: 

 

Անդրանիկն այս զրույցներին օտար է: Տնից դուրս գալիս նա քայլում է հենց այն ուղղությամբ, որտեղից բացվում է կանաչով շրջապատված լիճը՝ դիմացը ադրբեջանական մի գյուղ, որտեղից օրական 5 անգամ բոլորին լսելի հնչում է մահմեդական աղոթքը՝ նամազը: Եվ քիչ հետո էլ հնչելու է այն: «Հլը չի եղել, որ նամազի ժամին կրակեն»,- հանկարծ ասում է Անդրանիկը: Հետո շարունակում է. «Էս խաղաղությունն էլ ա պրոթեզով, մենակ գիշերը չեն կրակում»:

 

Միայն այդ ժամանակ եմ հիշում, որ, ախր, նա մեծ զորավարի անունն ունի: Իսկ փնտրածը դատապարտվածությունից դուրս պրծնելն է:

 

Սեյրան Հանոյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica